ԿԿԱՆԽՎԻ՞ ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ԲԱԽՈՒՄԸ
ԱՄՆ գործող վարչակարգը փորձում է հարթել սիրիական հակամարտության շրջանակներում իր երկու հիմնական դաշնակիցների՝ Թուրքիայի և «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» միջև հակասությունները: Սիրիայի քրդերին և Թուրքիային փորձել է հաշտեցնել Բարաք Օբամայի վարչակարգը, բայց ապարդյուն. արդյունքում քուրդ-թուրքական հակասություններն ավելի են սրվել և բարդացել:
Թուրքիան Սիրիայում փորձում է անկախ գործել՝ մեծացնելով իր զորքերի թիվը սիրիական տարածքներում, միաժամանակ կանխելով այդ շրջանների անցումը թե՛ կառավարական, թե՛ քրդական զորքերին:
Բնական է, որ թուրքական կողմը չի բավարարվում միայն ԻՊ-ի դեմ գործողություններով՝ հաճախ նաեւ հարձակումների թիրախ դարձնելով քրդական դիրքերը: Սահմանամերձ Ջարաբլուսից ու Ալ-Բաբից իսլամիստ զինյալներին հեռացնելուց հետո թուրքական զինված ուժերի և նրանց հովանավորյալ «Սիրիական ազատ բանակի» որոշ ստորաբաժանումների նշանառության տակ է հայտնվել քրդական կարևորագույն հենակետերից մեկը՝ Մանբիջ քաղաքը, որը գրավելու մասին թուրքական տարբեր մակարդակի պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել:
Քրդական զորամիավորումների դեմ պայքարը օրինականացնելու նպատակով Անկարան մի քանի ամիս է՝ ակտիվ բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ՝ առաջարկելով Սիրիայում ԻՊ-ի կենտրոնատեղի համարվող ալ-Ռաքքա քաղաքի «ազատագրման» գործողության մեջ ներգրավել թուրքական ստորաբաժանումները և հրաժարվել քրդերի աջակցությունից: Ամերիկյան կողմը դեռևս չի կողմնորոշվել այդ հարցում: Մանբիջի ուղղությամբ թուրք-քրդական հնարավոր բախումը կանխելու նպատակով ԱՄՆ-ը Իրաքի քրդական հատվածի Բաշուր շրջանից հատուկջոկատայիններ և զինտեխնիկա է տեղափոխում Մանբիջի շրջակայք՝ հակամարտ կողմերի միջև ձևավորելով միջանկյալ գոտի:
Քրդական հարցը Թուրքիայի շուրջ զարգացումների կարևոր գործոններից է: Այն արդեն մեծ դեր է խաղում Սիրիայի խնդրում պայմանավորվածությունների ձեռք բերման համար: Մոսկվա կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահը փորձել է համոզել Կրեմլին՝ ազդելու Սիրիայի կառավարության վրա, որպեսզի բացառվի քրդական ստորաբաժանումների ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, սակայն Մոսկվան վերահաստատել է քրդական հարցում իր չեզոքությունը:
Սիրիական հակամարտության ներկայիս շրջափուլում Անկարան փորձում է ցանկացած գնով առաջ քաշել իր ազգային շահերը: ԱՄՆ նոր վարչակարգը հակված չէ ամբողջությամբ վատացնելու հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց նաև չի ցանկանում զոհաբերել իր դաշնակից քրդերին: Գրեթե նույն դիրքորոշումն ունի նաև Մոսկվան:
Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Ռազմաքաղաքական