Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՋԵՐԻ ՀԵՆԱԿԵՏԸ



ՔԱՋԵՐԻ ՀԵՆԱԿԵՏԸԶորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Միքայել Գաբրիելյանի ուղեկցությամբ շարժվում ենք դեպի այն հենակետը, որի ուղղությամբ 2016թ. դեկտեմբերի 29-ին թշնամու դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցման փորձ էր կատարել, եւ մենք, ցավոք սրտի, զոհեր էինք ունեցել: Փոխգնդապետը մտասեւեռ է ու տխուր: Հասկանում եմ՝ դիրքեր տանող ճանապարհը նրա մեջ ահավոր ծանր հիշողություն է արթնացնում: Հարձակման լուրն առնելուն պես արագ արձագանքման խումբը հենց այս ճանապարհով է փութացել դիրքապահներին օգնության…

-Ինձ մի տեսակ մեղավոր եմ զգում, որ այդ պահին իմ զինվորների կողքին չէի: Ճիշտ գնահատելով իրադրության լրջությունը՝ հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանն անմիջապես օգնություն է կանչել ու մարտի բռնվել դիվերսանտների հետ: Հենակետն անցել է շրջանաձև պաշտպանության: Մելիքյանը մինչև վերջ կռվել է: Կռվել ու զոհվել է մարտի դաշտում, խիզախորեն կանգնել է թշնամու առաջ: Իսկ դրանք… Չեմ էլ ուզում զինվորականներ անվանել. բա զինվորականը ջրի վրա մարդ կխփի՞, թեկուզ թշնամիդ լինի… Օձն անգամ ջուր խմողին չի կծում: Սա է հակառակորդի իրական պատկերը՝ նենգ ու դավադիր:

Թշնամու կողմից սահմանի ողջ երկայնքով իրավիճակի սրումը հյուսիսարևելյան սահմանագոտու այս հատվածը է՛լ ավելի վտանգավոր է դարձրել: Դիրքեր տանող ճանապարհն էլ մի մեծ խրամուղու է նման, որից դուրս գալուն պես, մոտիկից տեսանելի են դառնում թշնամու հենակետերը: Փոխգնդապետը «ուազիկի» միջից ցույց է տալիս անգամ կրակակետերը:

-Հակառակորդը մշտապես միտումնավոր սրում է իրադրությունը: Մեր դիմաց նրանց հենակետն է, մի քիչ աջ` մյուսը… Հիմնականում այս երկու հենակետերից են Չինարին գնդակոծում: Իհարկե, հարկ եղած դեպքում, տեղը տեղին սաստում ենք: Մենք ունենք համապատասխան միջոցներ հակառակորդին լռեցնելու, պատժելու համար,-վստահեցրեց փոխգնդապետը:

ՔԱՋԵՐԻ ՀԵՆԱԿԵՏԸ«Ուազիկը» կանգնեց հենակետից քիչ հեռու՝ մի մեծ հողաթմբի հարևանությամբ: Իջնելով մեքենայից՝ փոխգնդապետ Գաբրիելյանը քայլերն ուղղեց դեպի ճյուղերով ծածկված այդ հողաթումբն ու ասաց.

-Այստեղ էր թաքնվել մեր զինվորներին գնդակահարած տականքը, հենց այստեղ էլ սատկացրինք Ադրբեջանի «ազգային հերոսին»:

Հենակետի պատասխանատուն գումարտակի հրամանատարի տեղակալ կապիտան Լևոն Միքայելյանն է: Ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ծառայության նշանակվել հյուսիսարևելյան սահմանամերձ զորամասերից մեկում, ինը տարի ծառայել է առաջնագծում: Վերջերս էլ տեղափոխվել է այս զորամաս: Կապիտանը ներկայացնում է իրավիճակը պահպանության տվյալ հատվածում:

-Դիրքերը իրարից երկու հարյուրից մինչև հազար և ավելի մետր հեռավորության վրա են: Հակառակորդը վերջերս շատ է աշխուժացել, հատկապես՝ մեր ուղղությամբ կրակում է տարբեր տրամաչափի զինատեսակներից: Իհարկե, մենք էլ ձեռքներս ծալած չենք նստում` տեղը տեղին պատասխանում ենք: Հենց պատասխանը ստանում են, մի որոշ ժամանակ սսկվում են:

Մեր հենակետերը սեպի նման խրված են հակառակորդի դիրքերի մեջ: Թվաքանակով շատ, տեխնիկապես վերազինված, ուժեղացված միջոցներով դիրքեր են: Մեր դիրքապահները յուրացրել են նոր զինատեսակների արդյունավետ կիրառման եղանակները, որոնք, անհրաժեշտության դեպքում, հմտորեն գործի են դնում:

Ծանոթանում եմ դիրքապահների հետ: Շարքային Տիգրան Սադոյանը դեկտեմբերյան այդ օրը հենց այս դիրքում է եղել:

-Երբ արթուն հերթափոխը նկատեց ընկած մեր ընկերներին, անմիջապես տագնապի ազդանշան տվեց: Իսկույն անցանք շրջանաձև պաշտպանության: Հետո շարունակեցինք մարտը, մինչև հասան օգնական ուժերը…

Հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Վիգեն Պետրոսյանը ներկայացնում է հերթափոխի անձնակազմը՝ կրտսեր սերժանտ, դիրքի ավագի օգնական Արամ Սարգսյան, նռնականետորդ, կրտսեր սերժանտ Արթուր Մարության, շարքայիններ Սարգիս Հարությունյան, հրաձիգ Նարեկ Անտոնյան, Գագիկ Խաչատրյան, Հրաչյա Հակոբյան, Վազգեն Գևորգյան…

-Ֆիզիկապես ուժեղ, հոգեպես ամուր, մասնագիտորեն լավ պատրաստված զինվորներ են, վարպետորեն են տիրապետում  բոլոր զինատեսակներին, քաջ ծանոթ են տեղանքի բոլոր խոչ ու խոթերին,-իր քաջերին է նկարագրում հենակետի ավագը:

Խրամախորշում դիտարկում էր կատարում կրտսեր սերժանտ Արամ Սարգսյանը: Դիտորդի գլխով էլ քիչ բան չի անցել: Բարևեցի նրան, և ձեռքս «կորավ» նրա ափի մեջ:

-Գնդացիրը մեր Արամի ձեռքում կարծես խաղալիք լինի,- կատակեց հենակետի ավագը:

-Ո՞նց ես, ծառայությունդ ո՞նց է անցնում,-հարյուր տարվա ծանոթի մտերմությամբ հարցնում եմ:

-Շատ լավ, պարոն մայոր,-ինքնավստահ ժպիտով պատասխանում է Արամը:

-Դիտարկման արդյունքներն ինչպիսի՞ն են:

-Այս պահի դրությամբ շարժ չկա ո՛չ հակառակորդի դիրքերում, ո՛չ էլ գյուղի՝ ինձ տեսանելի հատվածում: Աչքիս առաջ թշնամու հենակետն է, անմիջապես ետևում բնակավայր է: Յուրաքանչյուր տեղաշարժ նկատում եմ անգամ անզեն աչքով:

Դիտորդից խնդրում եմ հեռադիտակը եւ խրամաբջջի անցքից «ծանոթանում» եմ տեղանքին, թշնամու հենակետին, կրակակետերին, ցաք ու ցրիվ տներով գյուղ կոչվածին …

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1181) 15.03.2017 - 21.03.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/03/2017