Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵՑ ԶՈՐԱՄԱՍԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ



ՆՇՎԵՑ ԶՈՐԱՄԱՍԻ ՏԱՐԵԴԱՐՁԸՕրերս նշվեց 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկի կազմավորման 24-րդ տարեդարձը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ԲԿ վարչակազմի ներկայացուցիչներ, Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, բազմաթիվ հյուրեր: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:

Զորամասի հրամանատար, գնդապետ Լ. Հովհաննիսյանը, մյուս ելույթ ունեցողները ներկայացրին զորամասի ստեղծման պատմությունը, նրա անցած փառավոր մարտական ուղին, հիշատակեցին 1993 թվականից մինչ օրս պաշտոնավարած բոլոր հրամանատարներին, իրենց խիզախությամբ եւ բանակաշինության գործում իրենց նշանակալի ներդրմամբ աչքի ընկած սպաներին ու զինվորներին: Հպարտությամբ նշեցին ինչպես Արցախյան գոյամարտում, այնպես էլ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զորամասի տարբեր ստորաբաժանումների ունեցած կարեւոր դերը: Մարտական գործողությունների ընթացքում զորամասի անձնակազմից 164-ը զոհվել է, 10 հոգի՝ անհայտ կորել, շուրջ 500-ը՝ վիրավորվել: Շատերը մարտադաշտում ցուցաբերած արիության, խիզախության համար արժանացել են պետական եւ գերատեսչական պարգեւների:

1995 թվականի սեպտեմբերի 18-ին բանակաշինության, մարտական պատրաստականության գործում ձեռքբերումների համար զորամասը արժանացել է մարտական դրոշի: Ավելի ուշ՝ 2007թ. հունվարի 26-ին՝ ՀՀ նախագահի  հրամանագրով  պարգեւատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ինչպես նաեւ ուսումնական  տարվա  արդյունքներով ճանաչվել լավագույնը եւ ստացել Պատվո դրոշ:

ՆՇՎԵՑ ԶՈՐԱՄԱՍԻ ՏԱՐԵԴԱՐՁԸԳեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն իր խոսքում նշեց.

Ամենքի համար մեծ պատիվ է ծառայել Սյունյաց գնդում,ժողովրդի ծոցից ելած այն քաջ զավակների կողքին, ովքեր դարեր շարունակ հերոսական պատմություն են կերտել՝ անառիկ պահելով երկրի հարավային դարպասը:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հավաստիացրեց, որ համայնքը միշտ զորամիավորման կողքին է, անհրաժեշտության դեպքում՝ զինվորի ու սպայի կողքին, ինչպես եղել է զորամասի կազմավորման օրվանից, նաեւ՝ ապրիլյան քառօրյայում:

Մարտական պատրաստականության բարձր արդյունքների եւ զինվորական օրինակելի կարգապահության համար զորամասի մի շարք զինծառայողներ պարգեւատրվեցին: Խրախուսվեցին նաեւ Արցախյան ազատամարտի վետերաններ եւ երկրապահներ: Անձնակազմի շարային երթից հետո տոնական արարողությունը շարունակվեց զորամասի դահլիճում, որտեղ համերգային կատարումներով հանդես եկան Գորիսի մշակույթի տան պատանի սաները:

Վերջում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ զորամասի անցած փառավոր ուղու, ներկայում իրականացվող մարտական պատրաստության միջոցառումների, երախտավոր վետերանների ու զինծառայողների մասին:

 

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/03/2017