Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՈՒԺԳԻՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼՈՒ



Զրույց զորամիավորման հրամանատար, գնդապետ Գրիգորի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ հետ

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՈՒԺԳԻՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼՈՒ-Պարոն գնդապետ, Ձեր հրամանատարությամբ գործող զորամիավորման պատասխանատվության ենթակա սահմանը ձգվում է բարդ, հակառակորդի հետ անմիջական շփման տեղանքով: Երկար դադարից հետո անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանն այստեղ դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեց, հիմա էլ  հրաձգության թիրախ է դարձնում մեր գյուղերը։ Ի՞նչ է կատարվում սահմանին:

-Եթե համեմատելու լինենք 2012-2014 թվականների հետ, ապա վերջին տարին համեմատաբար հանգիստ էր:

Թեև այժմ լարվածության աճ է նկատվում: Հակառակորդը ծանր զենքեր է կիրառում թե՛ գյուղերի, թե՛ պետական ճանապարհների` հատկապես Բերդ-Նոյեմբերյան հատվածի ուղղությամբ:

Ընդհանրապես, ջանում ենք չսրել իրադրությունը, սակայն մեր համբերությունն էլ սահման ունի: Ըստ անհրաժեշտության` քայլեր ենք ձեռնարկում հակառակորդի ագրեսիվ պահվածքը ճնշելու համար: Ինչ վերաբերում է դեկտեմբերի 29-ի դիվերսիոն գործողությանը, ապա այն մանրամասն մշակված էր: Հակառակորդի նպատակն էր ոչնչացնել դիրքի անձնակազմը եւ ինչ-որ խնդիր լուծել Չինարի գյուղի մերձակայքում: Օգտվելով բարդ, անտառային տեղանքից` դիվերսիոն խումբը փորձել էր թեւանցում կատարել, սակայն հավաստանշվել էր մեր դիրքապահների կողմից: Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը կազմակերպել էր գրագետ պաշտպանություն՝ խափանելով թշնամու հատուկջոկատայինների ծրագիրը: Ցավոք, ծավալված մարտի ժամանակ դասակի հրամանատարը զոհվեց, երկու զինվոր մահացու հրազենային վիրավորում ստացավ: Ըստ մեր համապատասխան ծառայությունների տեղեկությունների` մարտի ժամանակ խոցվել է ադրբեջանական հատուկջոկատայինների խմբի հրամանատարը: Վերջինս վիրավոր վիճակում դուրս է բերվել: Բացի այդ, հակառակորդը մեր դիրքում էր թողել իր զինծառայողի դիակը:

-Ադրբեջանի նախագահի հրամանով՝ իրենց ոչնչացված զինծառայողին շնորհվել է «ազգային հերոսի» կոչում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման ընթացքում հատուկ ծառայության» համար…

-Ադրբեջանը բազմիցս տարածքային նկրտումներ է արտահայտել ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Այս ձեւակերպումը եւս մեկ անգամ հաստատում է նրանց հանցավոր նպատակը: Նաեւ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանում  «ազգային հերոս» են հռչակում դիվերսիայի մասնակցած եւ հայկական դիրքում խոցված զինծառայողին: Հիշենք Մուբարիզ Իբրահիմովի օրինակը: Ադրբեջանում  հերոս դառնալու չափանիշը ինչ-որ չափով գոնե մարտական պարտականությունն իրականացնելն է:

Եթե մենք էլ տվյալ չափանիշով ազգային հերոսի կոչում շնորհելու լինեինք, ապա մեր բանակի կեսը կարժանանար այդ պատվին:

-Երրորդ տարին անընդմեջ Ձեր ենթակայությամբ զորամիավորումը ճանաչվում է լավագույնը զինված ուժերում: Ըստ Ձեզ՝ ո՞րն է զորամիավորման հաջողության հասնելու գրավականը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախորդ երկու տարիներին Դուք զբաղեցրել եք զորամիավորման շտաբի պետի պաշտոնը:

-Զորամիավորման ենթակա գրեթե բոլոր զորամասերն իմ պաշտոնավարման յոթ ամիսների ընթացքում ենթարկվել են հանկարծակի ստուգման, տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստականության, շտաբների պատրաստության վիճակը: Հրետանային զորամասերը եւ ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ՝ հրետանու մարտական հրաձգությամբ: Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության ցուցանիշները բարձր են գնահատվել: Որոշ զորամասեր ճանաչվել են օրինակելի:  Հարյուր սպա պարգեւատրվել է: 2016թ. ուսումնական տարվա մարտական հերթապահության արդյունքներով էլ զինված ուժերում լավագույնի պատվո դրոշը հանձնվել է մեր զորամասերից մեկին: Այնուամենայնիվ, մեզ համար երբեք վարկանիշ ձեռք բերելը չի եղել առաջնային նպատակ: Եթե ամենակարեւոր ձգտումդ դա է, ուրեմն անպայման կթերանաս:

Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանները հսկող զորամիավորումը ինքնուրույն միավոր է: Հարկ եղած դեպքում պետք է կարողանա գործել առանց օժանդակ ուժերի եւ միջոցների ներգրավվածության, համընթաց եւ ներդաշնակ:

Մենք անընդհատ ուսումնասիրում ենք, թե ինչ է անում հակառակորդի բանակը, ինչպես է ձեւափոխվում, որոնք են նրա թույլ եւ ուժեղ կողմերը, ըստ այդմ էլ հստակեցնում ենք մարտական հաշվարկների գործողությունները: Հակառակորդը գլխին հարված ստանալուն պես սթափվում է: Մեր այդ հարվածը պետք է ժամանակին եւ շատ ուժգին լինի: Թող մեծամտություն չհամարվի`  պատրաստ ենք:

-Մարտական առաջադրանքն անթերի կատարելու համար պակաս կարևոր չէ խնդիրների բարձրաձայնումը և դրանք հետևողականորեն լուծելու պատրաստակամությունը:

-Հատկապես ենթակա սպայակազմի հետ շփումներում հասել ենք նրան, որ իրերը չներկայացվեն այնպես, ինչպես կցանկանար լսել վերադասը, ձեւական պատկեր չստեղծվի: Եթե ենթական միշտ հաճոյանա վերադասին, ասի, որ ամեն ինչ լավ է, գործը առաջ չի գնա: Այս ընթացքում սպաները տարաբնույթ հարցեր են առաջ քաշել, որոնք համապատասխան լուծում են ստացել: Արձանագրված բազմաթիվ թերություններ ենք վերացրել: Ի վերջո, պատերազմից առաջ խնդիր ներկայացնողը պատերազմի ժամանակ ամենաքիչն է դժվարություն ունենում:

-Ապրիլյան դեպքերից հետո իրավիճակ է փոխվել: Ի՞նչ է արվել մարտական խնդիրների կատարման արդյունավետությունն ապահովելու, հակառակորդի հավանական սադրանքները կանխելու համար:

-Ապրիլից հետո իրադրությունը փոխվել է հօգուտ մեզ, քանի որ սպասողական վիճակում գտնվող զորքի վրա դժվար է լայնածավալ հարձակում գործել եւ հաջողություն ունենալ: Մենք թե՛ զենքի, թե՛ անձնակազմի առումով համալրված ենք: Բազմապատկել ենք զինվորին հասանելիք զինամթերքը, սպառազինության պահպանման համար լրացուցիչ տեղամասեր ենք կահավորել, այդ մասին գիտի միայն տվյալ դիրքի անձնակազմը: Խոշորացրել ենք դիրքերում կրակային միջոցների տրամաչափը: Ինժեներական ծավալուն աշխատանք ենք իրականացրել՝ ավելացրել ենք դիրքեր, ստեղծել ենք հրետանու կրակից պաշտպանվելու հավելյալ հնարավորություններ: Այժմ կատարելագործում ենք դիտարկման համակարգը: Եթե նախկինում ամրապնդում էինք պաշտպանությունը, այսօր հենակետերը լրակահավորում ենք ակտիվ մարտ վարելու նպատակով:

Մեր դիրքերը ոչ թե թաքնվելու, այլ կռվելու համար են:

Այս տարվա ընթացքում ձգտելու ենք դիրքերից իջեցնել ժամկետայիններին: Մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի 70 տոկոսն արդեն իսկ պայմանագրայիններ են:

-Եվ նրանք հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչներ են, որոնք պաշտպանում են իրենց տունը, ընտանիքը: ՀՀ վարչապետի փետրվարի 13-ի համապատասխան որոշման համաձայն՝ սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին զենք կտրամադրվի, իսկ ուսումնական հաստատությունների շուրջ կկառուցվեն պատնեշներ:

-Սահմանամերձ գյուղերն ամուր են, բնակչությունը` համախմբված: Սեփական աչքով եմ տեսել` եթե որեւէ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները կրակում են, շրջկենտրոնից միանգամից հավաքվում են տվյալ տեղանքում: Երկրից դուրս գտնվող գյուղացիներն էլ իրավիճակը լարվելուն պես վերադառնում են սահման: Այստեղ զորամասերն ու  բնակավայրերը սերտ կապված են, ինչը հեշտացնում է մեր գործը: Վերջերս «Արար» հիմնադրամի աջակցությամբ բոլոր գյուղերում անցկացրել ենք պահեստազորայինների մեկշաբաթյա հավաք, կազմակերպել ենք լրացուցիչ վարժանքներ: Պահեստազորայիններն իրենց տներում ունեն համազգեստ, իսկ նրանց հասանելիք զենքը զորամասում է:

Բացի այդ, որոշ գյուղերում ձեւավորել ենք հրամանատարության հետ համագործակցող խմբեր, որոնք գիտեն իրենց անելիքը և պատրաստ են հրաման, խնդիր կատարելուն:

Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց կառուցվելիք պատնեշներին, ապա ֆինանսական հատկացումներն արդեն նախատեսված են, եւ աշխատանքները շուտով կմեկնարկեն: Հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար որոշ գյուղերի դպրոցներում, մանկապարտեզներում վաղուց սարքավորված են թաքստոցներ, իսկ որտեղ էլ չկան, առաջիկայում անպայման կհիմնվեն:

Կարող ենք ասել, որ սահմանապահ դիրքերն ու գյուղերը ամրոցների վերածելու ճանապարհին ենք:

-Պարոն գնդապետ, շնորհակալ եմ զրույցի համար:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/03/2017