ԲԱՐՁՈՒՆՔԸ ՄԵՐՆ Է
Գուրգենը Հայրենիքի փրկության զոհասեղանին դրեց ամենաթանկը՝ կյանքը: Գուրգենն իր քաջությամբ ցույց տվեց, որ մարտական ոգին, հայրենասիրությունը, քաջությունը կարող են շատ ավելի հզոր լինել, քան ռազմական տեխնիկան, զորքի թվաքանակը: Նա բանակին տվեց ինչ կարող էր՝ սեր, հավատ, վստահություն:
Այսօր հերոսի օջախում հասակ է առնում նրա թոռը` 7 տարեկան Գուրգեն Արշակյանը, որը ամեն ինչում նման է իր պապին…
1994 դեկտեմբերի սկզբից Օմարի լեռնանցքում մարտերը թեժացել էին: Կատաղի հրետակոծությունից սևացել էին Օմարի ձյունաճերմակ բարձունքները: Խուճապահար նահանջող թշնամին չէր կարողանում հաշտվել պարտության մտքի հետ: Ադրբեջանական զորքը խառնամբոխի նման փախչում էր…
Հակառակորդի նշանակետերը հետախուզելուց, նրա տեղաշարժի վերաբերյալ տվյալներ հաղորդելուց հետո Գուրգենը դիրքավորվում է ամենավտանգավոր տեղում՝ Օմարի ամենաբարձր գագաթին, որը մշտապես կրակի տակ էր: Մարտի վեցի առավոտյան թշնամին լայնածավալ հարձակում է սկսում: Ազերիները մեծ ուժերով գրոհում են դիտակետի ուղղությամբ, որտեղ դիվիզիոնի հրամանատարն էր ու նրա զինվորը՝ շարքային Սասուն Ուդումյանը, որը զորամասում հայտնի էր իր համարձակությամբ ու աներևակայելի ֆիզիկական ուժով: Պատմում են, որ հենց Սասունն է, որ անտեսելով վտանգը` Օմարի լանջով իջել էր թշնամու կողմը, արձակել ու մեր կողմն էր քարշ տվել ժայռից կապված հարյուր հիսուն մետրանոց այն պարանը, որով թշնամու զինվորները բարձունք էին մագլցում:
Մարտը ավելի էր թեժանում: Գործի դնելով գնդացիրը` հրամանատարն իր զինվորի հետ մարտի է բռնվում հարյուրապատիկ անգամ գերազանցող ուժերի դեմ: Քանի-քանի անգամ, մարտի ամենաթեժ պահին, նա հաղթ հասակով մեկ բարձրանում է խրամատից ու գնդացրի կրակով մաղում մեր դիրքի ուղղությամբ կենդանական բնազդով շարժվող ելուզակներին, հետն էլ հպարտ-հպարտ ասում` «Ծո, ըդոնք ինչ են օր, որ ըդոնց զարգած գնդակն ընձի կպնի»:
…Թշնամու արձակած արկի բեկորներից վիրավոր վիճակում անգամ, նրանք շարունակում են հերոսաբար կռվել՝ անառիկ պահելով բարձունքը: Թշնամին մեծաթիվ կորուստներ տալով նահանջում է: Հրե կարկուտն անգամ ի վիճակի չէր լռեցնելու քաջ սպային: Գլխից, թևից ու ոտքերից վիրավոր հրամանատարը մարտադաշտից իրեն դուրս բերած զինվորին հարցնում է, թե՝ ինչ պատահեց իրեն, ինչու չի կարողանում կանգնել…
Վիրավոր սպայի սիրտը բաբախեց ևս երեք օր:
Զորամասը հսկող բլրի վրա, եռագույն դրոշի ներքո հանգչում է դեռ երեսունը չբոլորած հերոս հրամանատարի մարմինը:
Պատմում է կինը՝ Կարինե Արշակյանը
1994 թվականի փետրվարին (թեև նոր էր տուն եկել), իմանալով, որ հերթական հերթափոխի մեկնող համածառայակից սպան հայր է դարձել, նրա փոխարեն ինքը մեկնեց ճակատ: Երբ հրաժեշտ տվեց ինձ, վեց տարեկան Գրիգորին ու երեքամյա զույգերին՝ Սաթենիկին ու Նարեկին, մի անըմբռնելի թախիծ կար նրա աչքերում: Երկար-երկար նայեց որդուն, ապա գրկեց Սաթենիկին ու Նարեկին, աչքերը արցունքոտվեցին: Երբ զարմացած նայեցի նրան, հայացքը փախցրեց ու ասաց. «Մի պահ պատկերացրի երեխաներիս առանց հոր…»: Հետո դարձավ ինձ. «Պիտի դիմանաս, բախտդ է՝ պիտի տանես, երազում էիր զինվորականի հետ ամուսնանալ, ուրեմն պիտի համբերես: Եթե զոհվեմ էլ, գիտեմ, որ ազգիս կռվի համար եմ զոհվելու, ոնց թույլ տամ` թուրքը մտնի իմ տուն..»:
Հավանաբար սիրտն ինչ-որ բան էր կանխազգում: Նույնիսկ այդ զարհուրելի կանխազգացումն էլ նրան հետ չպահեց ժամ առաջ մարտադաշտ հասնելու մտադրությունից: Երբ խնդրեցի հագուստը փոխի, չհամաձայնեց.
-Էսման թևերս լավ կշարժեմ, էսման լավ կկրակեմ:
ՈՒ կրկին հագավ վառոդից այրված իր հագուստը:
♦ 1997 թվականի սեպտեմբերի 20-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Գուրգեն Մերուժանի Արշակյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:
♦ 1998 թվականի դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզպետարանի որոշմամբ Գուրգեն Արշակյանի ծննդավայր Գետափ գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվեց Գուրգեն Մերուժանի Արշակյանի անունով:
♦ Արցախյան պատերազմում ցուցաբերած արիության և հրետանավորի մասնագիտական բարձր գիտելիքների համար Գուրգեն Արշակյանը հետմահու ճանաչվել է ՀՀ ԶՈՒ լավագույն հրետանավոր սպա:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մուտքի մոտ տեղադրվել է հրանոթ՝ ի պատիվ զոհված սպա, լավագույն հրետանավոր, կապիտան Գուրգեն Մերուժանի Արշակյանի:
2014 թվականին հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի հրամանով՝ կապիտան Գուրգեն Մերուժանի Արշակյանին գրանցել են զորամասի անձնակազմի ցուցակներում՝ որպես «Հավերժ զինվոր»:
Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Ճակատագրեր