ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ»
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 29-ին պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ռուսաստանյան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ անդրադառնալով հայ–ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին, արցախյան հակամարտության կարգավորմանը:
Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը գնահատվում է 0-ից 100%
«Russia Today»-ի լրագրողը, մեջբերելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, թե՝ Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս, հետաքրքրվեց` ԼՂ հակամարտության ինչ լուծում է կանխատեսում ՊՆ ղեկավարը: Վիգեն Սարգսյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ժողովրդի ինքնորոշման համար պայքարի բնորոշ օրինակ է. «Ժողովուրդը ստիպված էր պաշտպանելու իր այդ իրավունքը զենքով, որովհետև նրան պատերազմ պարտադրվեց: Եվ 90-ականների սկզբին կարողացավ դա անել խիստ անհավասար պայքարում: Այնուհետև ներկայացրեց պետական կառավարման արդյունավետ ժողովրդավարական հակամարգ, որտեղ կանոնավորապես ընտրություններ են անցկացվում, խորհրդարան է ձևավորվում, կան դատական, նաև տնտեսական զարգացման համակարգեր: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 24 տարվա ընթացքում` հրադադարի պահպանման պայմանագրից ի վեր, որը, ի դեպ, ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ամբողջովին իրականացրել է այն բոլոր մեխանիզմները, որոնք կարևոր են պետականության ճանաչման համար: Մի ամբողջ սերունդ է մեծացել այդ չճանաչված հանրապետությունում` գիտակցելով, որ ապրում է ինքնիշխան պետությունում, և չկա այնպիսի գործընթաց, որը նրանց հակառակը կհամոզի: Մենք բաց ենք բանակցային գործընթացի համար, մասնակցում ենք ակտիվորեն, սակայն, կարծում ենք, որ խնդրի լուծման որոնումը ուղղակիորեն կապված է հենց այդ իրավունքի ճանաչման և հարգանքի հետ: Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը պարբերաբար տապալում է Ադրբեջանը, որը ձգձգում է հակամարտության լուծումը՝ համալրելով իր զինանոցը և տարածելով հակահայկական հռետորաբանություն: Ատելության նման մթնոլորտում, բնականաբար, իր իսկ հասարակությանը Ղարաբաղի հարցում փոխզիջման պատրաստելն ուղղակի անհնար է:
Մենք լավ ենք հասկանում, որ շատ դժվար է համադրել այն երկու միանգամայն տարբեր պետական կառավարման ձևերը, որ գոյություն ունեն Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: Մենք չենք հոգնի աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն մենք նաեւ պարտավոր ենք պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման, քանի որ, ցավոք, իմ գնահատմամբ, Ադրբեջանում լիովին բացակայում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և ժողովրդավարական հսկողության համակարգը: Սա նշանակում է, որ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը գնահատվում է 0-ից 100%:
Իհարկե, ուզում ենք հուսալ` Բաքվում հասկանում են, որ յուրաքանչյուր էսկալացիա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի, կարող է առաջացնել լիակատար քաոս, միևնույն ժամանակ, հաստատ չի կարող լուծել ԼՂ խնդիրը, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Սա ակնհայտ է` հաշվի առնելով, որ խնդիրը մտացածին չէ, խնդիրը միանգամայն իրական է, այնտեղ ապրող մարդիկ իրական են, և ենթադրել, որ նրանք կարող են ետ կանգնել իրենց երկրում իրենց օրենքներով ապրելու իրավունքից, ուղղակի անհնար է»,- եզրափակեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Հայաստանը հետաքրքրված է կանխարգելող զինատեսակներով
Արդյոք Հայաստանը շարունակո՞ւմ է զենքի գնման վերաբերյալ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, եւ ռուսական ի՞նչ զինատեսակներով է հետաքրքրված: Պատասխանելով «РИА Новости» գործակալության այս հարցին, Վիգեն Սարգսյանը նկատեց, որ գործընթացը անընդհատ է. «Այն չի սահմանափակվում միայն ռուս դաշնակիցների հետ բանակցություններով: Հայաստանը շարունակական երկխոսություն է վարում նաև մի շարք այլ գործընկերների հետ: Մենք գնել և գնում ենք տարատեսակ սպառազինություններ՝ ելնելով մեր զինված ուժերի զարգացման ծրագրից: Բնականաբար, մեր գնումների մեծ մասը հույժ գաղտնի է, այդ պատճառով շատ բան չեմ կարող ասել: Հնարավորության դեպքում այդ տեխնիկան ցուցադրում ենք զորահանդեսների կամ լրագրողների հատուկ շրջայցերի ժամանակ: Մենք հատկապես հետաքրքրված ենք այնպիսի տեխնիկայով, որը կարող է հավասարակշռել Ադրբեջանի հարաճուն զինանոցը և կանխել մի շարք սպառազինությունների հնարավոր օգտագործումը: Ինչ վերաբերում է սպառազինության հավասարակշռությանը, ապա այդ հարաբերակցությունը խախտված է: Բավական երկար ժամանակ Ադրբեջանը շատ մեծ միջոցներ է ծախսել՝ տարբեր երկրներից զենք–զինամթերք ձեռք բերելու համար: Այս գործընթացը հանգեցրել է տարածաշրջանում սպառազինության քանակի լուրջ խախտման: Իսկ եթե խոսենք ընդհանուր ուժերի հավասարակշռության մասին, կարծում եմ՝ կարելի է համաձայնել միջազգային փորձագետների այն գնահատականներին, թե հավասարակշռությունը պահպանված է, քանի որ հայկական զինված ուժերն ունեն մի շարք առավելություններ, որոնք թույլ են տալիս չեզոքացնելու ուժերի անհամաչափությունը: Այնուամենայնիվ, մենք պետք է ինտենսիվ աշխատենք, որպեսզի վերականգնվի սպառազինության քանակական հարաբերակցությունը»:
102-րդ ռազմակայանի օգտագործումը չի քննարկվում
2016 թվականի ամռանից Ռուսաստանը դադարեցրեց Իրանի Համադան ավիաբազայի օգտագործումը, որը կրճատում էր Ռուսաստանի ԶՈւ օդուժի ճանապարհը դեպի Սիրիա, իսկ Գյումրիի 102-րդ ռազմակայանը Սիրիայից նույն հեռավորության վրա է, ինչ Իրանի վերոնշյալ ավիաբազան: «Gazeta.ru»-ի թղթակցին հետաքրքրում էր, թե արդյոք Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են 102-րդ ռազմակայանի օգտագործումը Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված օպերատիվ պլաններում այդ ուղղությամբ համատեղ գործողություններ նախատեսված չեն. «Նման բանակցություններ այս պահին չեն ընթանում: Ակտիվորեն համագործակցում ենք Սիրիա մարդասիրական օգնություն տեղ հասցնելու հարցերի շուրջ, մի շարք ծրագրեր ունենք այլ մարդասիրական նախագծերի իրագործման առումով: Եվ ռուսական 102-րդ ռազմակայանի կիրառումը սիրիական հակամարտությունում չի քննարկվում: Կարևոր է նաև հաշվի առնել, որ Սիրիայում, ինչպես Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրներում, հայկական մեծ համայնք կա: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը Սիրիայի իրավիճակի հետ կապված բոլոր գործողություններում մշտապես հաշվի է առնում նաև համայնքի անվտանգության ապահովման գործոնը»:
Գրի առավ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #13 (1184) 05.04.2017 - 11.04.2017, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում