Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂԱՆԴԱՀԱՐ



Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ՂԱՆԴԱՀԱՐՖարուխի համբերությունը հատեց վերջնականապես, երբ Նուդդինը թաթը գցեց կոնյակի շշին… Տղան վնգստոցով դուրս թռավ դռնից, եւ շուրջը միանգամից հանդարտվեց, ոնց որ անապատի թաթառի քաշվելուց հետո։ Անախորժ մթնոլորտը լիցքաթափելու նպատակով առաջարկեցի մի-մի բաժակ խմել, ինչպես ասում են՝ ծանոթանալ մոտիկից՝ ներս կանչելով նաեւ կարգազանցին։

-Երեւում է՝ երեխասերն եք, հրամանատար,- ծնողական իմացությամբ մեջ բերեց Ֆարուխը։

-Հա՛, երեխաների նկատմամբ թուլություն ունեմ, հատկապես՝ սրա նման աչքաբացների,- թվացրի՝ միմիայն Նասիմեին հանգստացնելու համար, որ կարծես կատարվելիքի խայտառակ շունչը նախազգալով՝ չգիտեր՝ լա՞ց լինի, թե խնդա։ -Եղբայրդ հեռուն կգնա, քույրի՛կ, իսկական տղամարդ է մեծանում, քեզ՝ թեւ ու թիկունք, ես նրան շատ եմ հավան, թխի գա, ախպոր տղա,- ի տես հոր եւ աղջկա՝ ձեռքս մեկնեցի նամռոտ չարքին։

Բռնելով նրա կոշկոռ ափը՝ միտումնավոր սեղմեցի ճմլելու աստիճան, ինչից նա  ցավագին ծռմռեց լղրճուկ կերպարանքն ու դժգոհ ծղրտաց։ Ֆարուխն առերեւույթ գլուխ չհանելով՝ գժտվո՞ւմ ենք նորից, թե իսկապես էլ հաշտվում,  գերադասեց չեզոքություն պահպանել,  սակայն Նուդդինը նույն պահին, առանց երկար-բարակ ծամծմելու, տեղում փարատեց հոր կասկածները։ Անիծված զեռունը բերանն առավ բութ մատս ու այնպես կծեց, որ աչքերիս դեմ միանգամից մթնեց, եւ քիչ մնաց անտանելի ցավի հանկարծակիությունից կոկորդով մեկ ոռնայի… Բայց եւ այնպես, հասցրել էի պաշտպանական կռինչ արձակել՝ ահաբեկելով հորը եւ աղջկան, որ կռահեց  ավագ Լաֆրայի մոլեգնության նոր՝ ահարկու ալիքի պայթելը եւ  անպատվության ամոթից լաց եղավ։

-Նրան կներեք, չէ՞, հրամանատա՛ր, կներեք, չէ՞,- հոնգուր-հոնգուր արտասվում էր փերին,- Բուրխանուդդինը վատը չի, էլ չի անի, նա ինձ էլ է խածնում, հենց որ սովածանում է… պետք չի նրան ծեծել… մաման մեզ չէր ծեծում…

Նասիմեի՝ իր իսկ օրինակով եղբորը արդարացնելը ոչ այլ ինչ էր, եթե ոչ օտարի աչքի առաջ հարազատի նվաստացումը («մաման մեզ չէր ծեծում») կանխելու եւ իհարկե «շուրավի կոնտրոլի» բարեհաճությունը չկորցնելու հուսահատ հոգու ճիչ։

-Լաց մի՛ լինի, քույրի՛կ, դատարկ բան է, մարդ մարդու կծածից չի մեռնի։

Արնոտ բութս վեր ցցած՝ սկսեցի անփույթ խաղացնել օդում եւ, ցավին մի կերպ դիմանալով (զզվանքը ամբողջ ուժով էր կծել), զավեշտալի ծամածռություն ցուցադրել, որն էլ, հակառակ իմ ծաղրածուական ապաշնորհության, հարուցեց Նասիմեի, մի տեսակ, անբնական-կսկծու ծիծաղը եւ նույնիսկ վարակեց Նուդդինին ու հորը, որի դեմքին ժպիտի ինչ-որ տարակա նշաններ էին գոյացել… Եվ տակավին անհայտ էր՝ իրականում ի՞նչ շարժառիթով:

…Գուցե այստեղ՝ այս հինավուրց երկրում նույնպես եղել են զվարթուն-բարեբախտ ժամանակներ, երբ մարդիկ աներկյուղ ու անարգել խմբվել են թաղերում, բակ ու գավիթներում՝ թամաշա անելու միջնադարյան մոգերի հրաշագործ հնարքները։ Գուցե Ֆարուխ Լաֆրայն էլ ինչ-որ ժամանակ անհոգ ժպտացել է աշխարհին…  Ով գիտե՝ թերեւս հենց այս՝ ծիծաղի նմանող դիմախաղն էլ երջանիկ անցյալի վերապրո՞ւկ էր հիշեցնում։ Ես դեռ չեմ հանդիպել ոչ մի ուրախ աֆղանցու։ Ժպիտը իսպառ վերացել է մարդկանց շուրթերից՝ վերածվելով անեծքի։

Փերին, ի վերջո, հանդարտվեց եւ գնաց քնելու։ Քուն մտավ նաեւ Նուդդինը։

-Ներողամիտ եղեք, հրամանատա՛ր, դուք մեծահոգի անձնավորություն եք, ինձ կհասկանաք,- մեղա եկավ Ֆարուխը։ -Իմ լակոտը, ճիշտ է, չափն անցնում է՝ անտաշ է, թամահկան, բայց նա, հավատացեք ինձ, մեղք չունի, մեղավորը որբությունն է, մեկ էլ՝ մարդակեր պատերազմը…, -կոնյակը զորում էր։ -Նրանց մայրը, տարին թամամեց, մահացավ. անիծված նոխազը պոկվել էր հոտից, լուսահոգին էլ՝ նրա հետեւից… Ոտքը առել էր հակատանկային ականի… Դաժան մահ էր, հրամանատա՛ր… այծը փրկվել էր, իսկ նրանից բան չէր մնացել, Նասիմեն ու Բուրխանուդդինը էդ բոլորը իրենց աչքով տեսել, իրենց անուժ ձեռքերով էլ հողին են հանձնել մոր կտորտանքը… -Ֆարուխի արցունքները ներս էին լցվում՝ առաջ բերելով խորխաբեր հազի նոպա։ -Մեր կողմերում տուն չկա, որ անհեր-անմեր երեխեք չլինեն, թեւ ու ոտը կտրած՝ խեղանդամ մարդիկ չլինեն՝ ահել թե ջահել… Բուրխանուդդինը մոր հետ շատ էր կապված, ամբողջ օրը պտտվում էր կնոջս փեշի հետ, իսկ հիմա… դուրս է ընկել, առավոտից իրիկուն չափչփում է կայազորի տարածքում, տանում է ու բերում, տալիս է ու առնում, բայց դրանից մեզ օգուտ չկա։ Նա իր պստիկ ուղեղով կարծում է, թե, շուրավիին խաբելով ու անպատվելով, մոր մուռն է հանում… Ոչ էլ ձեզ խնայեց, նա մեղավոր չի, հրամանատար, ատելությունը փոքրուց կուրացրել է…։

-Աստված է վկա, հավատացեք՝ ես ոչ ոքի չեմ սպանել…- արդարացա, ինչպես Ահեղ Դատաստանի օրը։

-Կներեք հիմարիս, հրամանատա՛ր, շարունակ լեզվիս եմ տալիս. դուք առաքինի, պարկեշտ մարդ եք երեւում, ձեզ ոչ ոք չի վատաբանում, մտքներովս էլ չի անցնում, չկարծեք, մենք միշտ բարի կհիշենք ձեզ: -Մեզ իշխողը արդարեւ փոխվստահության, եթե չասեմ՝ բարիդրացիական զգացումն էր:- Աղջիկս ճիշտ է ասում՝ դուք մեր պահապան հրեշտակն եք։  -Սկզբում կարծում էի,- շարունակեց հերթական խումից հետո,- թոջիկ* ազգից եք, թեպետ ձեր պարսկերենը ուրիշ առոգանություն ունի, հայացքն էլ շիտակ է։ Պատահում է՝ նայում ես մարդու աչքերին, բայց ներսը չի երեւում, ինչ-որ պղտոր փառ կա, որ չի թողնում մոտենաս… իսկ դուք միանգամից մեր սրտի հետ խոսեցիք։ Դուք՝ հայերդ,- սկսեց զարմացնել,- բարեպաշտ մարդիկ եք, պատվիրաններ հարգող, ձեր սրտում ե՛ւ դժոխքի համար տեղ կա, ե՛ւ դրախտի։ Իսկ մենք, արդեն քանի տարի, դժոխքում ենք ապրում. էնպես որ՝ ես ու երեխեքս խոզի մսից պաշտետ էլ ենք ուտում (թե որ ձեռք է ընկնում), հայկական կոնյակի հարգն էլ ինձ ծանոթ է,- պարծեցավ աշխարհիկ մարդու պես։

-Պետք է ենթադրել՝ ժամանակին կոնյակի առեւտրով եք զբաղվել,- հեգնեցի ազգային մենաշնորհի դիրքերից։

-Առաջներում, մինչեւ պատերազմը,- գնաց, որ հեռվից գա,- երբ դեռ Մազարի Շարիֆում էի ապրում, մի քանի հեղինակավոր հայի հետ գործ եմ ունեցել։ Նրանք տեղի քիմիական գործարանում էին աշխատում, իսկ ես գործարանի պահեստում էի. առաջին անգամ հայկական կոնյակ նրանք են ինձ պատիվ արել։  Երբ պատերազմ ծագեց, հայերը թողեցին իրենց բան ու գործը եւ հեռացան Խորհրդային Միություն, նրանցից ինձ հիշատակ մի քանի շիշ կոնյակ մնաց, որոնք ես հաջող փոխանակեցի եւ սկսեցի խաշնարածությամբ զբաղվել, բայց ծնողներիս սպանվելուց հետո (ինքնաթիռի ռումբն ընկել էր մեր տան վրա եւ տակովն արել հալիվոր հորս ու մորս, լավ էր՝ կինս երեխեքի հետ դրսում էր… Խեղճ Ախթաթ, ինչ իմանար, որ չի փրկվելու…) ստիպված էի ընտանիքով տեղափոխվել Ֆայզաբադ՝ եղբորս մոտ, որտեղ նորից տունուտեղ հիմնեցի՝ անասուն առա, նշի ծառեր տնկեցի, մի խոսքով՝ մեր քիչը մեզ բերնեբերան հերիքում էր, սակայն տեղի շուրավին եւ մոջահեդները** իրենց հալ ու մաշ անող հարկահանությամբ ինձ հասցրին  սնանկացման եզրին։ Ես էլ կոպեկի գնով վաճառեցի ունեցած-չունեցածս եւ կնոջս ազգականների խորհրդով  Ֆայզաբադից երկու տարի առաջ քոչեցի Ղանդահարի նահանգ։ Դժվար էր, ապրելու տեղ չունեինք, գիշերում էինք որտեղ պատահի, մինչեւ որ ձեր պարետի հետ ծանոթացա, շատ խնդրեցի, ստորացա, որպեսզի թույլ տա երեխեքիս հետ բնավորվեմ այս ժամանակավոր կացարանում, որը դեռ մեկ տարի առաջ դատարկ էր։ Փառք երկնավորին, ես ոչնչից չեմ դժգոհում, բայց, ինչպես ասում են, հրամանատա՛ր, առաջվա պես մեր սատկած էշը ձի չի դառել։

-Որքան հիշում եմ, Սատանի կամրջին ձիու վրա էիք,- նկատեցի կեսկատակ-կեսլուրջ։

-Ախ, հա՜, ձին իմը չէր, այլ կնոջս ազգականինը. թե որ հարկ է լինում գործով բացակայել, նրանց գրաստը վարձում եմ քիչ ու միչ գումարով, ինչ արած՝ ամեն ինչի համար վճարել է պետք։

Կեսգիշերային թեյախմությունը արեւելցու հյուրընկալ հարկի տակ անճանաչ օտարերկրացու համար մի առանձնակի իմաստ եւ խորհուրդ է ստանում, երբ վրա է հասնում հյուրասիրության գերագույն՝ «հաղորդության պահը»։ Ֆարուխը խորհուրդ տվեց թուլացնել նյարդերը եւ, առօրյա դարդ ու ցավից կտրվելով, երկրային ոլորտից թռիչք կատարել եթերայինի անիմանալի սահմանները, դեպի ուր թռչող գորգի հանգույն մեզ տանելու էր նարգիլեի  «հոգեպարար-կախարդական ծուխը»։  Նա ինձ ծերուկ Խոտտաբիչ էր ներկայանում, մեկը, որ դուրս էր եկել դարավոր նարգիլեի միջից եւ հիմա  իմ առջեւ դրսեւորում էր օկուլտիզմին հատուկ իմացություն եւ կենսափորձ…:

Մինչ տանտերը գործի էր դնում իր «տրանսցենդենտալ ապարատը», ես, որ շրջապատի ամեն տեսակ վատասերող, արատավոր  ազդակներից ինձ զերծ պահելու դաստիարակություն էի ստացել եւ նույնիսկ պատանությանս տարիներին, հոգատար ծնողիս ձեռքը բռնած, հաճախել էի «Թմրամոլությունը- սոցիալիստական հասարակարգին սպառնացող կապիտալիստական  չարիք» նշանաբանով թեմատիկ-հանրակրթական սեմինարների, մտաբերեցի հորս արձագանքող պատգամը. «Տես, հա՜, ազնվական արյունդ չպղտորես»։ Բայց եւ, տեսնելով տանտիրոջ գործնական հափշտակությունը (նա զմայլանքով խելառ խոտ էր լցնում ղայլանի մեջ եւ խորամանկ կանխավայելումով քթի տակ դնդնում էր)՝ հասկանում էի, որ «հանուն  ժողովուրդների բարեկամության» հարկադրված եմ լինելու տուրք տալ թեթեւսոլիկ-վաղանցուկ զգայական խաբկանքին՝ ինքս ինձ  մխիթարելով մի շատ տխուր վիճակագրությամբ՝ քանի՜-քանիսն էին իրենց ջահել կյանքը մաշում «ասեղի վրա նստած»…

Մի քանի անհեթեթ, մնջախաղային րոպեներից հետո ձեռքս առա նարգիլեի փողրակը, որի ծայրին լեզվակ էր տալիս դամի եկած ծխի թանձր շիթը, եւ բավարարվեցի կայֆի համեստ չափաբաժնով։ Ընդունելով էստաֆետը՝ Ֆարուխն անմիջապես տարվեց իր «հոգեւոր պահանջմունքներին հագուրդ տալով»՝  ագահորեն ներս քաշելով հաշիշածուխը, որը մերթ ընդ մերթ համեմում էր հնդկական թեյի սառը  թուրմով։ Նա՝ տարօրինակ արբեցման կամ էլ վերացման վիճակում, ինչպես անկշռելիության մեջ, անկաշկանդ-ներդաշնակ պտույտներով շարունակ շարժում էր ահագին գլուխը՝ ասես հունցելով կպչուն-խառնակ մտքերը։

-Աստված հաջողի, աշնանը Նասիմեին փառք ու պատվով մարդի կտամ:-  Հարբածի պես ման ածեց աչքերը:

-Ո՞նց թե…- կարկամության հառաչ դուրս թռավ կոկորդիցս:

-Ադիղուլլա խանը Ղանդահարի քարվանսարայի մեջ տեսավ Նասիմեին եւ շատ հավանեց: Կանչեց մեզ իր օթախը, հարգեց ու պատվեց եւ հայտնեց, որ ուզում է աղջկանս կնության առնել՝ խոստանալով ծանրակշիռ ղալիմ: Ես, իհարկե, միանգամից կոտր չընկա եւ հասկացրի նրան, որ իմ թալիսմանն ինձ համար անգին գանձի արժեք ունի, բայց եւ շնորհակալ եղա ազնվազարմ խանին՝ անարժանիս հանդեպ ցուցաբերած մեծահոգի վերաբերմունքի համար: Խնդրեցի, որ «գործարքը» տեղը տեղին ծանր ու թեթեւ անելու ժամանակ տա… Խանը սիրահոժար համաձայնեց եւ նույնիսկ այնքան բեհ տվեց, որ կարող եմ ուզածս տեղում առեւտրի կրպակ բացել:

Ահա թե ինչ նկատի ուներ, երբ ասաց. «…թե որ մի օր մեր մեկը երկուս դառնա….»։

-Նասիմեն երեխա է, նրան տիկնիկ տուր, կխաղա:

-Դուք չտեսնված շուրավի եք,- քիչ-քիչ թոթափում էր բժժանքը,- բարեգութ տերը թող ձեզ էլ ձեր զավակների երջանկությունը  տեսնելու բախտին արժանացնի. ես իմ գանձը մեծ զրկանքների գնով  եմ շահել-փայփայել, ու հիմա ճանս ֆռռացել-ընկել է կողի…։ Մարդ կա՝ իր ոչխարի կտիտը չամիչի տեղ է սաղացնում, մեկելի չամիչը նամշում է քաղցրությունից. ես իմ գնորդի տեղն արել եմ։ Աղջիկս էլ, կարծում եմ, չեք առարկի, կարոտ է հոգատար ձեռքի։

Մի բանում միայն համակարծիք էի՝ Նասիմեն արժանի էր լավ բախտի։

-Նասիմեն երեխա չի… հրամանատար:

-Ադիղուլլա խանը խռովարարների պարագլուխ է, ռազմական հանցագործ,- ասացի` մանդրաժից խոսքեր չգտնելով։ -Հետախուզությունը վաղուց է նրա պոչին նստել, շուտով կբռնեն դահիճին եւ, ով իմանա, գուցե տեղում էլ հաշիվները մաքրեն։ Էն ժամանակ… ի՞նչ եք անելու:

-Էդ ձեզ համար է խռովարար, իսկ ինձ համար՝ մեծ բարերար ու արժանավոր մարդ, եթե կուզեք՝ հարազատ հայր… Նրան բռնելն էնքան էլ հեշտ բան չի…: – Այս խոսքերի վրա հանկարծ ջղային, խեղդող հազ բռնեց, եւ Ֆարուխը լիովին սթափվեց վնասարար թմբիրից։ -Ասենք, իմ ի՞նչ բանն է՝ կբռնե՜ն, պատին դեմ կտա՜ն… Խաների տեղը դժոխքն է, ես նրան աղջիկ չունեմ տալու,- անմեղ զոհի կեցվածք ընդունելով՝ բերանի մեջ լմլմացրեց նաբաթ-շաքարը։

Նույն պահին բացօթյա պատշգամբի խորքից պարզորոշ լսվեց Նասիմեի ձայնը. «…մեզ չե՞ք սպանի… մաման մեզ չէր ծեծում… չեմ ուզո՜ւմ…»։ Աղջիկը քնի մեջ քիչ էլ տառապեց ու խաղաղվեց՝ մանուկ հոգու սարսափը փոխանցելով ինձ։ Ուզեցի մոտենալ, նստել կողքին, չքնաղ գլուխն առնել ափերիս մեջ եւ գոռալ ի լուր աշխարհի՝ «Մարդի՜կ, Նասիմեն  երազում ի՛նձ է տեսնո՜ւմ»։

 

Շարունակելի

 

* Տաջիկ

** Հավատի մարտիկ (արաբ.)

 

ԳԱԳԻԿ  ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Հոգևոր-մշակութային


23/03/2017