ԻՍՐԱՅԵԼԸ ՈՒՐՎԱԳԾՈՒՄ Է ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Վերջին կես տարվա ընթացքում չորրորդ անգամ Մոսկվա է այցելել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Թեման» կրկին եղել է Սիրիան: Նեթանյահուն փորձել է կանխել Սիրիայում Իրանի դերակատարության հետագա մեծացումը: Նա ուրվագծել է Սիրիայում իր երկրի համար Իրանի եւ նրա դաշնակիցների ռազմական ներկայության պահպանման անընդունելիությունը հակամարտության հնարավոր կարգավորման պայմանավորվածությունների շրջանակներում:
Հանդիպումների ընթացքում իսրայելական կողմը նշել է, որ դեմ չէ Բաշար ալ Ասադի նախագահությանը Սիրիայից «Հեզբոլլահ» խմբավորման հեռացման պայմանով: Վարչապետը հույս է հայտնել, որ Մոսկվան կազդի Իրանի վրա այդ հարցում:
«Հեզբոլլահը» իր ռազմական ենթակառուցվածքներով սպառնում է հրեական պետության անվտանգությանը։ Սիրիական հակամարտության շարունակվելու դեպքում «Հեզբոլլահը» կարծես թե «շեղվում է» իր հիմնական՝ Իսրայելի կործանման գաղափարից՝ կենտրոնանալով սուննի տարբեր խմբավորումների դեմ ռազմական գործողությունների վրա: Սակայն նույնիսկ այդ դեպքում Իսրայելը չի կարող հանգիստ հետեւել խմբավորման հզորացմանն ու հաջողություններին: Իսկ եթե Իսրայելը հարվածի «Հեզբոլլահին», կարող է թուլացնել Սիրիայում ջիհադականների դեմ պայքարող ուժերը։ Ավելին, «Հեզբոլլահը» կպատասխանի նաեւ Լիբանանի տարածքից, եւ Սիրիական խնդիրը կվերաճի տարածաշրջանային խոշոր պատերազմի:
Իրանը եւ «Հեզբոլլահը» հրեա հասարակությանը միավորող գործոններից են: Ըստ Թել Ավիվի՝ Իրանի ներկայությունը Սիրիայում պետք է լինի նվազագույնը, եւ Իսրայելը կգնա ցանկացած քայլի իր անվտանգությունն ապահովելու հարցում: Պատերազմը կարող է լինել ճանապարհներից մեկը, բայց Թել Ավիվում փնտրում են նաեւ այլ միջոցներ եւ խիստ կարեւորում են Մոսկվայի դերակատարությունը: Չեն բացառում համագործակցությունը նույնիսկ Բաշար ալ Ասադի հետ՝ կարծելով, որ վերջինս չի ցանկանա խաղաղության հաստատումից հետո դառնալ Թեհրանի կամ «Հեզբոլլահի» կամակատարը:
Մոսկվային էլ պետք է պահպանել հավասարակշռությունը Թել Ավիվի եւ Թեհրանի միջեւ: Ռուսաստանը, բնականաբար, հակված է պահպանելու իր գերակայությունը, քան մեծացնելու որեւէ երկրի դերակատարությունը տարածաշրջանում:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #10 (1181) 15.03.2017 - 21.03.2017, Տարածաշրջան