Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՄրցակցային միջավայրի ձևավորման, մրցույթների թափանցիկության ապահովման նպատակով անցկացվող հավաքների շրջանակում մարտի 2-ին պաշտպանության նախարարությունում կայացել է հերթական հանդիպումը, այս անգամ՝ իրային ապահովման ոլորտում ապրանքներ ու ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ։ Հանդիպումը նվիրված էր ՊՆ կարիքների համար հայտարարվող մրցույթներին մասնակցելու հիմնական պահանջների ու պայմանների, խնդրահարույց հարցերի և իրավական ընթացակարգերի քննարկմանը։

«Այս հանդիպումների գլխավոր նպատակն է, որ ե՛ւ հանրությունը ե՛ւ հայտարարվող մրցույթներին մասնակցող ընկերությունները համոզված լինեն՝ զինված ուժերում չկա որևէ ապրանքատեսակ կամ ծառայություն, որի մատակարարումն իրականացվում է հովանավորչության միջոցով: Մենք բացառում ենք նման երևույթները: Դաշտն ազատ է մրցունակ գին և որակյալ ապրանք կամ ծառայություն առաջարկող ընկերությունների համար»,-վստահեցրել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը:

Դիմելով հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ ՊՆ-ում գործում է թեժ գիծ՝ ի հայտ եկած խնդիրներն արագ լուծելու համար:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ«Բոլոր գործարարներին հորդորում ենք՝ եթե կլինեն բուն մրցութային գործընթացին առնչվող անհասկանալի հարցեր, ինչպես նաև ապրանքների ընդունման-հանձնման, ապրանքների տեխնիկական բնութագրերի կամ վճարումների հետ կապված որոշակի խնդիրներ, պարտադիր զանգահարել թեժ գիծ կամ գրություն ուղարկել ՊՆ»,- ընդգծել է նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է առաջիկայում կայանալիք մրցույթներում ընդգրկված ապրանքների ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ դրանց ճիշտ լրացման կարգը: Կարեն Կարապետյանը փաստել է, որ նմանօրինակ հանդիպումներն արդեն իսկ դրական արդյունք են տալիս: Այդ մասին է վկայում մրցույթներին մասնակցել ցանկացող ընկերությունների թիվը, որը գնալով աճում է. «Մարդիկ աստիճանաբար համոզվում են, որ սրանք լոկ խոսքեր չեն, այլ կատարվում է ամենօրյա հետևողական աշխատանք, և իրականացվում է խիստ վերահսկողություն, որպեսզի իրականում ունենանք մրցունակ գին ու որակյալ ապրանք»:

Հավաք-հանդիպումը եզրափակվել է իրային ապահովման ոլորտի հնարավոր մատակարարների բարձրացված հարցերի քննարկմամբ։

Խորագիր՝ Նորություններ


03/03/2017