Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ«Հայ զինվորի» խմբագրությունը հանրապետության տարբեր մարզերից եւ արտերկրից բազմաթիվ նամակներ է ստանում` հասցեագրված հայ զինվորին: Այս համարում տպագրում ենք Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների նամակները: Աշակերտներն ակնկալում են նամակագրական կապ հաստատել սահմանամերձ զորամասերի զինվորների հետ:

 

Բարի առավոտ, իմ պատվարժան զինվոր եղբայրներ: Ես հպարտ եմ, որ ձեզ նման քաջ եղբայրներ ունեմ: Շուտով ես էլ կկանգնեմ ձեր կողքին, կպաշտպանեմ մեր երկրի սահմանները: Ես համոզված եմ, որ ամեն մի հայ տղա անվերապահորեն պետք է կատարի իր պարտքը հայրենիքի հանդեպ: Գիտեմ` ծառայությունը շատ դժվարին է, բայց անցնելով այդ դժվարության միջով` տղան դառնում է իսկական տղամարդ: Իսկ նրանք, ովքեր չեն հաղթահարել այդ դժվարությունները, այդպես էլ չեն հասկանա հայ զինվորի էությունը եւ  չեն կարողանա հաղթահարել նաեւ կյանքի մնացած դժվարությունները:

Ի՛մ զինվոր, քո ցավը տանեմ:

ԱՐԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

9-րդ դասարան

 

Բարեւ, բազում դժվարությունների, փորձությունների միջով անցած, բայց երբեք չհուսահատված, միշտ հաղթանակած, իմ հա՛յ զինվոր: Քո արիությամբ ու տոկունությամբ դու շարունակում ես օրինակ ծառայել վաղվա զինվորներին: Ես շատ-շատ սիրում ու հպարտանում եմ քեզնով:

ԼԻԼԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ

10-րդ դասարան

 

Բարեւ, իմ շատ սիրելի զինվոր եղբայր: Վերջին ժամանակահատվածում ինչքա՜ն եմ մտածում քո մասին: Ինձ համար, իմ պաշտպան եղբայր, դու ամենամեծ արժեքն ես: Ես հպարտ եմ, որ մեր երկրում ձեզ նման խիզախ, անվախ տղաներ շատ կան: Ձեզ ուղղված գովասանքի ոչ մի խոսք չի կարող արտահայտել հոգուս հպարտությունը: Պահ է եկել, որ ձեզնով ոգեւորված՝ ծառայելու ցանկություն եմ ունեցել:

Հայոց բանակի 25-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորում եմ բանակի ողջ անձնակազմին:

ԱԼՎԱՐԴ ՃԱՂԱՐՅԱՆ

9-րդ դասարան

 

Իմ պաշտելի զինվոր, դու կյանքդ անգամ չես խնայում հայրենիքը խաղաղ տեսնելու համար: Դժվար չէ քեզ հասկանալ, քանզի բոլորս էլ ունենք եղբայրներ, որոնք ծառայում են մեր հաղթանակած բանակում: Ես վստահ եմ ձեր ուժի, խիզախության, քաջության, բազկի զորության վրա: Ամեն գիշեր գլուխս բարձին դնելուց առաջ մտովի շրջում եմ իմ հայրենիքի սահմաններով, փորձում պատկերացնել սահմանային ծառայության բոլոր դժվարությունները, որոնք ինձ անհասանելի են թվում: Հիմա թույլ տուր գնամ քնեմ, բարի գիշեր: Թող խաղաղ բացվի իմ ու քո առավոտը:

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

9-րդ դասարան

 

Ողջույն, Հայոց երկրի փառապանծ զինվոր: Երեք տարի հետո ես էլ կգամ ծառայության, զենք կվերցնեմ եւ կպաշտպանեմ հողս հայրենի: Բառերով անհնար է բացատրել այն, ինչ հիմա զգում եմ: Հավատա, եղբա՛յր, ես հասկանում եմ, ինչ ես զգում սահմանին կանգնելիս: Միայն մի խնդրանք ունեմ՝ ամուր պահիր մեր սահմանները, այնպես, որ ոսոխը չմտածի անգամ սահմանը հատելու եւ ձեզ ծնկի բերելու մասին: Իմացի՛ր, եղբա՛յր, բոլորի հույսը դու ես, բոլորս հավատում ու վստահում ենք քեզ, եւ քո շնորհիվ հանգիստ գլուխներս բարձին դնում: Քեզնով է ապրում ողջ հայ ազգը եւ ամեն օր աղոթում քո անփորձանք ծառայության ու փառքով վերադարձի համար:

Բարի ծառայություն քեզ:

ՀՐԱՉ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

10-րդ դասարան

Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Բանակ և հասարակություն


09/03/2017