Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾԱՎԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔ



ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾԱՎԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԶրույց ինժեներական զորքերի պետվարչության պետ, գեներալմայոր ԻՇԽԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ

 Պարոն գեներալ, եթե նույնիսկ չլիներ ռազմագետների ու վերլուծաբանների կարծիքը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը բացթողումներ է ունեցել` կապված առաջնագծի կահավորման եւ ինժեներական ապահովման հետ, իրականության մասին կարելի էր եզրակացություն անել` տեսնելով, թե մարտական գործողությունների ավարտից հետո ինչպիսի թափով սկսվեցին վերակառուցվել շփման գծի ինժեներական սարքավորումները, եւ ինչ հետեւողականությամբ շարունակվեց ինժեներական ապահովման ֆորտիֆիկացիան:

Այո՛, ապրիլյան պատերազմի ժամանակ ինժեներական ապահովման եւ առաջնագծի ինժեներական կահավորման ոլորտում եղել են թերացումներ ու բացթողումներ: Չավարտված պատերազմի եւ փխրուն զինադադարի պայմաններում անհրաժեշտ էր առավել շեշտադրված ու ցայտուն տարբերակել առաջնահերթությունները, առաջնագծի ինժեներական ապահովումը դասել բանակի կարեւորագույն ոլորտների շարքում եւ աշխատանքները պլանային ռիթմից բերել առավել օպերատիվ ու հրատապ արագության: Չէին օգտագործվել ամբողջ հնարավորությունները, եւ չէր արվել առավելագույնը առաջնագծի ինժեներական կահավորման ասպարեզում:

Վերլուծությունը ցույց տվեց, որ մենք ապրել ենք խաղաղ օրերի ռիթմով, եւ 25 տարվա հարաբերական խաղաղությունը փոքրինչ թուլացրել էր մեր զգոնությունը, թմբիրի մեջ էր գցել: Ապրիլյան պատերազմը ցնցեց մեզ ու հասկացրեց, որ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք հակառակորդի ամենաանկանխատեսելի գործողություններին: Ու մենք սկսեցինք նախապատրաստվել աննախադեպ ակտիվությամբ: Եվ մեկ տարվա ընթացքում կատարեցինք աննախադեպ ծավալի աշխատանք: Նորոգեցինք ու հիմնեցինք բազմաթիվ ամրաշինական կառույցներ` գետնատնակներ, խրամատներ, խրամուղիներ, խրամաճեղքեր, կրակի վարման ու դիտարկման կառույցներ, սարքավորեցինք բազմաթիվ կրակի կառավարման կետեր, կրակային դիրքեր, ստեղծեցինք խուսանավման ճանապարհների առավել կատարելագործված ցանց: Առաջնագիծը մեծապես համալրվեց ինժեներական սարքավորումներով:

Մենք պետք է կանխատեսեինք նաեւ այն քիչ հավանական տարբերակը, որ մարտակարգերը ծավալելու, կառավարման համակարգը բացազատելու համար գրեթե ժամանակ չենք ունենա: Երբ դու ռինգ ես մտնում, պիտի ամեն պահի պատրաստ լինես հարվածի` մինչեւ մարտի վերջին վայրկյանը:

Ուզում եք ասել` քանի դեռ պատերազմը չի ավարտվել, մենք ռինգում ենք եւ իրավունք չունենք մարտը ավարտված համարելու:

Այո՛: Ապրիլյան պատերազմը մեզ հիշեցրեց, որ մենք ռինգում ենք ու սկսեցինք գործել առավել արագ ու արդյունավետ:

Ի՞նչ աշխատանքներ են կատարվել վերջին մեկ տարվա ընթացքում զորքերի կենսունակությունը բարձրացնելու համար:

Կառուցվել են նոր բնագծեր, գետնատնակներ, կացարաններ, խրամախորշեր, խրամաճեղքեր, հակատանկային փոսեր, պայթյունային եւ ոչ պայթյունային արգելափակոցներ, ներդրել ենք տարբեր ժամանակաշրջանների ռազմական փորձը, որը կարող է արդյունավետ լինել մեր իրականության համար` սկսած թակարդներից մինչեւ ջերմա եւ գիշերային տեսանելիության դիտարկման եւ ազդարարման սարքեր:

Այժմ շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով այդ սարքերը տեղադրված են:

Դրանք ոչ միայն զինվորի կյանքի, այլեւ սահմանների անառիկության երաշխավորն են եւ հնարավորություն են տալիս հեռվից նկատելու հակառակորդի շարժը,  ժամանակին ոչնչացնելու` արգելելով մոտենալ սահմանին:

Պարոն գեներալ, կան խրամատներ, որոնք փորվել են 20 տարի առաջ եւ, բնականաբար, լայնացել են: Իսկ լայն խրամատների պաշտպանունակությունն առավել փոքր է: Ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորները պատմում էին, թե ինչպես փոքր հարվածից խրամատները փլվել են: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

Այո՛, խնդիրը կա, եւ մենք մշակել ենք դրա լուծման եղանակը: Նման խրամատները վերականգնվելու են հատուկ նյութերով:

Այսինքն` խրամատները բերվելու են ստանդարտ չափերի եւ ամրացվելո՞ւ են:

Այո՛:

Պարոն գեներալ, երբ պաշտպանության բանակը կամ մեր պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածում, թե հակառակորդի գնդակից զինվոր է խոցվել մարտական հերթապահություն կատարելու ժամանակ, ակամա մտածում ես, որ այդ հատվածում ինժեներական կահավորումը թերի է եղել:

Մարտական հերթապահություն կատարելու ժամանակ զինվորները հակառակորդի գնդակից խոցվում են հիմնականում մարտական հերթապահության ու անվտանգության կանոնները խախտելու պատճառով:

Խոսքս որոշ բնագծերի ընդհանուր տեսքը փոխելու մասին է:

Բոլոր այն բնագծերը, որոնց ընդհանուր տեսքը հնարավոր էր փոխել, փոխել ենք եւ դարձրել ենք առավել անվտանգ: Բայց կան տարածքներ, որտեղ պիտի բավարարվենք հաղորդակցման ուղիները ամրացնելով: Կա համապատասխան ծրագիր, սահմանված են աշխատանքի ավարտման ժամկետներ, եւ մեծ ակտիվությամբ այդ տարածքներում ներդրվում են լրացուցիչ անվտանգությամ միջոցներ, խրամուղիներ:

Այսօր կրակային բոլոր դիրքերը ինժեներական առումով սարքավորված են, անձնակազմի պատսպարման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվել, եւ կան ծրագրեր, որոնք իրագործվելու են առաջիկայում: Այս տարվանից ներդրվելու են հատուկ նյութերից պատրաստված սեփական արտադրության բազմակի օգտագործման կառույցներ, որոնք հնարավորություն են տալիս 2-3 ժամվա ընթացքում դիրքերի եւ բնագծերի փոփոխության դեպքում կառուցել գետնատնակ, որը ապահովում է զինվորի անվտանգությունը: Ինժեներական զորքերը համալրվել են ինժեներական եւ ճանապարհաշինարարական տեխնիկայի նոր նմուշներով` բուլդոզերներ, կռունկներ, էքսկավատորներ, հողահարթիչներ եւ այլն: Բարելավվում են զինամթերքի եւ ունեցվածքի պաշարները: Սարքավորել եւ կատարելագործել ենք բոլոր ռազմական ամրաշինական կառույցները, իսկ զորատեսակների ինժեներական ապահովման խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են ամեն օր:

Պարոն գեներալ, ես դարձյալ ուզում եմ խոսել հակառակորդի հնարավոր հարձակումների մասին: Հարձակումը կանխել` նշանակում է մարտը ավարտել նվազագույն կորուստներով եւ առանց հող զիջելու, այդպես չէ՞:

Այդպե՛ս է:

Այսօր մենք պատրա՞ստ ենք կանխելու հակառակորդի հնարավոր հարձակումը:

Ես կրկնում եմ` մեկ տարվա ընթացքում  ամբողջ շփման գիծը ինժեներական սարքավորումներով համալրելու եւ ինժեներական ապահովման ու զորքերի կենսունակությունը բարձրացնելու ուղղությամբ նախադեպը չունեցող ծավալի գործ է արվել: Ինչը մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ ոչ միայն պատրաստ ենք առանց տարածքի կորստի հետ մղել հակառակորդի յուրաքանչյուր հարձակում, այլեւ, անհրաժեշտության դեպքում, կատարել գրոհներ, հակագրոհներ եւ հակահարվածներ:

Պարոն գեներալ, ճիշտ է, որ հակառակորդը շատ հեռուն հասնող ծրագրեր ուներ ու չկարողացավ այն իրագործել:

Ադրբեջանը այս հարձակմանը նախապատրաստվել էր 25 տարի` Լեռնային Ղարաբաղը գրավելու մեծ երազանքով ու պետական ծրագրով: Այն, ինչ ցույց տվեց Ադրբեջանի բանակը ապրիլյան պատերազմի ժամանակ, իր առավելագույնն էր: Ադրբեջանը մոտ 25 տարվա նախապատրաստումից հետո ոչ թե գրավեց Արցախի Հանրապետությունը, այլ մեկ անգամ եւ ընդմիշտ հասկացավ, որ Արցախի հարցը չի կարող լուծել ռազմական ճանապարհով, մենք դա հասկացրինք նրան` մեր զինվորն ու սպան, մեր բանակը, մեր ժողովուրդը: 25 տարվա ընթացքում սա Ադրբեջանը չէր հասկացել, մի քանի օրում, երբ փորձեց իր ուժերը չափել մեզ հետ, անմիջապես հասկացավ: Սա հաղթանակ է, թե ոչ:

Մենք գիտեի՞նք, որ հակառակորդի կողմից ուժերի կուտակում կա, շարժ կա:

Այո՛, գիտեինք: Շարժ եւ ուժերի կուտակում միշտ է եղել, որը ավարտվել է դիվերսիոն գործողությամբ: Մենք դիվերսիոն գործողության էինք սպասում, ոչ թե  նման լայնածավալ հարձակման: Եվ դիվերսիոն գործողության համար նախատեսված ուժերով հետ մղեցինք տասնապատիկ հուժկու հարված:

Լավ, հասկացա: Քանի որ դիվերսիոն գործողության համար նախատեսված ուժերով ետ մղեցինք հակառակորդի չկանխատեսված լայնածավալ հարձակումը ու տեսանք, թե որքան ուժեղ է մեր զինվորը ադրբեջանցի հատուկջոկատայիններից, ապա այժմ վստահ ենք, որ մեր հնարավորությունների առավելագույնով դիմակայելիս շատ ավելի հուժկու հարված կտանք հակառակորդին:

Հասկացաք: Այս տեսանկյունից մեր ոգին շատ բարձր է, ու մեր կորցրածը մեզ չի ընկճել: Մենք չափվել ենք թշնամու հետ եւ հասկացել ենք, որ ուժեղ ենք նրանից:

Մեր խնդիրն է պաշտպանել Արցախի Հանրապետության ամբողջականությունը նվազագույն մարդկային եւ նյութական կորուստներով: Մեր սպան եւ զինվորը լավ են ծառայում, եւ այս խնդիրը մենք կարող ենք լուծել:

Ռազմական գործը արվեստ է եւ գիտություն: Պաշտպանության նախարարության պատերի ներսում ծնված մտքերն ու գաղափարները միտված են ոչ միայն այսօրվան, այլեւ ապագային: Ոչ ոք չի կարող հաշվել, թե որքան կյանքեր են փրկել եւ ինչպիսի հաղթանակներ են կերտել այդ մտքերն ու գաղափարները, բայց դրանց արդյունքը մենք անպայման տեսնելու ենք այսօր եւ ապագայում:

Շնորհակալություն զրույցի համար, պարոն գեներալ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #13 (1184) 05.04.2017 - 11.04.2017, Ազգային բանակ


05/04/2017