Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ՀԻՆԳՆ ԷԻՆ…



ՆՐԱՆՔ ՀԻՆԳՆ ԷԻՆ...Մարտի 26-ին Արագածոտնի մարզի Մուղնի ավանի բնակիչները հավաքվել էին հրաշագործ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում. եկել էին հարգանքի տուրք մատուցելու անկախության տարիներին զոհված իրենց համագյուղացիների հիշատակին: Նորակերտ խաչքարին դրոշմված կարճառոտ տողերն արձանագրում են. «Կանգնեցուեց խաչքարն այս իբրեւ արձան յիշատակի անմահութեան Մուղնի աւանի զաւակների, որ ի սէր Արցախի անկախութեան անառիկ պահեցին Հայրենիքի սահմանները», իսկ սաղմոսական վերտառությունը` «Պատիւ է Տիրոջ աչքին մահն Իր արդարների» (հմմտ. Սաղմ. ՃԺԵ.) խոսում է այն երկնային բարիքների մասին, որ խոստացված են բոլոր նրանց, ովքեր հարթում են իրենց երկրային ուղին` անխոտոր ընթանալով հավատքի, հայրենասիրության և ազգապահպանության նեղ ու դժվար, բայց փառավոր արահետով:

Նրանք հինգն էին` Հայրապետյան Էդուարդ, Բաղդասարյան Փայլակ, Օհանյան Վարդան, Պետրոսյան Հմայակ, Հարությունյան Հովհաննես: Գյուղի քահանաները` Տեր Եղիշե Բարսեղյանը և Տեր Գարեգին Արսենյանը, անուն առ անուն հիշում են բոլորին, նրանց գործերը, վարք ու բարքը. թե ինչպես են նրանց սնել ու կրթել ծնողները, ինչ է տվել դպրոցը, համայնքը, եկեղեցին:

Նրանք հինգն էին… Ու թեև ծննդյան տարեթվերով տարբեր են տղաները, նախասիրություններով ու հույզերով անհամեմատելի, սակայն մի պահ թվում է, թե քահանան միևնույն մարդու մասին է պատմում. «…անսահման սիրել է ծնողներին, ընտանիքը, իր տունը, գյուղը, հայրենիքը, լեզուն ու կրոնը: Երբևէ չի դավաճանել ընկերներին, անպաշտպան չի թողել թույլին, ավագների մոտ միշտ եղել է խոնարհ ու լսող, անարդարության դեմ` ընդվզող ու անկոտրում»: Փոքր համայնք է, և բոլորը բոլորին լավ ճանաչում են, գիտեն: Միասին ուրախանում են մեկը մյուսի հաջողությամբ, միասին կիսում են վիշտը… Եվ այսօր այդ օրերից մեկն է` միասին պիտի հիշեն համագյուղացի ազատամարտիկներին, միասին հավերժացնեն նրանց հիշատակը:

ՆՐԱՆՔ ՀԻՆԳՆ ԷԻՆ...Եվ ահա ուղիղ ժամը յոթին միասնաբար աղոթք են վերառաքում առ Աստված: Քահանաները հանդարտ ու անշտապ հնչեցնում են «Հայր մերը», իսկ ժողովուրդը համախոս ձայնակցում է: Եվ ըստ Հայ Եկեղեցու դարավոր կարգի ննջեցյալ հոգիներին հանգստություն խնդրելով` աղերսում են նաև, որ այլևս կորուստներ չլինեն, որ այլևս ո՛չ մի մայր, ո՛չ մի ընտանիք…

Նրանք հինգն էին… Հինգը… Թվում է՝ չնչին թիվ է` մեկ ձեռքի մատների չափ: Գուցեև չնչին թիվ է, սակայն շատ մեծ, անչափ մեծ այս փոքրիկ գյուղի համար, մեր ազգի համար, որի ամեն մի զավակի արյուն ու կյանք անասելի թանկ է, անգնահատելի… Նրանք հինգն էին` մեկ ձեռքի մատների չափ, սակայն մատներն այդ այլևս կծկվել ու իրար են սեղմվել, դարձել են բռունցք և սերունդներին փոխանցել անկոտրում ոգի, որի հարվածին չի կարող դիմակայել ոչ մի ոսոխ:

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Ճակատագրեր


29/03/2017