Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՆՈՐԱՄՈՒԾԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ



«ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՆՈՐԱՄՈՒԾԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՍկիզբը՝ նախորդ համարում

 

Մեր ենթադրությամբ` հաղորդակցության նշված միջոցների գործածումը մարդկանց մեջ առաջացնում է նաև միմյանց նկատմամբ վստահություն (ըստ էության` դրա համար բավական են սոցիալական ցանցի օգտատիրոջ գրավոր անկեղծ խոսքն ու լուսանկարները), իրենց ջանքերի գնահատվածության պատրանք (չէ՞ որ բոլորը կարդում են տվյալ օգտատիրոջ տարածած տեղեկույթը և տեղեկանում նրա ներդրած «ջանքի» մասին), միմյանց բարոյապես աջակցելու հնարավորություն (բավական է միայն հավանել (like) տվյալ հանրագիրը («ստատուսը») և ընդհանուր գործում ներգրավվելու հնարավորություն (բավական է ընդամենը տարածել տվյալ տեղեկույթը): Արդարության սկզբունքի պահպանման պատրանք կարող է ստեղծել համացանցում արտահայտվելու` բոլորի հավասար հնարավորությունը:

Այլ կերպ ասած` համացանցը, մեր կարծիքով, հնարավորություն է տալիս հեշտությամբ ձևավորելու մոբիլիզացման մթնոլորտի այն բոլոր բաղադրիչները, որոնք իրական միջանձնային փոխհարաբերություններում առանց համացանցի օգտագործման կպահանջեին շատ ավելի մեծ ջանքեր: Մասնավորապես` «իրական կյանքում» (կոլեկտիվում) մոբիլիզացման մթնոլորտ ստեղծելու համար անհրաժեշտ է խելամտորեն կիրառել կառավարման լծակներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել չորս խմբի.

ա) կազմակերպության առաքելություն, տեսլական, արժեքներ և խնդիրներ,

բ) աշխատանքի կազմակերպման համակարգ,

գ) անձնակազմի կառավարման քաղաքականություն և գործիքներ,

դ) առաջնորդություն (leadership):

Բիզնեսի ոլորտի համար մշակված այս սկզբունքները կարելի է տարածել նաև պետության վրա` վերջինս դիտելով որպես մեծ կազմակերպություն: Ըստ այդմ` պետության մեջ մոբիլիզացման մթնոլորտի ստեղծման համար պետք է գործի դրվեն կառավարման վերոնշյալ լծակները և զուգահեռաբար օգտագործվեն համացանցով (տեղեկատվական տեխնոլոգիաների) ընձեռվող հնարավորությունները:

 

ԱԶԳԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Բնականաբար, ազգի մոբիլիզացումը չի կարող իրագործվել միանգամից, դա բազմափուլ պրոցես է: Ընդսմին յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ է լուծել տեղեկատվական ապահովման յուրահատուկ խնդիրներ: Այդ առումով մենք, հիմք ընդունելով ռուսաստանյան սոցիոլոգ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օ. Ն. Յանիցկու` «մարդու և հանրության մոբիլիզացման վիճակների դասակարգման սկզբունքը», առաջարկում ենք ազգի մոբիլիզացումը բաժանել հետևյալ փուլերի` յուրաքանչյուր փուլի տեղեկատվական ապահովման խնդիրների նշմամբ.

1) մոբիլիզացնող տեղեկույթի (գիտելիքի) հաղորդում: Մոբիլիզացումը սովորաբար կատարվում է որպես սոցիալ-քաղաքական բնույթի մարտահրավերներին (այդ թվում` պատերազմի սպառնալիքին) արձագանք, իսկ մոբիլիզացնող գիտելիքը տեղեկույթն է այդ հակամարտության և հանրությանն սպառնացող վտանգի մասին,

2) մարդու (քաղաքացու) և հասարակության (խմբի, սոցիալական շարժման) մոբիլիզացման վիճակի վերածում սոցիալական նորմի: Դա նշանակում է, որ յուրաքանչյուրն իր առօրյա կյանքում դառնում է կենտրոնացած և նպատակասլաց` աչքի առաջ ունենալով հիմնական պրոբլեմը («ազգ-բանակի» ստեղծման պարագայում «Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել բանակին» հարցն է): Այս փուլում տեղեկատվական ապահովման հիմնական խնդիրը սոցիալական շարժմանը միանալու` անհատի շարժառիթների (մոբիլիզացման մթնոլորտի) ձևավորմանը նպաստելն է,

3) պատրաստություն մոբիլիզացմանը կամ խմբային մոբիլիզացում: Այս փուլում կատարվում է մատչելի ռեսուրսների մասնակի կամ լրիվ մոբիլիզացում: Տեղեկատվական ապահովման խնդիրներն են` կապուղիների ստուգումը, տեղեկատվական ռեսուրսների հաշվառումը, տեղեկույթի փոխանակման օպտիմալ սխեմաների մշակումը և այլն, այսինքն` տեղեկատվական ռեսուրսների բերումը ակտիվ վիճակի: Կարևորագույն խնդիրը մոբիլիզացման հասցեականության ապահովումն է, այսինքն` հստակ պարզումը, թե ով ինչի կարիք ունի,

4) մոբիլիզացում` բուն մոբիլիզացման գործողություն, որն ուղղված է իրական աղետի (մեր դեպքում` պատերազմի, բայց նաև` բնապահպանական կամ տեխնածին աղետի) դեմ պայքարին: Սա մոբիլիզացված ռեսուրսների օգտագործման փուլն է: Այս փուլում տեղեկատվական ապահովման հիմնական խնդիրը հակառակորդի նկատմամբ տեղեկատվական գերազանցության ապահովումն է: Այն ներառում է հակազդում տեղեկատվական տարածության մեջ ի հայտ եկող այն երևույթներին (խուճապ, պարտվողական տրամադրությունների տարածում, ապատեղեկատվություն, հակառակորդի տեղեկատվական-հոգեբանական գործողություն և այլն), որոնք խոչընդոտում են մոբիլիզացմանը,

5) մոբիլիզացման ավարտ: Ցանկացած մոբիլիզացում պետք է ունենա գոնե փոքր արդյունք: Տվյալ դեպքում դա այն սոցիալական փոփոխություններն են, որոնք հանգեցնելու են «ազգ-բանակ» համակարգի ստեղծմանը կամ, առնվազն, այդ ուղին հասցնելու են ինչ-որ հանգրվանի, օրինակ` հասարակության վերափոխման վերաբերյալ նոր գաղափարների, նախագծերի: Այս փուլում տեղեկատվական ապահովման խնդիրը հասարակությանը արդյունքների մասին իրազեկումն է և նոր գաղափարների տարածումը:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Արդի դարաշրջանի ոչ ավանդական պատերազմներում ազգային պետությունը կարող է հաղթանակ տանել միայն ամբողջ ազգի համադասված գործողությունների շնորհիվ, ուստի դարաշրջանի հրամայականն է ազգի վերածումը համաժողովրդական աջակցության և հայրենասիրական ոգու վրա հիմնված ժողովրդավարական «ազգ-բանակի»: Հայաստանի անվտանգային միջավայրն այնպիսին է, որ նրան կարող են սպառնալ ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական պատերազմների վտանգները, հետևաբար` հայկական «ազգ-բանակի» ստեղծումն այլընտրանք չունի: Հայկական «ազգ-բանակի» հիմքում կարող է դրվել 1990-ական թվականների վերջին մշակված գաղափարական համակարգը, որի խտացված արտահայտությունն է «երկրապահի»` որպես հայրենիքի պաշտպանության համար ավանդ ներդրելու ձգտում ունեցող և իրագործող անձի հասկացությունը:

«Ազգ-բանակի» ստեղծման համար պետք է մոբիլիզացնել մշակութային, հասարակական-կազմակերպական, մարդկային և նյութական ռեսուրսները և պետության մեջ ստեղծել մոբիլիզացման մթնոլորտ` կառավարման լծակների, համացանցի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ազգի մոբիլիզացումը պետք է իրագործվի փուլ առ փուլ: Մոբիլիզացման առաջին փուլում տեղեկատվական ապահովման խնդիրը մոբիլիզացնող տեղեկույթի տարածումն է, երկրորդում` համաժողովրդական մոբիլիզացման մթնոլորտի ստեղծումը, երրորդում` տեղեկատվական ռեսուրսների բերումը ակտիվ վիճակի, չորրորդում` հակառակորդի նկատմամբ տեղեկատվական գերազանցության ապահովումը, հինգերորդում` մոբիլիզացման արդյունքների մասին հասարակության իրազեկումը:

Ա. Կ. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գիտահրատարակչական կենտրոնի պետի-գլխավոր խմբագրի տեղակալ

գնդապետ

Խորագիր՝ #10 (1181) 15.03.2017 - 21.03.2017, Ազգային բանակ


15/03/2017