Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՑ



ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ ՏԱՌԱՊԱՆՔԸ

ՄԵԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՑԻտալացի մեծ քանդակագործ, նկարիչ Լեոնարդո դա Վինչին իր հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի վրա աշխատեց շուրջ քառասուն տարի: Պատճառը իր կերպարների համար համապատասխան բնորդներ գտնելու դժվարությունն էր: Երկար որոնումներից հետո նա Քրիստոսի կերպարը կերտելու համար վերջապես գտնում է նուրբ դիմագծերով մի երիտասարդ բնորդի, որի անունը Պետրո Բանդինելի էր: Հենց նրա դիմագծերով էլ  նկարիչը կերտում է Քրիստոսի պատկերը:

Որմնանկարը, այնուամենայնիվ, մնում է կիսատ, որովհետեւ նկարիչը հիմա էլ հարմար բնորդ չի գտնում Հուդայի կերպարը կերտելու համար: Անցնում են տարիներ, եւ ահա նա պատահաբար հանդիպում է մի թափառաշրջիկի, որն իր ճիվաղային դեմքով սազական էր Հուդայի իսկական նախատիպը լինելու: Ուրախացած Լեոնարդոն նրան տանում է արվեստանոց, եւ ի՜նչ է պարզվում` այդ մարդը նույն Պետրո Բանդինելին էր, որը նոր էր դուրս եկել բանտից: Բանտային կյանքը նրա դեմքի վրա դրոշմել էր մեղքի, անասնական բնազդների եւ ավազակաբարո վարքի բոլոր հետքերը…

Լեոնարդո դա Վինչին մինչեւ իր կյանքի վերջը այդպես էլ չմոռացավ դաժան զուգադիպությունը եւ մեծ արվեստագետին հատուկ տառապանք էր ապրում: Ասում են` հոգին ավանդելուց առաջ նա աղաղակել է. «Ես վիրավորել եմ Աստծուն եւ մարդկանց, որովհետեւ իմ ստեղծագործությունները չհասան այն բարձրությանը, որին ես ձգտում էի»:

 

ՎԱԼՏԵՐ ՍԿՈՏԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ

ՄԵԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՑՍերունդներին է հասել անգլիացի մեծ գրող, պատմավեպի ժանրի հիմնադիր Վալտեր Սկոտի վերջին խոսքը: Լինելով մահվան մահճում` կյանքի վերջին պահերին հասցնում է որդուն ասել.

-Տո՛ւր ինձ գիրքը:

Որդին զարմացած նայում է նրան:

-Ո՞ր գիրքը, հայրի՛կ:

Հայրը, գլուխը փոքր-ինչ բարձրացնելով, ասում է որդուն.

-Իմացի՛ր, տղա՛ս, կա միայն մեկ գիրք, եւ դա Աստվածաշունչն է:

Սա լինում է մեծ գրողի վերջին խոսքը:

 

ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ

ՄԵԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՑԻտալացի մեծ քանդակագործ եւ նկարիչ Միքելանջելոն, արարելով իր «Սուրբ Պետրոսի վերջին օրը» կտավը, մի խորամանկության դիմեց` կտավի ձախ կողմում ավազակի մեղանչական տեսքով պատկերեց Հռոմի կարդինալներից մեկին, որին չէր սիրում: «Բնորդ» դարձած կարդինալը կտավի վրա ճանաչեց ինքն իրեն եւ գանգատվեց Պապին` պահանջելով պատժել նկարչին իր հանդուգն քայլի համար: Պապը բարձր էր գնահատում Միքելանջելոյի մեծ վաստակը եկեղեցու առաջ եւ կարդինալին տվեց այսպիսի հեգնախառն պատասխան. «Եթե Դուք գտնվեիք քավարանում, ես Ձեզ կազատեի այդտեղից, բայց, քանի որ, դժբախտաբար, դժոխքում եք պատկերված, ապա ինքներդ գիտեք, որ անկախ վերից ինձ տրված իշխանության, ես ոչինչ անել չեմ կարող»:

Կարդինալին մնում էր գլխահակ հեռանալ:

 

Կազմեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Հոգևոր-մշակութային


29/03/2017