«ՄԻ ԲՈՒՌ ՀՈՂ»
Նվիրվում է հանուն հայրենիքի մարտնչած բոլոր հայորդիներին
Տղան այգու նստարանին նստած մտորում էր: Միշտ էլ սիրել էր զբոսնել բնության գրկում, նստել, պառկել խոտերի մեջ, զմայլվել արեւով, երգ լսել, գիրք կարդալ, ստեղծագործել: Սակայն վերջին շրջանում նա տխուր էր: Բանակից զորացրվել էր ամիսներ առաջ՝ ժամկետից կես տարի շուտ: Ծառայությունն անցկացրել էր վտանգավոր սահմանագոտում, եւ շուտ զորացրվելու պատճառը կանխված դիվերսիայի ժամանակ ստացած վիրավորումն էր:
Զինակից ընկերներ էր կորցրել մարտի դաշտում, որոնց ծնողների աչքերին նայելը դժվար էր: Ընկերների հուղարկավորությանը չէր մասնակցել. վիրավոր պառկած էր հոսպիտալում: Նրանց մարմինները տուն էր ուղեկցել զորամասի հրամանատարի տեղակալը, որին եկել էին տեսակցելու մարտական ընկերները, հիշելու տասնամյակներ առաջ կրած տառապանքները, միասին կերտած հաղթանակները, որոնց պահպանումը այսօր անկախության սերնդի պարտականությունն է:
Իսկ իրեն տեսակցելու էր եկել զորամասի հրամանատարը եւ հանձնել մեդալը, որից ընկերները հետմահու էին ստացել: Հրամանատարը հանձնել էր նաեւ զինվորական գրքույկը եւ ասել, որ այսքանով ավարտված է ծառայությունը…
♦♦♦
Իրադարձությունների անսպասելի ընթացքը փոխել է երիտասարդի ապագայի ծրագրերը, աշխարհայացքը, բնավորությունը: Երբեմնի խանդավառ, կայտառ երիտասարդն այժմ դարձել է ինքնամփոփ, լռակյաց, թախծոտ:
Ոչ մի վնասակար սովորությամբ երբեւէ աչքի չընկած մարդը սկսել է խմել: Խմել չի սիրում, բայց երբեմն կարիք է լինում տպավորություն ստեղծելու, թե խմիչքի մեջ թաղում է իր դարդերը: Նա բացում է տուփը, որում մարտական դիրքից վերցրած մի բուռ հող է, բացում է գարեջրի շիշը եւ սկսում է խմել: Հիշում է այն չարաբաստիկ գիշերը, իրենց մարտական դիրքը, ընկերներին, հազիվ նշմարվող լուսնի մահիկը, չարագույժ մառախուղը եւ նախորդ օրը նշած զինակից ընկերոջ ծնունդը:
Ականջներում դեռ պայթող արկերի ձայներն են:
Մի օր էլ մթնեց. նա ուղեւորվում է տուն, որտեղ իրեն սպասում է ընտանիքը:
♦♦♦
Նա Եռաբլուրում է:
Իր կյանքում կարեւոր փոփոխություններից առաջ եկել է այստեղ: Հիշում է Մոնթեի ծննդյան օրը, զոհված օդաչուների հուղարկավորությունը, զորակոչվելուց առաջ այստեղ գալը, հերոսների շիրիմներին ծաղիկներ դնելը: Հիշում է, թե ինչպես ուրախացավ մի հերոսի մայր, երբ ծաղիկ դրեց նրա որդու շիրմաքարին:
Այժմ այցի է եկել իր զոհված ընկերներին:
♦♦♦
Զորակոչվելուն հաշված օրեր էին մնացել: Արցախ աշխարհ, մի վայր, որտեղ եղել էր ընդամենը մեկ անգամ, բայց հասցրել էր շատ բան տեսնել եւ սիրահարվել բնությանը: Ուսումնասիրում էր Արցախի քարտեզը, հատկապես հյուսիսային սահմանամերձ շրջանները:
Չէր սխալվում…
♦♦♦
Զորամասում խաչքարեր եւ հուշարձաններ են կանգնեցված նորօրյա հերոսների հիշատակին: Ծանոթ անուններ, որոնց մասին լսել, կարդացել էր համացանցում: Նույն վայրում էր հերոսացել իր ծննդավայրում ծնված անորսալի հետախույզը: Այժմ նրան բախտ էր վիճակվել պաշտպանելու նույն մարտական դիրքը, որի պաշտպանության համար զոհվել էին իրեն ոգեշնչած հերոսները:
♦♦♦
Տարիներ են անցել զորացրվելուց: Նա կրկին իր զորամասում է: Ծանոթ սպաներից գրեթե ոչ մեկը չի մնացել. ոմանք զորացրվել են, ոմանք էլ՝ տեղափոխվել այլ զորամասեր: Հարազատ սպաներից միայն մեկին է հանդիպում:
Դատարկաձեռն չի եկել. ռազմարվեստի մասին նոր գիրք է բերել: Ցանկանում է ավագ զինակից ընկերոջ հետ լինել մարտական դիրքում, որտեղ տեղի էր ունեցել դիվերսիայի փորձը:
♦♦♦
Սահմանից հեռու քաղաքում բնակվելն այլեւս դուր չի գալիս նրան: Ցանկանում է զգալ, թե որտեղից է սկսվում պետությունը: Որոշում է տեղափոխվել իր նախնիների սահմանամերձ գյուղը, վերանորոգել պապական տունը եւ ապրել այնտեղ: Նրա փայլուն ապագային հավատացող ընտանիքը մեծ դժվարությամբ է համաձայնում:
♦♦♦
Զոհված ընկերների ընտանիքները որոշել են մարտական դիրքում նրանց հիշատակին հուշակոթող տեղադրել: Սիրով միանում է նախաձեռնությանը: Հուշակոթողի վրա անհրաժեշտ է թեւավոր խոսք փորագրել: Քննարկում են բազում տարբերակներ: Ծառայության ընթացքում իր հնչեցրած «Մի բուռ ազգ ենք՝ մի բուռ հողի վրա» խոսքերն արժանանում են զոհված ընկերների հարազատների եւ զորամասի հրամանատարության հավանությանը:
Հուշակոթողի բացման ժամանակ նա արտասանում է. «Մի բուռ ազգը, որն ապրում է հազարամյակներ շարունակ իրեն պատկանած, իր հոգեմարմնական գծերով բնորոշվող մի բուռ հողի վրա, պիտի պահպանի մի բուռ հող-հայրենին եւ փոխօգնությամբ միշտ առաջ շարժվի»:
Այլեւս նա հավերժ կապված է իր զորամասին, իր մարտական դիրքին, որից վերցրած մի բուռ հողը նրան հաճախ կբերի այստեղ:
ՍԼԱՎԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
N զորամասի սերժանտական խորհրդի նախագահ
Խորագիր՝ #10 (1181) 15.03.2017 - 21.03.2017, Հոգևոր-մշակութային