ՀԱՂԹԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԸ ՈՐԱԿՆ Է
Զրույց ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության պետ, գնդապետ ՎԱՂԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն գնդապետ, ի՞նչ գործառույթներ է իրականացնում ՆՏԱԴ-ի թիկունքային ապահովման վարչությունը, որո՞նք են գերակա նպատակներն ու խնդիրները:
-Բանակում չկան կարեւոր եւ նվազ կարեւոր խնդիրներ. ամեն ինչ սերտորեն փոխկապակցված է: Մի օղակի թերացման պատճառով կարող է խախտվել մյուսի սահուն եւ համաչափ գործունեությունը: Գաղտնիք չէ՝ ամուր թիկունքը մարտունակ բանակի հուսալի երաշխավորն է: Մեր հիմնական գործառույթներն իրականացնում ենք այնպես, որ մյուս օղակները եւս կարողանան լիարժեք եւ ժամանակին կատարել սահմանված պարտականությունները:
Մեր գերակա խնդիրը զինված ուժերը կենսագործունեության համար անհրաժեշտ պարենային, իրային, վառելիքաքսուքային միջոցներով եւ դրանց օգտագործման ու պահպանման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով ապահովելն է: Ուսումնասիրում եւ ընթացք ենք տալիս պատասխանատու ստորաբաժանումներից ներկայացվող գնման հայտերը: Այնուհետեւ հայտագրված մրցույթների շրջանակներում մասնակիցների ներկայացրած գնման հայտերը գնահատում ենք ըստ գործընթացը կանոնակարգող օրենքների եւ կառավարության որոշումների պահանջների: Կատարում ենք ՀՀ ՊՆ կողմից ձեռք բերվող նյութական միջոցների շուկայական գների համառոտ ուսումնասիրություն, կնքված պայմանագրերի շրջանակներում համագործակցում ենք մատակարար կազմակերպությունների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման շուրջ:
-Ըստ ԶԼՄ-ների՝ հասարակությունը մի փոքր թերահավատ է մրցույթների անցկացման օբյեկտիվության հանդեպ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 27-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերանայվելու է գնումների գործընթացը. «Մեր հիմնական սկզբունքը լինելու է այն, որ բացառենք միջնորդ կազմակերպությունների գործունեությունը. բանակի մատակարարը պետք է լինի այս կամ այն ապրանքի արտադրողը կամ ներկրողը: Ձեւակերպելու ենք հստակ ընթացակարգեր, որոնք անհնար կդարձնեն որեւէ կոռուպցիոն ռիսկ գնումների կազմակերպման գործընթացում»:
-Մեր մրցութային գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային տարբերակով (կան չնչին բացառություններ), եւ մարդկային գործոնի ազդեցությունը կամ միջամտությունը, կարելի է ասել, հնարավորինս բացառված է: Հայտերը, հրավերները էլեկտրոնային միջոցներով ուղարկվում են գնումների աջակցման կենտրոնում գրանցված մասնակիցներին, եւ նրանք են որոշում՝ մասնակցե՞լ հայտարարված մրցույթին, թե ոչ: Հայտերը բացվում, գնահատվում են դարձյալ էլեկտրոնային տարբերակով, եւ այս ամենն ամփոփելուց հետո որոշվում է հաղթողը՝ ամենացածր գին ներկայացրած կազմակերպությունը, որի արտադրանքը, բնականաբար, համապատասխանում է ներկայացված չափորոշիչներին: Հաղթելու պայմանը ոչ թե ցածր գինն է, այլ առաջին հերթին որակը: Այսինքն՝ գնումները պետք է հնարավորինս արդյունավետ լինեն, ապահովեն լավագույն որակ նվազագույն գնով: Եվս մեկ անգամ վստահեցնում եմ՝ գործընթացը բաց է եւ թափանցիկ: Հաճախ ոչ օբյեկտիվ լինելու մասին լուրերը շրջանառության մեջ են դնում այն մարդիկ, ովքեր մասնակցել են մրցույթին, եւ իրենց ներկայացրած ապրանքի գնային առաջարկը մրցունակ չի եղել, կամ ներկայացված փաստաթղթերը հակասել են սահմանված կարգի որեւէ կետի: Ըստ այդմ՝ նրանց հետ պայմանագիր չի կնքվել, առաջարկները մերժվել են: Հասկանալի պատճառներով տվյալ անձինք հետագայում խուսափում են մերժման բուն պատճառն ասել եւ փորձում են պատճառաբանել, թե, իբր, մրցույթը խախտումներով է ընթացել:
-Իսկ ի՞նչ է արվում, երբ ապրանքատեսակը սահմանված ժամկետում չի մատակարարվել, կամ տեղ հասնելուց հետո պարզվել է՝ պատշաճ որակի չէ: Հստակ սահմանվա՞ծ են մատակարարների իրավունքներն ու պարտականությունները:
-Իհարկե, պայմանագրի համապատասխան կետերով սահմանվում են ե՛ւ իրավունքները, ե՛ւ պարտականությունները: Տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանքի մատակարարման դեպքում ապրանքը սահմանված կարգով ետ է վերադարձվում համապատասխան փաստաթղթերի ձեւակերպմամբ, մատակարարի նկատմամբ կիրառվում են տույժեր եւ տուգանքներ: Ժամկետի խախտումը նույնպես կանոնակարգված է պայմանագրային կետերով: Գնորդի նկատմամբ եւս նախատեսված են տույժեր:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հետ պարբերաբար անցկացվում են հավաք-հանդիպումներ, որոնց նպատակն է լսել մասնակիցների կողմից բարձրացված հարցերը եւ դրանց տալ հնարավոր լուծումներ: Մասնակիցներին հորդորվում է պայմանագիր կնքելիս ուշադրություն դարձնել տեխնիկական բնութագրին, ժամանակացույցին, փաստաթղթերում ճիշտ լրացնել ներկայացվող ապրանքատեսակի տվյալները:
-Հորդորում եք նաեւ ակտիվորեն մասնակցել մրցույթներին:
-Չեմ կարող չարձանագրել՝ այսօր արդեն ակնառու տարբերություն կա. նոր՝ հնարավորինս թափանցիկ գործելաոճը զգալիորեն մեծացրել է մրցույթին մասնակցողների թիվը: Մեր նպատակն է հնարավորինս էժան, բայց ոչ երբեք որակի հաշվին, ապրանքի ձեռքբերումը: Իսկ դրան միանշանակ կարող ենք հասնել մեծ մրցակցություն ապահովելու դեպքում: Մեր դեպարտամենտի ուշադրության կենտրոնում է ամեն դիտողություն եւ առաջարկ, յուրաքանչյուր խնդիր իր լուծումը գտնում է, մեր գործում մանրուքներ չկան:
-Գնումներ կատարելիս շեշտադրվու՞մ է հայրենական արտադրանք ձեռք բերելը:
-Օրենքով որեւէ տարանջատում չկա, բայց, այնուամենայնիվ, ձգտում ենք, որ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող նյութական միջոցները հնարավորության սահմաններում լինեն տեղական արտադրության:
– Ծնողներին առաջնահերթ հետաքրքրում-անհանգստացնում է՝ ինչպե՞ս է սնվում իր զինվոր զավակը բանակում, ի՞նչ է հագնում: Այս ոլորտում ի՞նչ փոփոխություններ, նորամուծություններ են նախատեսվում:
-Մենք ուսումնասիրում ենք ինչպես ռուսական, այնպես էլ այլ պետությունների բանակների փորձը եւ այդ ամենը դիտարկում ենք մեր ազգային առանձնահատկությունների տեսանկյունից: Լավագույն մոտեցումները համապատասխանեցնում ենք մեր պայմաններին եւ հնարավորություններին: Սննդի եւ հանդերձավորման ոլորտներում մշտապես նորամուծություններ ենք կատարում` սերտորեն համագործակցելով ԶՈւ թիկունքի վարչության հետ: Ոլորտն անընդհատ կատարելագործվում է: Վերջին 3-4 տարիներին բավականին լուրջ առաջընթաց կա:
Ամեն տարի որոշակի փոփոխություններ ենք մշակում անձնակազմի սննդակարգում: Առաջնագծում անձնակազմի կերակրումը փորձում ենք հնարավորինս կազմակերպել պատրաստի՝ պահածոյացված սննդատեսակներ ներառելով, որպեսզի կերակրի պատրաստման համար ավելորդ ժամանակ եւ ուժ չծախսվի: Կարեւորում ենք սննդի բազմազանությունը, որ տվյալ եղանակային ժամանակահատվածում զինվորի օրգանիզմն ապահովվի անհրաժեշտ կալորիաներով եւ վիտամիններով: Շատ խիստ ուշադրություն է դարձվում մատակարարվող սննդամթերքի որակական եւ անվտանգության ցուցանիշներին, բոլոր սննդատեսակները ենթարկվում են լաբորատոր փորձաքննության ԶՈւ ռազմաբժշկական վարչության հիգիենիկ-համաճարակային անվտանգության եւ թիկունքի վարչության անասնաբուժական ծառայության կողմից: Ստուգվում են սննդային անվտանգության, ֆիզիկաքիմիական ցուցանիշները, անհամապատասխանության դեպքում վերադարձվում են մատակարարներին: Լաբորատոր պարտադիր հետազոտության դրական եզրակացությունից հետո միայն սննդամթերքն ընդունվում է եւ համապատասխան պահպանություն իրականացնելով՝ հատկացվում զորամասերին: Իհարկե, զորամասային օղակում մեծ նշանակություն ունի պահպանման ռեժիմը, ստացիոնար պայմաններում ճաշերի պատրաստման նորմերի պահպանումը: Պարզ է՝ ինչ որակի սննդամթերք էլ լինի, անբարեխիղճ մոտեցման դեպքում ցանկալի արդյունք չենք ունենա:
Ինչ վերաբերում է հանդերձավորման պարագաներին, ապա այդ ուղղությամբ նույնպես զգալի աշխատանքներ են տարվում: Վերջին տարիներին բարելավվել է անձնակազմի ձմեռային հագուստը, այն լրամշակվել է, գերազանց ապահովում է ցածր ջերմաստիճանային պայմաններում օրգանիզմի տաքությունը, ավելի դիմացկուն է, շարժումները չկաշկանդող: Ներկա պահին զինվորական ճտքավոր կոշիկների հետ կապված խնդիր ունենք: Անցած տարվա երկրորդ կեսից լուրջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Տեխնիկական բնութագրի փոփոխություն է կատարվել՝ կոշիկները տարբերվելու են իրենց որակով: Մրցույթը հայտարարված է, նախնական հաղթողն արդեն կա, տեղական արտադրող է:
Նորամուծությունների առումով նշեմ նաեւ, որ զինված ուժերում հացաթխման, լվացքատնային ծառայության, վերանորոգման աշխատանքներն արդեն քաղաքացիական հիմունքներով են իրականացվում: Ռազմական համալսարանում, «Լեռնային Հայաստան» առողջարանում սննդի ապահովումը քաղաքացիական կազմակերպություն է իրականացնում, նախատեսում ենք այս համակարգը աստիճանաբար ներդնել նաեւ զորամասային օղակում:
-Գնումների գործընթացը, գնային քաղաքականությունն իր օրենքներն ու պահանջներն ունի, այնուամենայնիվ, մատակարարները գնո՞ւմ են որոշակի զիջումների՝ ի վերջո, բանակի համար է:
-Իհարկե, մեր մատակարարները հասկանում եւ գնահատում են բանակի կարեւորությունը: Չկա մեկը, որ զավակ, բարեկամ կամ հարազատ չունենա բանակում, հետեւաբար, ամեն ինչ, մատակարարվող ցանկացած ապրանք պետք է լինի որակյալ՝ մեր զինվոր զավակների համար է:
Ամեն մի թերացում, բացթողում կամ ուշացում վնասում է սահմանին կանգնած մեր զինվորին: Շատ ճիշտ ու դիպուկ է ասված՝ չես ուզում կերակրել հակառակորդի բանակը, կերակրիր քո զինվորին:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում