Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ԹՈՂ ԱՄՐԱՑՆԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»



«...ԹՈՂ ԱՄՐԱՑՆԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»Մութն արդեն ընկել է: Հյուսիսարեւելյան զորամասը տարրալուծվել է իրիկնային աղջամուղջի մեջ: Հրամանատարի աշխատասենյակից ամբողջ տեղանքն ափիդ մեջ է, մերձակայքում՝ ոչ մի բնակավայր, ոչ մի լույս, միայն` անտառ ու լեռ: Թեև ուշ ժամ է, զորամասում աշխատանքային եռուզեռ է: Պարզ է` սահմանապահ զինվորականները քուն չունեն, հանգիստ չունեն: Զորամասը թվում է առանձին պետություն, որը չընդմիջվող ուշադրության և հատուկ վերաբերմունքի կարիք ունի: Զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Կիրակոսյանը ծառայության պետի հետ հանդերձանքի հարցերն է քննարկում: Գրեթե հինգ րոպեն մեկ նրա աշխատասենյակի դուռը բացվում է, ներս մտնողները զեկուցում են հանձնարարությունների կատարման մասին: Հրամանատարը շարունակ կարգադրություններ է անում: Ծառայողական հեռախոսն էլ չի լռում. հենակետից զեկուցում են` հակառակորդի ԱԹՍ է նկատվել: Գնդապետ Կիրակոսյանն ինքնավստահ ձայնով անմիջապես հրահանգավորում է. «Բարձրացնե՛լ զգոնության աստիճանը, ուժեղացնե՛լ օդային հետախուզությունը»:

Զուսպ, խստադեմ երիտասարդ հրամանատարը վեց ամիս առաջ է ստանձնել այս ուղղության ղեկավարումը: Նոր սերնդի սպաներից է: Ունի տեսական ու կիրառական բարձր պատրաստվածություն: Անցել է ծառայական  գրեթե բոլոր օղակներով: «Այսօրվա գործը վաղվան մի՛ թող» կարգախոսը նրա  աշխատանքային սկզբունքն է: Համոզված է` մարտական հերթապահություն իրականացնող զորամասում «ցանկացած նախաձեռնություն ծառայում է վաղվա ամրությանը»:

Ահա և մի քանի րոպե ազատ ժամանակ ունի: Խոսում ենք սահմանին տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացրած աշխատանքների մասին: Գնդապետ Կիրակոսյանը պատմում է, որ ապրիլյան իրադարձություններից հետո իրենք եւս վերանայել են զորամասի մարտունակության բաղադրիչները:

-Համալրվել ենք ժամանակակից տեխնիկայով: Ավելացրել ենք կրակային ու դիտարկման միջոցները,  որոնք թույլ են տալիս  արագ կողմնորոշվել ու ճիշտ գործել: Ծավալուն աշխատանք ենք իրականացրել` ամբողջ երկայնքով կահավորել ենք  առաջնագիծը, վերազինել ենք կրակակետերը, ստեղծել ենք արգելափակոցներ: Այնուամենայնիվ, մեր առաջնահերթությունը անձնակազմի ռազմական ունակությունների որակական աստիճանի բարձրացումն է:  Գործնական և տեսական համառ վարժանքների միջոցով ամրապնդել ենք անձնակազմի կրակային պատրաստությունը: Մեր զինծառայողը պետք է արագաշարժ ու ճկուն լինի, պետք է լավ կրակի, քանի որ դիպուկ կրակն է ապահովելու նրա հաջողությունը մարտադաշտում:

Կրակային պարապմունքներից զորամասը լավ արդյունք է գրանցել: Անվրեպ խոցում են իրականացրել հատկապես պայմանագրային դիպուկահարները: Նրանք իրենց վարպետությունը դրսևորել են նաեւ դեկտեմբերի 29-ին` հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս:

-Խափանարար խմբի նպատակը մարդ գերեվարելն էր: Նրանք բաժանվել էին ենթախմբերի, ինչը մի փոքր բարդացրել էր պաշտպանություն իրականացնող անձնակազմի գործը: Մեր արագ արձագանքման խումբը շտապել էր օգնության, գործել էր գրագետ ու կազմակերպված` խուճապ առաջացնելով հակառակորդի հատուկջոկատայինների շարքերում: Այդ օրը թշնամին իր մաշկի վրա զգաց մեր պայմանագրային տղաների հարվածելու, սանձելու, զոհված ընկերների համար վրեժխնդիր լինելու վճռականությունը,-ասում է հրամանատարը, որ հատուկ նշանակության ստորաբաժանման հետ հասել էր մարտական հենակետ և անձամբ ղեկավարել դիվերսանտներին ոչնչացնելու գործողությունը:

Ադրբեջանական կողմը այս ուղղությունում որդեգրել է դիպուկահարների ու ներթափանցման միջոցով ճնշում գործադրելու մարտավարությունը: Բավականին զուսպ է հրետանային տեխնիկա կիրառելու հարցում, ինչը, ըստ հրամանատարի, ամենևին էլ պատահական չէ:

-Մենք սահմանի գրեթե ամեն հատվածում դիրքային առավելություն ունենք, տեղակայված ենք գերիշխող կետերում: Ակտիվ գործողություններով հաշված րոպեների ընթացքում կարող ենք լռեցնել հակառակորդի կրակակետերը: Մեր նշանառության տակ է ադրբեջանական մի քանի բնակավայր: Լավ են հասկանում` երկար մարտ վարել չեն կարող, ունակ չեն: Ստիպված են լինելու անպաշտպան թողնել սեփական ժողովրդին:

Դիտարկելով, վերլուծելով ադրբեջանական զինուժի գործելաոճը` հրամանատարը եկել է այն եզրահանգման, որ, այնուամենայնիվ, սահմանին արձակված ոչ մի կրակոց պատահական չէ, այլ՝ վերին օղակների կողմից հրահանգավորված սադրանք:

-Ամեն հինգշաբթի ադրբեջանական դիրքերից նշանացուցված կրակ են վարում մեր հենակետերի և մերձակա երկու գյուղերի ուղղությամբ: Կարծում եմ` ստորաբաժանումների ներդաշնակման խնդիր են լուծում, ստուգում են  սպառազինության միջոցները: Ինքնահաստատվում են:  Միանշանակ սա կառավարվում է մի կետից:

Մենք չենք կարող, իրավունք չունենք աչք փակելու թշնամու ստորության վրա:  Մեր պատասխանը միշտ կրկնապատիկ կոշտ է: Ավելին` այսօր ոչ միայն պաշտպանության ենք պատրաստ,  այլեւ` հարձակողական, հակահարձակողական գործողությունների: Այնպես որ` հակառակորդը թող պատերազմով մեզ չվախեցնի: Ես եմ նրանց զգուշացնում` թող ամրացնեն սեփական պաշտպանությունը…

 

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #10 (1181) 15.03.2017 - 21.03.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/03/2017