ԸՆԴՄԻՇՏ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ
Արտյոմ Մելքումյանը Արմավիրի Ծաղկալանջ գյուղից է: Ծանրամարտիկ է, սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում: Ամիսներ առաջ է զորացրվել: Հիմա էլ, երբ սահմանին իրավիճակը լարվում է, Արտյոմի ուշքն ու միտքը իր զինվոր ընկերների ու եղբոր հետ է: Եղբայրը՝ Ալիկը, զինվորական է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է ավարտել, լեյտենանտի կոչում ստացել, այժմ էլ ծառայում է առաջնագծում:
-Տարիներ առաջ կնքված հրադադարը պատերազմի վերջակետը չէր,- ասում է մտահոգ ու շարունակում,- խաղաղ չէ մեր երկիրը. քանի դեռ սահմանին կրակոցներ են հնչում, քանի դեռ զինվոր է զոհվում, պատերազմը չի ավարտվել: Թշնամին միշտ էլ դավադիր քայլերով հիշեցնում է իր ներկայությունը՝ խախտելով ամեն տեսակ պայմանավորվածություն:
Երիտասարդը հիշում է, երբ առաջին անգամ դիրքեր բարձրացավ, 2014թ. օգոստոսյան դեպքերից քիչ ժամանակ էր անցել: Հրադադարի մանր-մունր խախտումներ անընդհատ լինում էին, իսկ 2016թ.-ին դարձավ ապրիլյան քառօրյայի մասնակից: Այդ օրերը երբեք չեն ջնջվի նրա հիշողությունից.
-Երեկոյան ստորաբաժանումը շարվել էր՝ ճաշարան գնալու, զգացինք, որ խառն է դրությունը. անօդաչու թռչող սարք էր երեւացել: Մեր հակաօդային պաշտպանությունը գործի անցավ: Հետո մի փոքր խաղաղվեց, բայց գիշերվա ժամը 2-ին օրապահը բոլորիս շտապ արթնացրեց և կարճ ու կտրուկ ասաց՝ պատրաստ եղեք: Առավոտ վաղ՝ ժամը 5-ին, բարձրացանք դիրքեր: Ճանապարհին մտքերս խառնիխուռն էին, սրտումս տագնապ էր, անորոշություն: Խաչակնքեցի՝ Աստված պահապան…
….Կրակոցներն ամեն կողմից էին: Կյանքը կրակի տակ էր, բայց վախ չկար: Ադրենալին էր… Հերոսությո՞ւնն էր խոսում մեր մեջ, քաջությո՞ւնը, հայրենիքի հանդեպ պարտքի ու պատասխանատվության զգացո՞ւմը, չգիտեմ՝ կոչեք` ոնց ուզում եք, բայց մի բան հաստատ ու հստակ գիտակցում էինք՝ ոչ մի քայլ ետ չենք նահանջելու, թեկուզ մի մատնաչափ ետ գնալը թշնամուն կմոտեցնի մեր շեներին ու օջախներին, մեր հարազատներին… Ավելի համախմբված ու միասնական էինք դարձել: Մեկս մյուսի նկատմամբ ավելի ուշադիր, ավելի սրտացավ, ավելի պատասխանատու, մյուսի կյանքը սեփականից վեր դասող…
Մեր ընկերներից շատերը զոհվեցին… Մեր տարիքին էին, հազար երազանքով, կյանքը այդքան սիրող տղերքը կյանքը տվեցին… Անվանականչին կարդում էին նրանց անունները, ու մենք ասում էինք՝ ընկավ քաջի մահով…
Ապրիլի 4-ին զանգեցի տնեցիներին, որ չանհանգստանան, մի փոքր գոնե խաղաղվեն: Մերոնք գնացել էին Էջմիածին՝ բոլոր զինվորների համար մոմ վառելու…
Արտյոմը բանակից վերադարձել է շնորհակալական նամակով եւ «Գարեգին Նժդեհ» մեդալը կրծքին:
… Հունվարի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում էին կազմակերպել վերջին ամիսներին զորացրված եւ ծառայության ընթացքում խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ: Արտյոմը եւս ներկա էր այդ հանդիպմանը:
-Նախագահն ասաց, որ անկաշկանդ խոսենք բանակային կյանքի խնդիրների մասին, մեր մտահոգությունները բարձրաձայնենք, ի՞նչ կցանկանայինք, որ փոխվեր զինված ուժերում, ի՞նչ տվեց ծառայությունը հայրենիքի առաջ իր պարտքը կատարած զինվորին…,- պատմում է Արտյոմը,- խոսեցինք տարբեր թեմաներից՝ Ղարաբաղյան խնդիր, ծառայության անվտանգության առավել բարձրացում, մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողներին ուսման վարձերի փոխհատուցում և այլն: Ես էլ խոսեցի, ասացի, որ հարկ է սպայի կերպարը հասարակության մեջ ավելի ճիշտ ներկայացնել, նրա հեղինակությունը ավելի բարձրացնել…
Տարբեր հարցեր քննարկվեցին, տարբեր մտքեր հնչեցին: Հատկապես տպավորվել էր մեր նախագահի այս խոսքը՝ զորացրվելուց հետո էլ հայրենիքի զինվորներ եք, որտեղ եւ որ բնագավառում էլ շարունակեք գործունեությունը:
Ծառայությունը, ապրիլյան դեպքերը, մեր մարտական ընկերների կորուստը ավելի թանկ ու հարազատ դարձրին մեր հողն ու ջուրը: Մենք պահել ենք մեր հողը… մենք ընդմիշտ հայրենիքի զինվորներ ենք…
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #10 (1181) 15.03.2017 - 21.03.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում