«ԴԵՏՔԻ» ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
«Դետք» երաժշտական խումբը երիտասարդների շրջանում բավականին ճանաչված է ու երկրպագուների մեծ բանակ ունի: «Դետքի» երգերը չափազանց անկեղծ են, հուզական, սրտի հետ խոսող՝ «Մայրիկ», «Շուշի»…
Խումբը բարեգործական համերգներով հանդես է եկել սահմանամերձ բնակավայրերում, պաշտպանության նախարարության աջակցությամբ նկարահանել է «Toy Guns» (Պատերազմի խաղալիքները) տեսահոլովակը՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորներին: Երգի բառերն անգլերեն են՝ մեծ լսարանի համար, այն մի յուրօրինակ խաղաղության կոչ-հորդոր է` ուղղված աշխարհին, բոլորիս…
Ի դեպ՝ խմբի անվանումը ռազմական է՝ դետք, որ նշանակում է պաշտպանության եւ հետախուզության համար զորքից առաջ ուղարկվող փոքրիկ ջոկատ:
«Ռազմական» խմբի տղաներից երկուսը՝ Վահան Կիրակոսյանն ու Միքայել Մելքումյանը, հայրենիքի պաշտպաններ են, սերժանտ են, ծառայում են սահմանային զորամասերում: Վերջերս էլ «Դետքի» երրորդ անդամը՝ Արման Պետրոսյանը, համալրեց հայոց բանակի շարքերը հենց… բեմից:
Հունվարի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բանակի 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումն սկսվեց «Դետքի»՝ «Ծառայելու եմ ես» երգով (երաժշտ.՝ Արմեն Մարտիրոսյանի, խոսք՝ Ավետ Բարսեղյանի): Վահանն ու Միքայելը հատուկ արձակուրդ էին եկել, որ մասնակցեն համերգին եւ միաժամանակ էլ բանակ ճանապարհին իրենց կրտսեր ընկերոջը:
Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու
Ու ապրեմ այստեղ,
Իմ երկրում ուժեղ:
Ծառայելու եմ ու ետ եմ դառնալու`
Իմ խղճի դիմաց
Պարտքս կատարած…
Երգում էին տղաները, երգում էին սերժանտներն ու «մալադոյը», ու նրանց անմիջական, մի քիչ էլ հումորով շաղախված կատարումը հիացրել էր ներկաներին:
Երգի ավարտին բեմ բարձրացավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու բարի ծառայություն մաղթեց նորակոչիկին՝ հումորով հիշեցնելով նաեւ, որ չմոռանա մազերը կտրել:
Արմանի խուճուճ ու խռիվ մազերն արդեն անցյալում են: Այնպես որ՝ զինվորական երդմանը մասնակցելու եկած ընկերները միանման համազգեստով ու կարճ կտրած մազերով զինվորների շարքում մի փոքր դժվարությամբ գտան նրան:
Արվեստագետների ընտանիքում է մեծացել Արմանը, հայտնի երգիչ-երգահան Տիգրան Պետրոսյանի որդին է: Փոքր հասակից երգում է, կիթառ նվագում: Բազմաշնորհ երիտասարդը նաեւ երաժշտություն է գրում: Մինչ զորակոչվելն էլ արդեն հասցրել է նկարահանվել բանակային կյանքի մասին պատմող ֆիլմում:
-Երբ մութը տիրական թեւերը փռում է աշխարհի վրա, ու դու սահմանաբերանին կանգնած տեսնում ես, թե ինչպես են երկու հակառակ կողմերի շեներում լույսերը վառվում, մեջդ հարազատ, տաք ալիք է բարձրանում, մի պահ մոռանում ես, որ աշխարհում գծված սահմաններ կան… Սակայն կրակոցները քեզ մեկեն վերադարձնում են իրականություն, ու հասկանում, կարեւորում ես քո դերը. խաղաղությունը զինվորն է պահպանում, պաշտպանում ու պարտադրում, ու դու մեկն ես այդ զինվորներից…
-Արմանը մեր խմբի փոքրն է, բայց էս մի ամսում էնքան է փոխվել: Ես երբեք էսքան չէի հպարտացել իմ խմբի տղաներով՝ «Դետքիս» զինվորներով,-ասում է խմբի պրոդյուսեր Արման Մելքոնյանը: -Ծառայությունը շատ է փոխել նրանց, ավելի ձիգ ու առնական են դարձել, ավելի կազմակերպված, պատասխանատու ու ճշտապահ: Մի օրինակ բերեմ. թե առաջ, ասենք, ժամը 6-ին որոշում էինք փորձ անել, ժամը 7-ին հազիվ էին հավաքվում, հիմա դեռ մի բան էլ շուտ են գալիս: Մի ուրիշ, առավել կարեւոր նկատառում էլ ունեմ՝ առաջ էլ խմբի տղաները պատերազմի պատճառած ցավի, խաղաղության, բանակի, զինվորի մասին երգեր էին երգում, լավ էին երգում իհարկե, բայց հիմա զգայական շերտն ավելի խորքային է, ապրված…
♦♦♦
«Դետքի» զինվորները ծառայում են: Ծառայում են հպարտությամբ ու պարզ ճակատով: Տղաները պաշտպանության նախարարի թույլտվությամբ ժամանակ առ ժամանակ հանդես կգան համերգներով:
Զորացրվելուց հետո նրանք կշարունակեն իրենց ծառայությունը արդեն երգի ասպարեզում. եթե զինվորը իր ազգը պաշտպանում է ֆիզիկապես, ապա արվեստի մարդն էլ ազգի հոգեւոր պաշտպանն է:
Բարի ծառայություն, հայրենիքի՛ պաշտպաններ:
«Հայ զինվոր» թերթը դեռ կգրի ձեր հետագա հաջողությունների մասին:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Ազգային բանակ