Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԻԵՎԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԽԱՓԱՆՎԵՑԻՆ



ԱԼԻԵՎԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԽԱՓԱՆՎԵՑԻՆԱրցախի հետ շփման գծում իրավիճակը սրելով՝ Ադրբեջանը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: Պատահական չէ, որ ադրբեջանական զինված ուժերն ակտիվացան նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի՝ երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու հրամանից հետո: Ադրբեջանի ներքին գործերի նախարարն էլ (Ալիևի խնամիների՝ Փաշաևների կլանից) սեփական որդուն նշանակեց իր տեղակալ: Այս նշանակումները հասարակության շրջանում լուրջ դժգոհության առիթ դարձան։

Իլհամ Ալիևը մի քանի նպատակ էր հետապնդում: Նա մտադիր էր կնոջը նվեր մատուցել՝ ռազմական հաջողություն արձանագրելով Արցախում: Միաժամանակ սահմանային լարված իրավիճակը հնարավորություն է տալիս երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել՝ ավելի կենտրոնացնելով իշխանությունը: Բացի այդ, նման քայլերով Ալիևը ցույց է տալիս, թե կարգավորման գործող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը սպառել է իրեն, սակայն հայ դիրքապահները խափանեցին Ալիևի ծրագրերը: Ադրբեջանցիների հարձակումը անփառունակ վախճան ունեցավ: Կորուստներն այնքան շատ էին, որ ադրբեջանական զինված ուժերում նույնիսկ խուճապ սկսվեց: Ալիևի քարոզչամեքենան հայտնվեց զավեշտալի իրավիճակում՝ չիմանալով, ինչպես տեղի ունեցածը ներկայացնել հանրությանը: Առայժմ սահմանափակվել են զոհվածների մասին հրապարակումներով և հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքներով: Ռուսաստանի հետ բանակցություններում որևէ արդյունքի հասնելու համար Ադրբեջանը կամ պետք է կրկնի ապրիլյան արկածախնդրությունը և փորձի դրանով բարձրացնել իր խոսքի արժեքը, կամ պետք է կատարի Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումները:

Ինչպես միշտ, այս անգամ ևս Բաքվին օգնության եկավ Անկարան: Ցավակցելով Ադրբեջանի հանրությանը՝ Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել «հետևել զինադադարի ռեժիմին և դադարեցնել ագրեսիան»: Իրականում Թուրքիան նույնպես շահագրգռված էր ռազմական գործողությունների վերսկսմամբ, որպեսզի Ռուսաստանի ուշադրությունը շեղի Սիրիայից:

Իլհամ Ալիևը պատրաստվում է մոտ ժամանակներս մեկնել Անկարա: Անցած շաբաթ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն արդեն հանդիպել են Պակիստանում: Նոր հանդիպման ժամանակ էլ կհամաձայնեցնեն հետագա անելիքները: Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ ներքաշվելով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, Թուրքիան կհավասարեցնի ուժերի հավասարակշռությունը և կհակազդի Ռուսաստանին:

Նոր արկածախնդրության դեպքում, մանավանդ Թուրքիայի մասնակցությամբ, Մոսկվան կարող է հեղաշրջում կազմակերպել Ադրբեջանում: Այժմ ի հայտ են գալիս ներքաղաքական նոր խոշոր խաղացողներ, և Իլհամ Ալիևը նաև ստուգում է Մոսկվայի դիրքորոշումը, մոբիլիզացնում իր ընտանիքի բոլոր ուժերը:

Ներկայումս Ադրբեջանը խոր տնտեսական ճգնաժամի մեջ է. աճում է գործազրկության մակարդակը, կրճատվում են ներդրումները, պետական ծախսերը գերազանցում են եկամուտները, նպաստները, թոշակներն ու աշխատավարձերը վճարվում են ուշացումով: Ավելի ու ավելի հաճախ են հիշատակվում տարբեր ահաբեկչական խմբավորումների հարող ադրբեջանցիների անուններ: Ահաբեկիչները գործում են նաև ադրբեջանական բանակում՝ պետական ամենաբարձր հովանու ներքո:

Եվ այս պայմաններում Մեհրիբան Ալիևային փորձում են ներկայացնել որպես Հեյդար Ալիևի գաղափարական ժառանգորդ, այսպես ասած՝ ազգի փրկիչ: Հենց Հեյդար Ալիևն է մեղավոր Ադրբեջանի ներկայիս տնտեսական վիճակի համար: 90-ականներին նա երկրի տնտեսությունը կենտրոնացրեց նավթա-գազային ոլորտի սպասարկման վրա՝ չստեղծելով այլընտրանք: Միաժամանակ Ղարաբաղյան հիմնահարցը երբեք չի եղել Հեյդար Ալիևի գերակայություններից. նա նույնիսկ որոշակի փոխզիջումների դիմաց պատրաստ էր ճանաչելու Արցախի անկախությունը, բայց Ղարաբաղյան հիմնահարցը նրան պետք էր իր ընտանեկան իշխանության ամրապնդման, որդուն նախագահական պաշտոնը հանձնելու համար: Այդ գործելաոճը շարունակում են նրա որդին և հարսը: Նրանց ևս Արցախյան հիմնահարցը պետք է իշխանությունը պահելու, ազգաբնակչությանը պատերազմի վերսկսման վախի մեջ պահելու, հերթական դիվերսիայից հետո արտակարգ իրավիճակով սպառնալու համար: Օրինակ՝ վերջին բախումից հետո սկսվել են ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրատվամիջոցների բռնաճնշումները, արգելափակվել է բանակում իրավիճակի կամ զոհերի մասին ցանկացած տեղեկատվություն:

Այս ամենից ելնելով՝ Իլհամ Ալիևը կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը շփման գծում:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Տարածաշրջան


09/03/2017