ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Սահմանամերձ զորամասի ֆիզպատրաստության պետ, մայոր Արծրուն Հարությունյանը անթաքույց հպարտությամբ է ներկայացնում իրենց զորամասն ու այնտեղ ստեղծված ֆիզիկական պատրաստության հնարավորությունները:
-Սա սահմանապահ զորամաս է, և զինծառայողների մարտական պատրաստության հիմքը հանդիսացող ֆիզպատրաստության վիճակն անընդհատ բարձրության վրա պահելը մեր առօրյա պարտականությունն է,-ասում է մայորը:- Զորամասում դրա համար առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները: Ինքներդ էլ կարող եք համոզվել:
Մարզադահլիճի ընդարձակ, լուսավոր սրահի կենտրոնական հատվածը ամբողջովին պատված է տատամիով, իսկ դահլիճի մի անկյունում տարատեսակ վարժասարքեր են ու ծանրաձողեր: Դահլիճում աշխույժ եռուզեռ է. մարզվում են ինչպես հրամանատարական կազմի ներկայացուցիչներն ու ժամկետային զինծառայողները, այնպես էլ, ի զարմանս ինձ, դպրոցահասակ երեխաներ: Մայոր Հարությունյանը նկատում է զարմանքս.
-Դպրոցում դասերն ավարտելուց հետո զորամասի հարակից բնակավայրերից շատ երեխաներ հասցնում են տանը ճաշել և անմիջապես գալ մեզ մոտ մարզումների: Շաբաթվա երեք օրը ըմբշամարտի, մյուս երեք օրը` ձյուդոյի և սամբոյի դասընթացներ ենք անցկացնում: Պարապմունքները տևում են մինչև երեկոյան ժամը վեցը, այնպես որ՝ նրանք փողոցում անգործ թրև գալու կամ համակարգիչներին «կպչելու» փոխարեն այստեղ են լինում, ֆիզիկապես ամրանում, առողջ ապրելակերպի դասեր են ստանում, կամա թե ակամա հետևում, ծանոթանում են զորամասային առօրյային, կարգուկանոնին:
Ազատ ոճի ըմբշամարտի մարզիչներից Ավետիս Ալեքսանյանը նշում է այս յուրօրինակ նախաձեռնության դրական արդյունքները:
-Պարապմունքներում ներգրավված են տարբեր տարիքի տղաներ,-ասում է մարզիչը: -Շատ կարևոր է, որ նրանք հեռու են մնում փողոցի վատ բարքերից և ստանում լավ դաստիարակություն՝ կրթվելով որպես արժանի քաղաքացիներ: Այս պարապմունքներից բացի, շաբաթական երկու օր նրանց մարզումների ենք տանում նաև մոտակա բնակավայրերից մեկում գտնվող մարզադպրոց, որտեղ Եվրոպայի չեմպիոն մարզիչների հետ շփումներից երեխաները ոգևորվում, ավելի եռանդով են մարզվում ու վարպետանում: Այս մասին վկայում են մրցումներում մեր գրանցած հաջող ելույթները: Նախորդ տարվա նոյեմբերին անցկացված ստուգատեսում, որին մասնակցում էին Արցախի, Քաջարանի, Գորիսի ըմբիշները, մեր սաներից երեքը առաջին տեղը զբաղեցրին, 6-ը գրավեցին երկրորդ տեղը, ևս վեցը` երրորդ մրցանակային տեղը: Երեխաները մարզված են, ամուր են ու ճկուն, սովոր են դժվարություններ հաղթահարել, ինչը շատ կարևոր է նրանց՝ ապագա զինվորների համար:
Մայոր Հարությունյանը նշում է, որ իրենց վարպետությունը ցուցադրող երեխաների թվում են նաև սպաներից շատերի որդիները.
-Օրինակ՝ Արտյոմը,-ասում է մայորը:
Երիտասարդը չի զլանում իր ուժը մեզ ցուցադրել եւ առանց դժվարության բարձրացնում է ծանրաձողը:
-Հայրս այս զորամասում է ծառայում,-ասում է նա՝ վարժությունն ավարտելով:- Փոքրուց շատ եմ սիրել զինվորական գործը, որոշել եմ ինքս էլ զինվորական դառնալ: Զորակոչվելուս 5 ամիս է մնացել: Պատրաստվում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ընդունելության քննություններին և այստեղ մարզվում եմ ֆիզպատրաստության չափորոշիչներին համապատասխանելու համար:
♦♦♦
Զորամասում զինծառայողների ֆիզպատրաստությունը մշտական ուշադրության կենտրոնում է, եւ մայոր Հարությունյանը ներկայացնում է կատարված աշխատանքները:
-Զորակոչիկների ժամանելուն պես կազմակերպվում է նրանց ուսուցման գործընթացը: Հենց սկզբից տեղեկանում ենք, թե ով ինչ սպորտով է զբաղվել, ինչ հաջողություններ է գրանցել: Ըստ ընդունակությունների էլ ընդգրկում ենք համապատասխան թիմերում, որպեսզի հետագայում մասնակցեն մրցումներին: Զորամաս մուտք գործելու պահից հետևում ենք զինծառայողների ֆիզիկական պատրաստության զարգացման ընթացքին՝ թե՛ սպաների, թե՛ ժամկետային զինծառայողների: Առաջադիմության համար խրախուսում ենք, ետընթաց նկատելու դեպքում՝ հատուկ ուշադրության առնում: Ամեն կիրակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի հետ սպորտմասսայական միջոցառումներ, մրցույթներ ենք կազմակերպում (պարանի ձգում, ձեռքի ուժ, սեղանի թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ): Առաջին տեղեր գրավողներին խրախուսում ենք ազատարձակումով, պատվոգրերով: Նրանք ընդգրկվում են նաև համաբանակային սպարտակիադաներում:
Ունենք որոշակի արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ: Ցանկացած ստուգումների ժամանակ` պլանային, թե հանկարծակի, մեր զորամասի ստորաբաժանումների զգալի մասը ստանում է իր հաստատուն «լավ» գնահատականը: Եվ որպես «գերազանցիկի» տիպիկ օրինակ կարող եմ բերել մեր հետախուզական ստորաբաժանման հրամանատարին: Երբ էլ նրան ստուգենք, ֆիզիկական պատրաստության գերազանց վիճակում է: Նշաձողը մի պահ անգամ չի իջեցնում ու իր հետևից տանում է ողջ ստորաբաժանումը: Անցյալ տարի անցկացված համաբանակային սպարտակիադայում իր մարզաձևում գրավեց երկրորդ պատվավոր տեղը: Նրա ստորաբաժանումն էլ երկրորդ տեղը զբաղեցրեց համար 27 վարժությունից (3 կմ վազք՝ հանդերձավորված, զենք-զինամթերքով, հակագազով, այնուհետև՝ արգելագոտու հաղթահարում): Սա լուրջ հաջողություն է, որով հպարտանում ենք: Հենց նման օրինակներով էլ վարակվում են մեր զորամասում մարզվող երեխաները՝ մեր բանակի ապագա զինվորները:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Ազգային բանակ