Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂԱՆԴԱՀԱՐ



Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ՂԱՆԴԱՀԱՐԱֆղանական պատերազմը մեր սերնդի համար ողբերգական էր ոչ միայն խորտակված կյանքերի ու ճակատագրերի, այլեւ բարոյական փլուզման առումով, քանի որ հօդս  ցնդեցրեց խորհրդային բազմազգ պետության միասնականության սին գաղափարը՝ ի հայտ բերելով համակարգի նեխած լինելը, որի «անկորնչելի արժեքներին» հավատացել կամ գոնե կամեցել էինք հավատալ։ Բանակ զորակոչված 18-20 տարեկաններից շատերը, որոնք, հարազատ բանավանից, խուտորից կամ թե աուլից բացի, ուրիշ ոչ մի աշխարհագրական տարածքում չէին եղել, ծանոթ չէին միացյալ հայրենիքի ներսում այլազան ազգերի ու ազգությունների իրենց հետ համատեղ գոյակցությանը՝  կենցաղավարությանն ու սովորույթներին։ Եվ մի օր էլ, կտրվելով ծննդավայրից, հայտնվում էին ցեղային, կրոնական ու ազգագրական բազմաշերտ շաղախով  այնպիսի խառնարանում, որտեղ ոչ ոք ոչ մեկի մասին լիարժեք բան չգիտեր, ավելի ճիշտ՝ ոչինչ չգիտեր, ո՛չ լսել էր, ո՛չ տեսել։ Զոր օրինակ Հայաստան, հայ հասկացությունները, որ հաճախ զավեշտալի տարակարծությունների տեղիք էր տալիս այլազգի զինակիցների շրջանում։ Որտե՞ղ է գտնվում Հայաստան երկիրը՝ հյուսիսո՞ւմ, թե հարավում, ի՞նչ հավատ են դավանում հայերը՝ քրիստոնյա՞ են, թե այլադավ, ի՞նչ փողով են առեւտուր անում… Եվ երբ զոհեր էին լինում, նախ՝ հարցնում էին` սպանվածը իրենցի՞ց է, թե օտարներից, հետո միայն ցավակցում էին զոհվածի հայրենակիցներին՝ մարդկային խղճմտանքից դրդված եւ ոչ թե «եղբայր ժողովրդի հանդեպ տածած ջերմ զգացումից»։ Նրանց համար աֆղանական պատերազմը ոչ թե «ինտերնացիոնալ պարտքի» հայրենանվեր կատարում էր նշանակում, այլ, ամեն ինչից անկախ, սեփական ժողովրդին հասցվող անդառնալի վնաս՝ վշտալի վիճակագրություն: Ծանր ՓԱՍՏ, որի ամբողջ՝ ահագնացող դառնությունը տարիներ անց պիտի ճաշակեին՝ ոչ մի կերպ գլուխ չհանելով… Այդպես էլ բաժանվում էինք իրարից՝ մեկմեկու դեռեւս չճանաչած, սակայն մեկընդմիշտ իրար կորցնելով։

…Մեր առանձնազրույցների ժամանակ Պաշկան միջակ աշակերտի հարցասիրություն էր ցուցաբերում. ի՞նչ բանջար ու միրգ է աճում Հայաստանում, գետում ձուկը մա՞նր է, թե մեծ եւ կամ՝ ի՞նչ տեսակ ծառ ու թուփ է աճում, ի՞նչ կարգի վայրի ու ընտանի կենդանիներ են վազվզում քրիստոնյա հայերի երկրում։ Ես էլ չէի զլանում բավարարել հետամնաց ընկերոջս անմեղ հետաքրքրասիրությունը։

-Վիննի՛, դու երբեւէ լսած կա՞ս, թե ինչ է ծիրանը։

-Երեւի բանջարաբոստանային ինչ-որ կուլտուրա,- գուշակեց նա։

-Մեղք ես, ախպերս, էդպես տգետ էլ աշխարհից կվերանաս։

-Մարդավարի խոսելո՞ւ ես… զարմացրիր էլի,- սրտնեղեց Պաշկան։

-Դե, ուրեմն իմացի՝ ծիրանը վարունգ չի, որ թթու դնես, ոչ էլ կարտոֆիլ կամ կաղամբ, որ ձկան հետ մատուցես։ ԾԻՐԱՆԸ բոլոր մրգերի թագուհին է, մեր՝ հայերիս լինելության խորհրդանիշը, հասկանո՞ւմ ես… Չէ՛, ոչինչ էլ չես հասկանում… Ախր, աշխարհում ուրիշ ոչ մի տեղ պտղի մեջ այնքան արեւ չկա, ինչքան մեզ մոտ՝ Հայաստանում՝ ծիրանի մեջ։ Դուք տարին հաջողակ եք համարում, երբ ցորենն ու կարտոֆիլն են առատ լինում, իսկ մենք քաղցրահամ միրգ ու բարիքով ենք չափում մեր ամբարները, շա՜տ ափսոս, որ չես տեսել ծիրան…

-Ես, մեր բոստանի տանձ-խնձորից ու մեկ էլ թթու շլորից բացի, էստեղ է, որ նուռ ու խաղող եմ տեսել,- խոստովանեց Վիննին։

-Է՜խ, Պաշկո, հիմի էնպես նկարագրեմ, որ աչքդ էլ տեսնի, համն էլ առնես, աչքերդ փակի ու ինձ լսի։ Ծիրանը՝ ոնց որ մատղաշ կույսի ամոթույք՝ իր հեշտալի-ժպտացող ծիրով, որ կիզիչ արեւից հղանալով՝ հասունանո՜ւմ, հասունանո՜ւմ, ճաքում է կնոջ պտուկի պես…

-Պա՛հ, պա՛հ, դու էլ բան հորինեցիր. մեզ մոտ՝ Կարպատներում,  դարավոր կաղնիներ կան՝ «Камаз»-ը միջով կանցնի, անտառում գորշ արջ կա… վախից տակդ կանես, գետում բոյիցդ մեծ ձկներ կան՝ համ ու հոտից չես կշտանա,- ազգային ընդգծված արժանապատվությամբ վիճարկել սկսեց Վիննին՝ չզիջելով առաջնությունը։

-Հա՛, ճիշտ է, համ էլ ցեղական ցուլեր եք աճացնում…

Ավագ սերժանտ Պավել Վիննիչենկոյի համոզմամբ` ազգային հզոր նկարագրի կարեւոր չափորոշիչներ էին դարավոր-հաստաբուն ծառերը, լայնահուն-ջրառատ գետերը, ինչպես նաեւ զանազան կատաղի կենդանիների խմբերը… Եվ որքան մեծ ու ահարկու, այնքան ավելի պատկառանք (սարսափ) ներշնչող, ինչից նույնիսկ կարող ես… Միով բանիվ, ըստ Պավել Վինիչենկոյի տեսության, այն ամենը, ինչը աշխարհստեղծման օրից առավել ծավալվելով ու փարթամանալով՝ բաժին էր հասել այս կամ այն բնաշխարհին պատկանող որոշակի ցեղախմբի, նշանավորում, բարձրացնում էր նրան մյուս բոլոր ազգերից։ Եվ խոսք անգամ լինել չէր կարող «մանր-մունր» բաների մասին, որոնք հաճախ իրենց նվազ ձեւի մեջ անհամեմատ զորեղ ու արժեքավոր (մնայուն) հատկանիշներ են պարունակում։ Այսուամենայնիվ՝ «որքան մեծ, այնքան ազդեցիկ» նշանաբանով առաջնորդվող կարծրամիտ ընկերոջս համոզել հակառակը, միեւնույն էր, թե ապացուցեի, որ ժամանակին մի խենթ ծերուկ կշրջեր Երկիր մոլորակը, եթե հենման կետ ունենար… Ես ու Պաշկան կապվել էինք իրար. մենք երկուսս էլ մեր խառնվածքային, մտածելակերպի բացահայտ ներհակությամբ լրացնում էինք միմյանց։ Իմ՝ երբեմն սարկազմի հասնող ուղղախոսությունը հանդուրժելու Վիննիի անոխակալությունն ինձ բարուրում էր այն երեսառած պատանու ամբարտավանությամբ, ով կարծում է, թե իշխում է իրենից առնվազն երկու անգամ մարմնեղ, աժդահա ընկերոջ հույզ ու զգացմունքների, մտքի զարգացման վրա, որն էլ իր հերթին դիմացինի  «թուլության» մեջ էր փնտրում իր հոգու բացակա գույները։

-Մի բան եմ ուզում հարցնել, Վաչիկ, մենակ թե չխաբես,- աչքերիս մեջ հարցախույզ նայելով՝ դիմեց Պաշկան։

-Կասեմ՝ ինչ մտածում եմ։

-Ո՞նց մարդ եմ ես։

Մարդկայնության սաղմերը սկսել էին ծիլ տալ։

-Աստված քեզ նմանից ազատի,- ասացի «անկեղծ»։

-Ես գուցե կյանքումս առաջի ու վերջի անգամ եմ հարցնում, իսկ դո՞ւ…- Նրա ձայնը հուզմունքից դողաց։ -Ինձ համար կարեւոր է իմանալ քո կարծիքը…

-Գլխումդ խելքի կտոր չկա,- խղճացի նրան։ -Հիշո՞ւմ ես այն օրը, երբ Սատանի կամրջին հարցրի՝ քրոջս հետ կամուսնանա՞ս։

-Հա՜, հիշում եմ, հետո ինչ,- դժկամեց նա։

-Հետո չոռը քո պինչ. հենց մենակ էն, որ գլուխդ մտնի, իմացած լինես՝ մենք մեր կանանց երբեք ու երբեք ոչ ոքի չենք առաջարկում՝ ո՛չ ուղղակի իմաստով, ո՛չ էլ այլաբանորեն, իսկ ես հիմարաբար առաջարկեցի, որովհետեւ կարծում եմ, որ էնքան էլ գարշելին չես, եւ հույս կա, որ վերջապես մարդ կդառնաս, թե որ ինքդ քեզնից ձեռ չքաշես։

-Շնորհակալ եմ, Վաչիկ, շնորհակալ եմ… սիրտս տեղը գցեցիր։ -Թվում էր՝ նա ինքն էլ սրտանց հավատում է, որ դեռ ոչինչ իր կյանքում անդարձ կորած չէ, որ դեռ կհասցնի չարակնել մարդկության՝ աշխարհի դեմ։ -Տա Աստված, քեզ հետս մեր տուն կտանեմ, Ղանդահարի ցավն ու չոռը ջանիցդ էնպես հանեմ, որ բերանդ բաց մնա։ -Ակնհայտորեն սպասվածից բարձր գնահատանքի արժանանալով՝ ասես տոգորվել էր իմ բոլոր քմայքներն ու ցանկությունները կյանքի կոչելու պատրաստակամությամբ։ -Փակիր աչքերդ, Վաչիկ, հիմա ֆոկո՜ւս  կլինի։ -Ակամա ենթարկվեցի նրա կամքին, եւ Վիննին դանդաղ քթիս հագցրեց արեւային մի ակնոց։ -Ակնոցը կախարդական է, հենց որ դրեցիր, քո ամեն ուզածը կիրականանա,- զվարճախոսեց բարի մոգի պես։

-Ուզում եմ,- չհամբերեցի,- նորից տեսնել «քրոջս աչքերը»։

-Համա թե թարս մա՜րդ ես…, – տարակուսանքով թոթվեց ուսերը,- մեկ ուրիշը քո փոխարեն մի կարգին բան կցանկանար, իսկ դու շարունակ նույն երգն ես երգում՝ ճպռոտ աչքե՜ր, ճպռոտ աչքե՜ր…

 

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՊԱՎԵԼ ՎԻՆՆԻՉԵՆԿՈՅԻ

 

… Ֆոկուս-մոկուս

 

Հոսպիտալացվելուս երրորդ շաբաթը նույնպես տաղտկալի, միապաղաղ սկսվեց, ու թեեւ Վիննիի նվիրած ակնոցը, մինչեւ մութն ընկնելը, չէի հանում աչքերիցս, մեկ է՝ մինչեւ օրս ոչ մի ուշագրավ, էլ ուր մնաց՝ արտառոց իրադարձություն կամ թե, բան է, դիտարժան որեւէ «հայտնություն» տեղի չէր ունեցել: Նախորդ բոլոր օրերի նման փշալարերի շվաքին նստած՝ ձանձրույթ ու լքվածություն էի մարմնավորում՝ մտքումս անընդհատ որոճալով. «Ֆոկուս-մոկուս, ֆոկուս-մոկուս…»:

-Սալամ, հրամանատար, ես Նուդդինն եմ,- մեկ էլ հանկարծ ականջիս տակ լսվեց ինչ-որ մեկի ճոռոմ ձայնը, երբ հետճաշյա քունը դեռ չթոթոված՝ նորից նստել եւ համառորեն սպասում էի հրաշքի:

Բացելով աչքերս՝ ակնոցի աղջամուղջի միջից տեսա փշալարի հակառակ կողմում ուղիղ դիմացս տնկված մի աֆղանցի տղայի՝ տասը-տասներկու տարեկան, հագին ցեցը կերած դեսանտայինի զոլավոր մայկա եւ տրիկոյի կարկատված անդրավարտիք, որը հիվանդանոցային հնոտի էր հիշեցնում: Կանգնել եւ աստվածանարգ ժպիտով ինձ էր նայում: Նրա քրջոտ տեսքից զզվանքի խղճահարություն առաջացավ մեջս. դատելով նրա արտաքինից՝ ինչ-որ մեկը, տղային արարելիս, հաստատ երեւակայության պակաս էր ունեցել:

-Ի՞նչ ես ուզում, լակոտ,- շպրտեցի անտարբեր եւ իսկույն էլ ինքս ինձ խորշանքով նկատեցի. «Էս էլ քեզ ճպռոտ աչքեր»: «Էս էլ քեզ հրա՜շք…»։

-Ես Բուրխանուդդին Լաֆրայն եմ,- պոռոտախոսեց տղան:

– Իսկ ես՝ Ռուստամ Զալը, կորիր գրողի ծոցը:

-Է՜հ,- ծամածռվեց նա,- ես Ֆարուխ Լաֆրայի որդին եմ, տեղը չբերի՞ր, հրամանատար: -Զինվորականության նկատմամբ անխտիր միեւնույն կոչականի գործածությունը թերեւս հաստատումն էր նրանց ժառանգական կապի: -Իմ հայրը պատվական անձնավորություն է, լավ մարդուն միշտ էլ կհարգի: -Մի պահ կարկամեց՝ հավանորեն հիշելու, թե էլի  ինչ պիտի ասեր, ապա խորոզավարի եզրափակեց: -Հայրիկը չի մոռացել հրամանատարին եւ հրավիրում է մեր տուն՝ չայի:

-Էդ ես չեմ, ինձ ուրիշի հետ ես շփոթել… հրամանատա՜ր…

-Ոչ մեկի հետ էլ չեմ շփոթում,- թարսվեց տղան,- Պաշա հրամանատարն ինձ ցույց տվեց քո տեղը, համ էլ դու նոր մարդ ես, քեզ առաջ չեմ տեսել մեր կողմերում:

Բուրխանուդդին անվանվող անապատի այս խլեզը, որին հոսպիտալի տարածքում բուժանձնակազմն ու հիվանդները կրճատ Նուդդին էին կանչում, Նասիմեի եղբայրն էր՝ Ֆարուխ վաճառականի որդին՝ խարտած ատամներով խաչագողի մեկը, որի հետ լեզու գտնելը էնքան էլ հեշտ բան չէր, քանի որ մեկ ու կես արշինանոց սատանի ճուտը մարդկանց լավ ու վատ տեսակը տարբերակելու հարցում առաջնորդվում էր «նախ՝ ցույց տուր գրպանիդ պարունակությունը, հետո կխոսենք» սկզբունքով: Նուդդինը հատկապես ցանկալի հյուր էր հիվանդ եւ վիրավոր զինվորների մի «որոշ դասի» շրջանում, որոնց համար ժամանակ առ ժամանակ կասկածելի ծառայություններ էր կատարում մի քանի տուփ խտացրած կաթի, խոզապուխտի կամ հրափոխանցիկ քուղի, ազդանշանային հրթիռի ու էլի ինչ-որ զիզի-բիզի բաների դիմաց՝ բերելով հաշիշ կամ խաշխաշ… Եվ երբ մութը վրա էր հասնում, ինչ-որ տեղ՝ ավազաբլուրներից անդին Նուդդին կոչված զոլավոր չարքը սկսում էր փորձարկել իր արսենալը՝ սարքելով իսկական մայիսմեկյան հրավառություն: Առավոտյան դարձյալ հայտնվում էր խանձած աչք-ունքով. ճիշտ եւ ճիշտ խանձած կատու:

-Ուրիշ ի՞նչ ասաց քո էդ Պաշա հրամանատարը,- մի նոր «հայտնություն» նախազգալով՝ հարցրի նրան։

-Ասա՜ց… ասա՜ց… որ քրոջս հավան ես…- կմկմաց ինչ-որ բանից նեղված:

«Կախարդական ակնոցը» գործում էր։

♦♦♦

Ֆարուխն իր զավակներով  բնակություն էր հաստատել մի լքյալ, եռահարկ շինության մեջ, որը նման  էր Կարմիր խաչի առաքելության կացարաններին՝ բոլոր կողմերից սպիտակով փչված, եւ որը մենք՝  բրեժնեւ-գորբաչովյան  գենսեկության տարիներին հասակ առածներս, «Սպիտակ տուն» էինք անվանում՝ պատկերացում չունենալով ո՛չ շենքը կառուցողների, ո՛չ էլ կառույցի նախնական նշանակության մասին։ Սպիտակ տունը գտնվում էր վերստացույց սյան մոտ՝ իմ նստած տեղից մոտ երեք հարյուր մետրի վրա, դեպի ուր հայացքս թեքելիս օրվա միեւնույն ժամին տեսադաշտումս լողում էր միեւնույն հնամաշ-հովվերգական տեսարանը։ Ցերեկվա շոգից թլֆած այծերն ու ոչխարները, դունչները իրար քամակ խոթած, մակաղում էին շենքի դիմաց՝ կավահող մազրաներում, որտեղ խաղողի վազերի տակ թազնում էին արնախում գամփռները, մինչեւ որ կերեւային ինչ-որ մարդիկ, եւ ամենքը, սեփականության իրավունքով, իրենց այծ ու ուլի հետ կքաշվեին Սպիտակ տան անձնական հարկաբաժինը։ Իսկ թե համակեցության ինչպիսի՞ պայմաններ էին նրանց կացարաններում, դժվար չէր պատկերացնելը, ուստի Ֆարուխ Լաֆրայի հրավերով առանձնապես չգայթակղվեցի։ Այնինչ, անկարող էի զսպել իմ այն ներքին, անկառավարելի մղումը, որ խթանում, հրահրում էր թաքուն տենչերս, որոնք ծնում էին մեղսալի երազներ՝ քուն թե արթուն… Հաճախ էր ինձ թվացել, թե աննշմար մի ոգի գիշերով գալիս, հպվում է վրանիս պատուհանին ու ականջ դնում հիվանդ մարմնիս եռքից տվայտող սրտիս զարկերին եւ կրկին անէանալով՝ շուրջը սփռում էր անհույս սիրո բերկրանք ու թախիծ… որ խուլ գիշերվա մեջ ասես սվսվում էր հեշտալի սյուքի վախվորած հանգով. «Նա՜սի՜մե՜…»։

Ի վերջո, ընդունելով Ֆարուխ Լաֆրայի հրավերքը,  հոժարեցի երեկոյան անվանականչից հետո պայմանավորված տեղում հանդիպել Նուդդինին, որպեսզի հենց նա էլ ինձ առաջնորդի Սպիտակ տուն։

-Իսկ ի՞նչ կտաս,- սակարկեց պստիկ չարքը։

-Մի սիլլա, մի քացի,- խոստացա։

-Ի՜՜…,- հոտեց տղան։

-Բա՜,- հուսադրեցի ես։

-Դե լա՜վ, հետո կտա՛ս…

 

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Հոգևոր-մշակութային


09/03/2017