Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԸ` ԻՆՔՆԱԹԻՌԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ



ԿՅԱՆՔԸ` ԻՆՔՆԱԹԻՌԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՑՄանկությունը մի մեծ ու լի պարտեզ է: Ու այդ պարտեզից հեռանալիս մենք անպայման մի կարեւոր, շատ կարեւոր բան ենք վերցնում, որ ամբողջ կյանքում մնում է մեզ հետ: Սրանք իմ խոսքերը չեն, ինչ-որ գրքում եմ կարդացել: Ու հիմա պատմում եմ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանին:

-Իսկ դու ի՞նչ ես վերցրել,- հարցնում է նա:

Ես գեներալի աշխատասենյակում եմ, բայց այս անգամ չեմ եկել, որ հարցնեմ, թե ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել Ավիացիոն համալսարանը վերջին տարիներին եւ ինչում է թերացել: Ես փորձելու եմ հասկանալ, թե ինչպիսին է կյանքը ինքնաթիռի պատուհանից` իր 25 տարիները բանակին նվիրած եւ մոտ քառորդ դար Ավիացիոն համալսարանը ղեկավարած օդաչու-զինվորականի աչքերով:

-Ես մի պատմություն եմ վերցրել մանկության պարտեզից,- պատասխանում եմ:

-Պատմե՛ք,- ասում է գեներալը հրամանի պես:

Ես ուզո՛ւմ եմ ենթարկվել հրամանին, բայց Դանիել Բալայանի անժպիտ դեմքն ու կիտած հոնքերը բոլորովին չեն տրամադրում պատմելու:

-Հորթուկը մոլորվում է անտառում ու ընկնում է փոսը,- անվստահ սկսում եմ ես,- մարդիկ կանչում են հորթուկին, հորթուկը լսում է նրանց ձայնը, բայց չի կարողանում դուրս գալ խոր փոսից: Հետո գալիս է Տղան, որը շատ էր սիրում հորթուկին ու շատ էր ուզում, որ նա դուրս գա փոսից: Տղայի ձայնը ներծծում է փոքրիկի ամբողջ սերը, հորթուկին օգնելու անսահման ցանկությունը: Երբ  հորթուկը լսում է տղայի ձայնը, նրա ուսերին թեւեր են աճում: Եվ հորթուկը թռչում է: Սա հայրս էր պատմում: Հետո ավելացնում էր` եթե ինչ-որ մեկին շատ սիրես, նրա ուսերին թեւեր կբուսնեն, ու նա կթռչի: Ես այս պատմությունը չեմ մոռանում, որովհետեւ մենք բոլորս ունենք այդ կանչի կարիքը, որը մեզ թեւեր կտա:

Գեներալի դեմքից լարվածությունը չքացել է, աչքերում խաղաղ ժպիտ կա: Չգիտեմ` պատմությունս է նրան ներշնչել, թե թռչել բառը:

-Ես մի պատկեր եմ վերցրել մանկությունից, մի հիշողություն:

-Պատմե՛ք,- ասում եմ ես գեներալի հանգով:

-Վարորդ հայրս ու դերձակ մայրս միշտ աշխատում էին: Երբ փակում եմ աչքերս, չեմ կարողանում նրանց այլ կերպ տեսնել: Նրանք աշխատում են իմ մտապատկերում: Աշխատանքը բացում է բոլոր փակ դռները, հաղթահարում է բոլոր դժվարությունները, իրականացնում է բոլոր երազանքները: Աշխատանքը պատասխանատվություն է, պատիվ, արժանապատվություն: Երբեք չի կարելի կանգ առնել: Եթե անգամ չունես այն կանչը, որից թեւեր կբուսնեն ուսերիդ, պիտի աշխատես, սկսես առաջին փոքր քայլից: Ու չվախենաս երազելուց:

Մի զրույցի ժամանակ Դանիել Բալայանն ասաց. «Որքան ինձ հիշում եմ, երազել եմ թռչել»:

-Իսկ հիմա ի՞նչ եք երազում:

-Թռչել: …Ամեն տարիքում թռիչքն իր խորհուրդն ունի: Երբ ես պատանի էի, ավիամոդելներ էի պատրաստում: Իմ սիրտը թրթռում է այն մտքից, որ բազմազան դետալներ ու պտուտակներ միացնելով իրար` կարող ես ստիպել ծանր, մետաղյա ահռելի զանգվածին ճախրել երկնքում ու ենթարկվել քո կամքին: Բայց հետո ես տեսա երկինքը: Երկինքը տեսնելուց հետո ես ու ինքնաթիռը ընկերացանք: Ես սկսեցի կյանքին նայել երկնքից:

-Դժվարը երկնքում հայտնվելը չէ, այլ երկինքը հոգուդ մեջ առնելը,- ասում եմ,- ի՞նչ կար երկնքում, և ինչպիսի՞ն էր կյանքը ինքնաթիռի պատուհանից:

-Որքան էլ զարմանալի թվա, ես սկզբից պիտի խոսեմ վայրէջքի մասին: Երբ թռիչքն ավարտվում է ու այլեւս պիտի մնա անցյալում, միեւնույն է, վերջին հպումդ հողին պիտի գեղեցիկ լինի, որովհետեւ գալու է մի օր, որ այլեւս չեն լինելու անցյալն ու ներկան, այլ` մի ավարտուն ամբողջություն` իր լավ ու վատով, իր գույներով, իր սխալներով ու հաղթանակներով: …Մենք վերեւ ենք բարձրանում՝ ներքեւ նայելու համար: Վերեւ բարձրանալիս պիտի հիշես, որ ներքեւից ես եկել: Ու երբ վերեւից նայես կյանքին, իրերն ու երեւույթները կփոխեն իրենց չափերը, կկարողանաս զատել մեծը փոքրից, վաղանցուկը տեւականից: Երբ զգաս ճախրանքի վայելքը, երբեք այլեւս չես սողա: Ու երբ պատմես մարդկանց, որ ծիածանը կլոր է վերեւում, ու նրանք չհավատան, չես տխրի չհասկացված լինելու ցավից: Վերջապես կընդունես, որ ամեն մեկը կյանքը գնահատում է իր փորձառությամբ, իր ինքնաթիռի պատուհանից, ու պիտի հանդուրժող լինել մարդու հանդեպ:

Ես թերթում եմ գեներալ-մայոր Դանիել Բալայանի կենսագրությունը. «Օդաչու-հրահանգիչների բարձրագույն ուսումնարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել «Արզնի» օդակայանում եւ կարճ ժամանակամիջոցում հասել օդակայանի պետի պաշտոնին: Հետո նշանակվել է ՊՆ նորաբաց ավիացիոն ուսումնարանի պետ: Հետո ուսումնարանը վերակազմավորվել է որպես ավիացիոն ինստիտուտ, ապա` համալսարան»:

-Ի~նչ հեշտ է գրված,- ասում եմ,-Ձեր առաջին շրջանավարտներն արդեն բարձրաստիճան զինվորականներ են` գնդապետի ուսադիրներով: Դժվա՞ր է նոր ուսումնական հաստատություն հիմնադրելը, հասցնելն այնպիսի բարձունքի, որն ունի այսօր մեր Ավիացիոն համալսարանը:

Ես կարող էի շարունակել գովեստը, հիշել, թե քանի շրջանավարտ է ունեցել բուհը, ինչպիսի բարձրակարգ կրթություն են ստացել նրանք: Բայց գեներալի անհաղորդ հայացքը սառը ջուր է լցնում ներշնչանքիս վրա: Ու ես լռում եմ:

-Դժվար չի եղել,- ասում է նա: -Ինձ համար դժվար չի եղել: Ես վայելել եմ աշխատանքս: Մեր բուհը մոտ 25 տարվա կենսագրություն ունի: 25 տարի` ճակատագրից ինձ տրված պարգեւ: Ամեն կուրսանտի հետ դու թռչում ես առաջին անգամ, վերապրում առաջին թռիչքի հրաշքը: Դու փոխանցում ես նրան քո փորձառությունը, կյանքից առած քո դասերը` սկսած մասնագիտական տարրական գիտելիքներից մինչեւ մարդկային փոխհարաբերությունների բարդ ու բազմաշերտ նրբությունները: Դու մարդ ես կերտում: Հղկում ես նրան տարիներով:

Գեներալ-մայոր Դանիել Բալայանը այնպես է փայլում, որ ուզում եմ հարցնել` ե՞րբ եք սիրահարվել վերջին անգամ, բայց նրա ուսադիրները ստիպում են վերաձեւակերպել միտքս:

-Ձեր ամուսնության պատմությունն էլ պիտի որ շատ յուրահատուկ լինի:

-Մեր տունը պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ էր: Մենք փոքրիկ տղաներով հավաքվում էինք ու նայում սիրունիկ ուսանողուհիներին: Նրանք, բնականաբար, մեզ ուշադրություն չէին դարձնում: Ու մենք ստիպված հասած պոմիդորներով խփում էինք նրանց, որ նկատեն մեզ` տղամարդացող տղեկներիս: Բայց հետո երկինքը մեզ տարավ, ու մոռացանք աղջիկներին: Մի օր էլ տեսանք, որ 30 տարեկան ենք ու դեռ ընտանիք չենք կազմել: Այդ ժամանակ մեր ավիաակումբում շատ աղջիկներ էին մարզվում: Այն պահին, երբ որոշեցի ամուսնանալ, կողքիս կուրսանտ Կուրղինյանն էր: Ասացի`

-Կուրսանտ Կուրղինյան, Դուք պետք է ամուսնանաք ինձ հետ:

Գեներալը ծիծաղում է:

-Գիտե՞ս, ինչ եղավ: Զագսում նա ինձ հարցրեց` ընկեր Բալայան, որտե՞ղ ստորագրեմ: Մարդիկ ապշած նայում էին, հարսնացուն փեսացուին ընկեր Բալայան է ասում:

-Մի՞շտ եք հապճեպ որոշումներ կայացնում:

-Կյանքն է ստիպում: Երկնքում դու ժամանակ չունես երկար մտածելու: Վերեւում ժամանակը փոխում է իր չափագրությունը, ու վայրկյանը կյանք արժե: Սիրում եմ ռիսկի գնալ, արագություն եմ սիրում:

-Ո՞րն է տղամարդու երջանկության բանաձևը:

-Կինը պիտի հասկանա, որ տղամարդու աշխարհը շատ մեծ է` աշխատանք, ընկերներ, հոբբի, երազանքներ… Ու պիտի հնարավորինս նրան հեռու պահի մանր-մունր հոգսերից, պարտականություններից… Սա է ամուսինների երջանկության գաղտնիքը: Կինը պետք է չխանգարի ամուսնուն, պետք է չհայտնվի այնտեղ, որտեղ իր կարիքը չկա: Իմ կինը դա շուտ հասկացավ: Տունս դարձրեց մի փոքրիկ, տաք, սիրով լի անկյուն, որտեղ ես վայելում եմ աշխատանքից ազատ ժամանակը: Երբ ես առավոտյան բացում եմ աչքերս, ասում եմ` ինչ լավ է, պիտի գործի գնամ: Երբ ավարտում եմ աշխատանքս, ասում եմ` ինչ լավ է, տուն եմ գնալու: Ահա և տղամարդու երջանկության բանաձեւը:

-Ինձ միշտ թվացել է, որ Դուք սառը, պրագմատիկ մարդ եք, զինվորականի դասական կերպար, գերազանցիկ, մինչդեռ…

-Նույնիսկ դպրոցում գերազանցիկ չեմ եղել: Սովորել եմ այն, ինչ սիրել եմ: Արել եմ այն, ինչ ուզեցել եմ: Ես չեմ սիրում զգուշավոր ու հաշվարկված մարդկանց: Միշտ ներում եմ ըմբոստներին, ինձ հակադրվողներին, համարձակներին: Թերահավատ եմ հլուների հանդեպ: Նրանք երբեք բարձր չեն թռչում:

-Այս հոդվածը Ձեր կուրսանտներն էլ են կարդալու:

-Չեք էլ պատկերացնի, թե մենք ինչ անհնազանդ, վայրի տղաների ենք օրինակելի զինվորական դարձրել: Հաջողել ենք, որովհետեւ չենք նվաստացրել նրանց: Ամենախիստ պատիժն ենք տվել, բայց  հետո կանչել ենք, ինչպե՞ս էիք ասում, սիրով ու վստահությամբ լի, գոտեպնդող ձայնով, ու նրանց ուսերին թեւեր են աճել:

-Դուք 40 տարի է՝ թռչում եք:

-Բայց հիմա ավելի գեղեցիկ եմ թռչում:

-Ի՞նչ կասեք ձեր նախկին, ներկա ու ապագա կուրսանտներին:

-Երբեք դու-ով մի խոսիր ինքնաթիռի հետ: Գեղեցիկ թռիր ու մի մոռացիր, որ գեղեցիկ ավարտը նույնքան կարեւոր է, որքան գեղեցիկ սկիզբը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/03/2017