ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Սա Հայաստանն է, եւ վե՛րջ…
Լեոնիդ Ազգալդյան
Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն ստեղծեց «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը եւ սկսեց օժանդակել քաշաթաղցիներին: Այս տարիների ընթացքում հիմնադրամի նախաձեռնությամբ Բերձորում հիմնվել են պուրակներ, որոնք կոչվում են հայ մշակույթի նշանավոր գործիչների եւ Արցախյան գոյամարտի հերոսների անունով՝ Ստեփան Ալաջաջյանի, Մոնթեի, Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի եւ այլոց: Մարտի 19-ին Հակարի գետի ձախ ափին հիմնվեց Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակին նվիրված պուրակը: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր: Պուրակի ցուցանակը բացելուց հետո Արամ Սիմոնյանն ասաց.
-Լեոնիդը համալսարանական էր, եւ մենք բախտ ենք ունեցել տեսնելու նրան, աշխատելու նրա հետ: Այսօր հիմնում ենք նրա անվան պուրակը եւ ոգեկոչում խոր հարգանքով ու այն համոզվածությամբ, որ նրա գործը այսօր էլ շարունակվում է երիտասարդների կողմից:
Ինչպես ընդունված է, յուրաքանչյուր ծառատունկի ժամանակ Գուրգեն Մելիքյանն է տնկում առաջին շիվը եւ արտասանում Լեւոն Զավեն Սյուրմելյանի (1905-1995) «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը:
Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գեւորգ Արշակյանը 4-րդ անգամ է մասնակցում բերձորյան ծառատունկին: Հավատում է՝ այսօրվա տնկիներն էլ են դառնալու հզոր ծառեր: Նույն ֆակուլտետի առաջին կուրսեցի Մարիա Պետրոսյանն առաջին անգամ է այցելել Արցախ: Վստահ է՝ իր տնկած ընկուզենու բերքից շատերն են օգտվելու:
Ծառատունկին մասնակցում էր «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը: Խմբի անդամները յուրաքանչյուր տնկիի մոտ հանդես էին գալիս մարտական պարերով: Նրանց էին միանում նաեւ ուսանողները: Միջոցառումն առանձնահատուկ խորհուրդ ունի «Կարինի» գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի համար. նա եղել է Լեոնիդ Ազգալդյանի զինվորը:
-Ամեն անգամ սիրով ենք մասնակցում ծառատունկին, հիանում ու զարմանում ենք Գուրգեն Մելիքյանի աշխատասիրությամբ:
Արցախ կատարած ճանաչողական այցից հետո Երեւան վերադառնալիս ԵՊՀ ուսանողները կանգ առան Մոնթեին նվիրված պուրակի մոտ, որտեղ հուշաքարին գրված է հերոսի խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Բանակ և հասարակություն