Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԳՆԴԱՑՐՈՐԴԸ



ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԳՆԴԱՑՐՈՐԴԸՄարտի 28-ին հակառակորդի արձակած դավադիր գնդակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Մեր թերթի խմբագիր, մայոր Սամվել Հարությունյանը ամիսներ առաջ էր ակնարկ գրել Գինեսի գրքի ռեկորդակիր գնդացրորդի մասին, որի հետ հանդիպումից ստացած սրտառուչ եւ անմոռանալի տպավորությունը դեռ չէր անցել, երբ լսեցինք գույժը: Վշտակցելով Արտակ Ռաֆայելյանի հարազատներին, ծառայակից ընկերներին` վերատպում ենք զինվորի մասին պատմող նյութը` որպես հարգանքի տուրք ուժեղ եւ խիզախ մարտիկի անմահ հիշատակին: ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ։

«Հայ զինվոր»

 Հայոց բանակի շարքերում ծառայող զինվորների մեջ դյուցազնական ուժի տեր տղաների շատ եմ հանդիպել և բազմիցս առիթ եմ ունեցել գրելու նրանց մասին, որոնցից մեկն էլ ջոկի գնդացրորդ Արտակ Ռաֆայելյանն է: Առաջնագծում ծառայող զինվորը իր ֆիզիկական արտառոց ունակությունների շնորհիվ հասցրել է գրանցվել ոչ միայն Հայկական դյուցազնագրքում, այլև դառնալ Գինեսի գրքի ռեկորդակիր՝ պառկած դիրքից 11011 անգամ կատարելով հենումծալում վարժությունը:

Արտակը ծնունդով Հրազդան քաղաքից է, ինչպես ինքն է անթաքույց  հպարտությամբ  շեշտում՝ «Աթարբեկյան» թաղամասից է: Պատանեկան հասակում զբաղվել է սիրողական բռնցքամարտով: Ճիշտ է, մեծ սպորտում  ակնառու նվաճումներ  չի ունեցել, բայց իր բնատուր անսովոր ուժով միշտ էլ առաջացրել է շրջապատի զարմանքն ու հիացմունքը:

Արտակին հանդիպեցի առաջնագծում, նա դիրքի արթուն հերթափոխն էր: Ակամա նայեցի նրա ապառաժ բազուկներին, բռնած զենքին, եւ մարմնովս սարսուռ անցավ: Երբ բարևեցի՝ ձեռքս կորավ նրա հզոր ու կոշտացած ափի մեջ. շարքային Ռաֆայելյանը մի տեսակ շփոթվեց ու կարմրեց, կարծես հանցանք գործած լիներ: Այդ պահին մեզ մոտեցած դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Միհրան Իսոյանը պարզ ու հակիրճ բնորոշեց թերեւս ինքն իր սրտաբաց ձեռքսեղմումից շփոթված զինվորին. «Ես հպարտ եմ, որ Արտակի նման զինվոր ունեմ»:

Ապրիլյան իրադարձությունների ժամանակ Արտակը դիպուկ ու նպատակային է գործածել իրեն ամրակցված գնդացիրը, որի փողից բռնած՝ հորիզոնական դիրքում մեկ րոպե անշարժ պահում է 10 կիլոգրամից ավելի կշռող զենքը՝ առաջացնելով մեր՝ ներկաներիս անկեղծ հրճվանքը: Ծառայության հասարակածը արդեն իսկ հատած գնդացրորդն ու բանակի «Քաջարի մարտիկը» կզորացրվի ամռանը, նրան փոխարինելու կգա Ռաֆայելյանների օջախի մյուս դյուցազնը՝ Արտակի կրտսեր եղբայր Ժորան, որը նույնպես Հայկական դյուցազնագրքի հերոսներից է

 ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #13 (1184) 05.04.2017 - 11.04.2017, Ճակատագրեր


05/04/2017