Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀՐԱԴԱԴԱՐ»



«ՀՐԱԴԱԴԱՐ»Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հյուրընկալվել էին Երևանի մշակույթի պետական քոլեջի սաները: Առաջին անգամ չէր, որ նրանք  ռազմահայրենասիրական երգ ու պարով  հանդես էին գալիս վարժարանի դահլիճում` իրենց տարեկից մոնթեականների առջև: Այդ օրն էլ ներկայացնելու էին   իրենց նոր` ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված բեմադրությունը: Ներկայացման սյուժեն հյուսված էր հրադադարի հայտարարման նախօրեին մարտական հենակետերից մեկում ծավալվող դեպքերի շուրջ: «Հրադադար» վերնագրված այս բեմադրության մեջ մի քանի կարևոր թեմատիկ ուղերձներ կան՝ մարտական ընկերության, միմյանց հանդեպ հարգանքի ու վստահության, թշնամու դավադիր հարվածներին մշտապես պատրաստ լինելու, զգոնության վերաբերյալ և այլն:

-Այսպիսի միջոցառումներով մեր ստեղծագործական խումբը փորձում է ապագա սպաներին, զինվորականներին ոգեշնչել և ամրապնդել սերը հայրենիքի, քրիստոնեական դավանանքի ու մշակութային արժեքների հանդեպ, այն ամենի, ինչը մեր ինքնության ու հարատևության հիմքն է,-ասում է  ներկայացման բեմադրող ռեժիսոր, Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս Համլետ Թադևոսյանը:

Նա նշում է, որ ծրագրել են տարվա ընթացքում այս ներկայացմամբ շրջագայության մեկնել հանրապետության սահմանամերձ շրջաններ, այցելել զորամասեր:

Ներկայացման գլխավոր դերակատարներից մեկը՝ Վարդան Ասատրյանը, ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակից է: Վարդանն ասում է, որ երբեք չի մոռանա 2016թ.-ի ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը, երբ անընդմեջ պայթող արկերից լուսավորվում էր ամբողջ առաջնագիծը: Չի մոռանա այն համախմբվածությունը, ոգին, որի շնորհիվ իրենք` սպաներն ու զինվորները, կասեցրին թշնամու առաջխաղացումը: «Այնտեղ` դիրքերում, մոռանում ես բոլոր մանր-մունր խնդիրներն ու անախորժությունները, դառնում մի բռունցք,- ասում է նա: -Ամեն առավոտ տղաներով վեր էինք կենում, իրար ճակատ համբուրում, թե` այս գիշեր էլ պահեցինք մեր դիրքն ու ողջ-առողջ լուսացրինք: Միակ մտավախությունն այն էր, որ հնարավոր է`  այլևս երբեք չտեսնեինք այն մարդկանց դեմքերը, որոնց սիրում ենք, ու ովքեր մեզ են սիրում… Ինչ վերաբերում է հրադադարին,- ընդգծում է Վարդանը,- ապա ոչ մի պահ չպետք է  մոռանալ, որ այն ժամանակավոր է: Հակառակորդը հրադադարն օգտագործում է՝ իր վերքերն ապաքինելու և նոր դավեր նյութելու համար: Գիտակցելով սա` մշտապես պետք է պատրաստ լինենք առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրելու ազգային բանակի շարքերը, ամեն գնով պահելու մեր դիրքերը»:

Միջոցառման ընթացքում մեծարանքի խոսքեր հնչեցին վարժարանի նախկին սան, մայոր Հայկ Թորոյանի մասին: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացնելիս Հայկը մինչև վերջ անձնուրաց պահել էր իր մարտական դիրքը և հերոսաբար զոհվել: ՀՀ նախագահի հրամանագրով մայոր Հայկ Թորոյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայության» մեդալով: Դահլիճում ներկա էր նաև հերոսի հայրը, որին մոնթեականները խոստացան միշտ  վառ պահել հերոսի հիշատակը:

«ՀՐԱԴԱԴԱՐ»

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1185) 12.05.2017 - 18.04.2017, Բանակ և հասարակություն


12/04/2017