ԿՌՎԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ…
Ոմանց կարող է թվալ, թե միայն ֆիլմերում եւ հորինովի պատմություններում է, որ անձնուրաց մարդիկ ինքնակամ ցանկանում են իրենց զինվորական ծառայությունն անցկացնել բարդ եւ դժվարին պայմաններում, հաղթահարել դաժան փորձությունները եւ այդպիսով նպաստել հայրենիքի պաշտպանությանը: Արի ու տես՝ այդպես լինում է նաեւ իրականում՝ ամեն օր, ամեն քայլափոխի:
1997 թվականի մարտի 22-ին Երեւանում բնակվող Բերակչյանների ընտանիքում ծնվեց առաջնեկը` Տիգրանը: Ապրիլի 8-ին էլ Կոտայքի մարզի Բջնի գյուղում բնակվող Ներսիսյանների բազմազավակ ընտանիքում ծնվեց Կարենը: Տիգրանն ընտանիքի օգնող ձեռքն էր դեռ դպրոցական տարիքից, ինքնուրույն եւ կազմակերպված էր, իր փոքր եղբոր` Նարեկի պաշտպանն էր: Իսկ Կարենին ոչ միայն սիրում էին, այլեւ մի քիչ երես տալիս, խնայում նրան եւ ներում բոլոր կամակորություններն ու չարաճճիությունները: Թվում է՝ տարբեր էին, սակայն երկուսին միավորում էր մի բան՝ երկուսն էլ շատ էին ցանկանում իրենց զինծառայությունն անցկացնել Արցախում, սահմանապահ զորամասում, այն էլ ամենաբարդ եւ դժվարանցանելի սահմանապահ գոտիներում:
2015թ. հասավ ծառայության մեկնելու պահը: Կենտրոնական հավաքակայանում նրանց բաժին ընկավ միեւնույն զորամասը: Նրանք հանդիպեցին միմյանց, ծանոթացան, ընկերացան:
2016թ.-ի ապրիլին երկուսն էլ արդեն հմուտ սահմանապահներ էին: Ապրիլի 2-ին, երբ հակառակորդն սկսեց ռազմական գործողությունները, երկուսն էլ մարտական հերթապահություն էին իրականացնում միեւնույն դիրքում: Անհավասար եւ կատաղի մարտում նրանք կռվեցին անձնազոհաբար, իրենց հրամանատարների՝ Բենիամին Եղոյանի եւ Բագրատ Ալեքսանյանի նահատակությունից հետո անգամ չհանձնվեցին եւ չնահանջեցին՝ չզիջելով հակառակորդին ոչ մի թիզ հող: Նրանք զոհվեցին՝ ոչնչացնելով հակառակորդի մեծ թվով զինվորների եւ զինտեխնիկա:
Տիգրան Բերակչյանն ու Կարեն Ներսիսյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության» մեդալով:
Մարտի 22-ին Տիգրան Բերակչյանը կդառնար 20 տարեկան: Նրա հարազատ՝ թիվ 117 դպրոցում տեղի ունեցավ Տիգրանի պատվին անվանակոչված պատմության դասասենյակի բացման հանդիսությունը: Բացման պատիվը տրվեց Տիգրանի եղբորը՝ Նարեկին:
«Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում Տիգրանի հարազատներին այցելեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության պատվիրակությունը եւ ծնողներին փոխանցեց Տիգրան Բերակչյանին հետմահու շնորհված ՂՊՎ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը:
Այնուհետեւ ՂՊՎ պատվիրակության անդամներն ուղեւորվեցին Բջնի գյուղ, որտեղ հյուրընկալվեցին Կարեն Ներսիսյանի հայրական տանը: Այնուհետեւ այցելեցին Բջնիի փառքի պանթեոն, ապրիլյան պատերազմի նահատակների սխրանքը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցին Կարենի եւ զոհված մյուս հերոսների հիշատակին:
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Ճակատագրեր