ՄԻԱՑՅԱԼ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏ` ԵՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ
Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը հանդես են եկել Եվրամիության զինված ուժերի միացյալ հրամանատարական կետ ստեղծելու առաջարկով: Համապատասխան պաշտոնական հայտարարությունը ստորագրել են 3 երկրների արտաքին գործերի նախարարները:
Գերմանական ԱԳՆ-ում նշել են, որ հակամարտությունների ավելացման, առանձին երկրների հնարավորությունների սահմանափակության, ճգնաժամերի հաղթահարման գործում ԵՄ հանդեպ առկա վստահության պայմաններում միացյալ շտաբի ստեղծումը առավել քան անհրաժեշտ է:
Նախագծի առաջքաշման համար հիմք է ծառայել ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի զեկույցը, որում ներկայացվել է ԵՄ շրջանակներում ռազմական համագործակցությունը կատարելագործելու մի քանի տարբերակ, այդ թվում` միացյալ զինվորական շտաբի ստեղծումը:
Գաղափարին կտրուկ դեմ է արտահայտվել Մեծ Բրիտանիան: Երկրի պաշտպանության նախարարը ծրագիրը չափազանց թանկարժեք է համարել, բացի այդ, նրա կարծիքով դրա իրականացումը կհանգեցնի ՆԱՏՕ-ի գործող հրամանատարական կառույցների կրկնօրինակմանը: