ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Ես Մերի Աննա Քեսաբլյանն եմ: Ես շատ հպարտ եմ, որ իմ հայրենիքը քեզ նման երիտասարդ ունի, որ իրեն պաշտպանում է: Ես չեմ կարողանում մտածել, թե դու ու քո ընտանիքը ինչ եք զգում իրարից հեռու: Սրտիս մեջ զգում եմ, որ պատերազմ չի լինելու, դու վերադառնալու ես տուն ու ընտանիքիդ հետ միասին ապրելու ես խաղաղ ու երջանիկ: Ամեն օր աղոթում եմ քո ու մյուս զինվորների համար: Շուտով տուն հասիր, քաջ զինվոր:
Սիրով` Մերի Քեսաբլյան
♦♦♦
Որտեղի՞ց սկսեմ ձեզ շնորհակալություն հայտնել, իմ հայ զինվորներ: Ձեր շնորհիվ մենք քայլում ենք դեպի խաղաղություն: Դուք ոչ միայն մեզ համար եք կռվում, բայց եւ մեր պապերի: Դուք մեզ հպարտ եք պահում եւ ոգեւորում եք, որ մեր հայրենիքը պաշտպանենք: Ես հնարավորություն չեմ ունեցել անձամբ ձեզ շնորհակալություն հայտնելու, բայց միշտ հիշեք, որ մենք ձեզ հետ ենք եւ ձեր կողքին:
♦♦♦
Սիրելի զինվոր, բարեւ, իմ անունը Էրիքա է: Ես սովորում եմ 6-րդ դասարանում, 11 տարեկան եմ: Շատ եմ սիրում խաղալ բասկետբոլ, վոլեյբոլ: Ես գնում եմ Մարի Մանուկյան-Դեմիրճյան վարժարան: Շնորհակալ եմ, որ դու պաշտպանում ես մեր երկիրը, քո գործը շատ դժվար է: Դու շատ ուժեղ ես, որովհետեւ մեր երկրի համար կռվում ես: Խնդրում եմ, պատմի՛ր, թե ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ: Այսքանը, սիրով՝ Էրիքա Ասատրյան:
♦♦♦
Սիրելի՛ հայ զինվոր,
Սրտիս խորքից շնորհակալություն եմ հայտնում քեզ եւ բոլոր հայ բանակին ձեր զոհողությունների համար: Ես որպես հայուհի հպարտ եմ հայրենիքովս: Գիտեմ, թե առանց ձեր քաջության դժվար կլիներ ունենալ մայր հայրենիք: Մեր ցավալի պատմությունն իմանալով՝ ավելի պարծանք եմ զգում ձեր ամենօրյա պայքարով, որպեսզի պահպանեք մեր հրաշալի երկիրը, հարուստ մշակույթը, հաճելի ավանդությունները եւ քրիստոնեական հավատքը: Աստված ձեզ ուժ ու կարողություն թող պարգեւի, որ շարունակեք այս կարեւոր գործը:
Ձեզ միշտ սիրող եւ մեծ հպարտությամբ` Ալին Խաչերյան
♦♦♦
Հայ հերոս զինվորին
Դու մեր պարծանք, ազգի զինվոր,
Պաշտպան հողի հայրենական,
Մոր կաթի պես սուրբ, անարատ,
Դու պահեցիր հողը հայկյան:
Կրծքով ելար ոսոխի դեմ,
Պատնեշ դարձար մի անխորտակ,
Քո տաք սրտով պատանեկան
Անտեսեցիր վախ ու սարսափ:
Սուրբ Վարդանի ոգով օծված,
Հայի՛ որդի, կռվի ելար,
Ափսոս, հեղվեց արյունը տաք,
Ընկերներիդ` քաջ հարյուրակ:
Անեղծ պահած մեր հողն Արցախ,
Հիմա տունդ ես վերաշինում,
Որպես հերոս` Ազգի պարծանք,
Մեր սրտերն ես փառավորում:
ՎԻՈԼԵՏԱ ՂԱՐԱԳՈՒԼՅԱՆ
Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցի
XII դասարան, գյուղ Մեծ Խանչալի
Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Բանակ և հասարակություն