ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆԵՐ` ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ
Ես հայրենիքում եմ լիցքավորվում
-Մի քանի օրից զորամաս եմ գնալու, դիրքեր եմ բարձրանալու,- ասում եմ ջութակահար Նիկոլայ Մադոյանին: Մենք նստած ենք մայրաքաղաքի սրճարաններից մեկում: Այս անգամ չենք հանդիպել պարզապես մի բաժակ թեյի շուրջ զրուցելու համար. Նիկոլայը օրեր առաջ նոր ռեկորդ է սահմանել` 33 ժամ անընդհատ նվագելով համաշխարհային դասականների 60 ստեղծագործություն եւ հետեւում թողնելով հնդիկ ջութակահար Աթհիրա Կրիշնայի ռեկորդը:
-Քո մասին էլ կպատմեմ դիրքապահ տղերքին, շատ կոգեւորվեն,- ասում եմ: Նիկոլայը նայում է աչքերը կկոցած,- քո վերջին սխրանքի մասին,- կրկնում եմ:
-Դո՞ւ կպատմես:
Ես չեմ պատասխանում հարցին: Շարունակում եմ խմել թեյս մինչեւ Նիկոլայը մտքերը հավաքի, ու հասկանամ, թե ինչ է ասում:
-Ինձ էլ հետդ դիրքեր տար:
-Քե՞զ,- այս անգամ անիմաստ հարցեր տալու հերթն իմն է: Ես փորձում եմ «մարսել» տեղեկությունը, մի տեսակ չեմ պատկերացնում մեծն Նիկոլայ Մադոյանին զրահաբաճկոնով ու սաղավարտով խրամատում քայլելիս:
-Ուզում եմ նվագել առաջնագծում, ուզում եմ «Սուսերով պարը», «Կռունկն» ու «Ծիրանի ծառը» նվագել դիրքապահ տղաների համար:
-Ադրբեջանցիները կրակում են, բա որ քեզ դիպչի,- ասում եմ այն, ինչ այդ պահին անցնում է մտքովս:
-Հետո ինչ,- Նիկոլայի դեմքը բարկությունից կարմրում է,- իմ արյունն ումի՞ց է կարմիր:
-Դու հանճարեղ ես:
-Վե՛րջ տուր,- խոսակցությունն ավարտում է Նիկոլայը: -Որոշված է: Ինձ համար թույլտվություն ստացիր: Առանց ինձ դիրքեր չբարձրանաս:
…Մեր մեքենան սլանում է ընդարձակ մայրուղիով: Արարատ լեռը համարյա մեր կողքին է, թվում է` ձեռքդ երկարես, կհասնի:
-Նիկոլա՛յ, Մասիսը,- ցույց եմ տալիս:
-Ես տարվա հինգ ամիսը Հայաստանում եմ լինում, Համբուրգի իմ տանը լինում եմ միայն այն ժամանակ, երբ համերգ կամ ձայնագրություն եմ ունենում Գերմանիայում: Եվ ընդհանրապես, դու ինձ հետ մի խոսիր՝ ասես օտարերկրացու հետ ես խոսում: Քո անհարկի հոգատարությունն ստիպում է, որ ինձ հյուր զգամ իմ երկրում: Իսկ իրականում ես հայրենիքում եմ լիցքավորվում: Աշխարհի որ երկրում ասես չեմ եղել, բայց ուրիշի տունը որքան էլ շքեղ ու հարմարավետ լինի, միեւնույն է, ուզում ես քո տուն վերադառնալ: Ես արտերկրում աշխատում եմ: Հայաստանում եմ ապրում ու հանգստանում:
Եկել եմ՝շնորհակալություն ասեմ ձեզ
Սառը քամի է, բայց Նիկոլային չեմ կարողանում պոկել զորամասի տարածքում տեղադրված` ազգային հերոսների մեծադիր լուսանկարներից: Հերիք չի հերթով բոլորը նայում է, հետն էլ հարցեր է տալիս` Գեղազնիկի կի՞նն էր ռուս, Թաթուլը քանի՞ երեխա ունի, Մոնթեն ու Վազգենը…
-Սկզբից ո՞ւր գնանք,- պատրաստակամ հարցնում է մեզ ուղեկցող սպան` մայոր Գեւորգ Տոնիկյանը:
Չեմ հասցնում պատասխանել:
-Զորանոց,- ասում է Նիկոլայը:
Հավասար շարքով միանման մահճակալներ, յուրաքանչյուր մահճակալի կողքին փոքրիկ պահարանների վրա խնամքով շարված զանազան պարագաներ ու գրքեր՝ ամեն ինչ հետաքրքրում է Նիկոլային: Զինվորները շրջապատել են նրան ու պատասխանում են նրա երբեմն այնքան միամիտ ու սրտառուչ հարցերին:
-Սա բանա՞կն է տալիս, թե ձեր գումարով եք գնում,- հարցնում է Նիկոլայը` մատնացույց անելով հիգիենայի պարագաները:
-Բանակն է տալիս,- պատասխանում են տղաները:
-Այս բարակ ծածկոցո՞վ եք քնել ձմռանը,- հետաքրքրվում է Նիկոլայը:
-Ձմռանը զորանոցը շատ տաք է եղել, չենք մրսել,-ջութակահարի մտահոգությունը փարատում են զինվորները:
Հետո Նիկոլայը շոշափում է մահճակալը:
-Չո՞ր է,- հարցնում եմ:
-Այնքան էլ չէ,- պատասխանում է,- համ էլ ես չոր մահճակալ եմ սիրում, փափուկի վրա չեմ կարողանում քնել: Չոր մահճակալը օգտակար է առողջությանը:
Ես Նիկոլային մենակ եմ թողնում տղաների հետ: Հեռվից նայում եմ, թե ինչպես են նրանք զրուցում, զանազան իրեր են ցույց տալիս Նիկոլային: Երբ բոլորս միասին գնում ենք դասասենյակ, որ նստելու տեղ ունենանք զրուցելու համար, նկատում եմ, որ Նիկոլայի ձեռքին «զինվորական» Աստվածաշունչ կա: Երեւի զինվորներն են նվիրել:
Հետո ես զինվորներին պատմում եմ, թե ինչպես է Նիկոլայը ռեկորդ սահմանել` 33 ժամ անընդմեջ նվագելով:
-Ասա, որ իմ խնդրանքով հանդիսատեսի մեծ մասը զինվորականներ են եղել, որովհետեւ զինվորական համազգեստը ինձ ուժ է տալիս,- ականջիս փսփսում է Նիկոլայը:
-Ինքդ ասա:
-Եկել եմ շնորհակալություն ասեմ ձեզ,- Նիկոլայը այնքան հուզված է, ձայնը դողում է: -Դուք հայրենիքին տալիս եք ամենաթանկը` ձեր կյանքը, մենք ինչ էլ անենք, ինչպիսի մեծ փառք էլ բերենք հայրենիքին, մեր արածը չնչին բան է ձեր սխրանքի կողքին: Դուք մեզ հնարավորություն եք տալիս ապրելու ու արարելու: Մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանի համար ձեզ ենք պարտական: Դուք մեր երկրի ամենակարեւոր մարդն եք:
Ես նայում եմ զինվորների դեմքին: Ոչ ոք չի ժպտում, նայում են պինդ, բոլորի հայացքի մեç տարիքին անհարիր ամրություն ու վճռականություն կա:
Նիկոլայը հերթով զրուցում է բոլոր զինվորների հետ: Ես էլ եմ միանում զրույցին:
-Ի՞նչ ապրումներ ունեցար, երբ առաջին անգամ դիրք բարձրացար:
-Ես սահմանապահ Մովսես գյուղից եմ, մենք ծնված օրվանից դիրքում ենք, այդ պատճառով էլ ոչ մի ապրում չունեցա,- ասում է Արսենը:
-Ծառայության սկի՞զբն է դժվար, թե՞ վերջը:
Այս անգամ պատասխանողը վարդենիսցի զինվորն է:
-Մեծ եղբայրներս ծառայել են ու զորացրվելուց հետո այնքան բան են պատմել ծառայության մասին, որ ես հոգեբանորեն պատրաստ էի ամեն դժվարության ցանկացած շրջանում:
-Ի՞նչ է մարտական ընկերը մարդու համար,- ես եմ հարցնում: -Պատմեք, թող Նիկոլայն իմանա, որովհետեւ ինքը երբեք մարտական ընկեր չի ունենա:
-Ինչո՞ւ չեմ ունենա, դու իմ մարտական ընկերն ես,- հակադարձում է Նիկոլայը:
-Տես, որ ընդհանրապես պատկերացում չունես, թե ինչ է մարտական ընկերը:
-Մարտական ընկերը ամենաիսկական ու անդավաճան ընկերն է,-սկսում է Առուստամյան Սերգեյը,- մարտական ընկերը դժվարությունների մեջ փորձված ընկերն է, մարտական ընկերը այն ընկերն է, որ իր մարմնով փակում է քո սրտին ուղղված գնդակի ճանապարհը:
Նիկոլայը նայում է լայն բացված աչքերով: Հետո երեխայի անկեղծությամբ ասում է ինձ:
-Չէ, դու մարտական ընկեր չես:
-Ես էլ Մոսկվայից եմ եկել,-ներկայանում է Արթուր Հովեյանը,- շատ փոքր էի, երբ ծնողներս հայրենիքից տեղափոխվեցին Ռուսաստան: Բանակում ընկերներս ինձ սովորեցրել են հայերեն տառերը: Արդեն բոլոր տառերը գիտեմ:
Ապա շարունակում է:
-Աշխարհի ամենասիրուն աղջիկները հայուհիներն են, ամենահամով խոհանոցը հայկականն է, ամենաթասիբով տղամարդիկ Հայաստանում են ապրում…
Նիկոլայը արագ-արագ գլխով է անում, իբր` հա, այդպես էլ կա, շատ ճիշտ ես ասում:
-Ես շատ եմ սիրում Հայաստանը,- եզրափակում է Արթուրը:
-Ես իմ АКМ-ն եմ սիրում: Առանց իրար կյանք չունենք: Ոչ ոք ինձնից այնպիսի սեր ու հոգատարություն չի տեսել, որքան АКМ-ս:
-Ո՞ւմ է սիրում,- զարմացած հարցնում է Նիկոլայը, բոլորս ծիծաղում ենք:
-АКМ ինքնաձիգը,- ասում եմ ես, ու Նիկոլայն էլ է ծիծաղում:
-Վաղուց եք եկել, գնանք միասին ճաշենք,- հրավիրում է զինվոր Նահապետյան Արամը: Ու բոլորս միասին իջնում ենք ճաշարան, կարգապահ տեղավորվում զինվորների կողքին:
-Սիրուն է, չէ՞,- ասում է Նիկոլայը: Ես չեմ հասկանում, թե ինչն է սիրուն, բայց գլխով եմ անում: Հետո այնուամենայնիվ հարցնում եմ:
-Ի՞նչն է սիրուն:
-Հավասարությունը: Հավասար շարված մետաղե ափսեները, բաժակները, միանման հագնված զինվորները, ամեն ինչ հավասար շարքով է, իր տեղում, ասես գծած լինի:
Մտքովս չէր անցնի: Սպիտակխալաթավոր երկու տղա սեղանին տեղավորում են ուտելիքը` կարմիր լոբով ջրալի ճաշ, բրնձով փլավ, տավարի միս, կաղամբի աղցան, հաց, հյութ: Նիկոլայը ձեռքը տանում է հացին ու անմիջապես հետ է քաշում, որովհետեւ զինվորներից մեկն զգուշացնում է` պիտի աղոթենք ուտելուց առաջ: Բոլորս միասին ոտքի ենք կանգնում, ասում ենք «Հայր մերը», գոհություն ենք հայտնում Տիրոջը՝ իր տված բարիքների համար: Աղոթքն ավարտելուց հետո ես ձեռքս տանում եմ դեպի շերեփը, որ Նիկոլային լոբով ճաշ հյուրասիրեմ, բայց նույն զինվորն այս անգամ էլ ինձ է սաստում. «Ես կբաժանեմ, որ ամեն մեկը իր հերթին լցնի, խառնաշփոթ կլինի»: Ձեռքս հետ եմ քաշում: Զինվորը առաջինը իմ բաժինն է լցնում, հետո՝ Նիկոլայի, ապա՝ մյուս զինվորների…
-Կարո՞ղ ենք ուտել,- ես խուսափում եմ նոր սխալից,- թե պիտի սպասենք մյուսների բաժինն էլ լցնեք:
-Կարող եք,- կարճ պատասխանում է զինվորը:
Ես աչքի պոչով նայում եմ Նիկոլային: Ուտում է մեծ ախորժակով: Աշխարհի ամենահեղինակավոր ռեստորանների ճաշերը համտեսած Նիկոլայ Մադոյանը մինչեւ վերջ ուտում է զինվորական լոբով ճաշը, գովում խոհարարներին, խմում իր բաժին հյութը: Հետո հետաքրքրվում:
-Եթե զինվորն ուզենա, կարո՞ղ է մի բաժին էլ ուտել:
-Կարող է, բայց լոբով ջրալի ճաշ, բրնձով փլավ, աղցան ուտելուց հետո հազիվ թե որեւէ մեկի ստամոքսում երկրորդ ափսեն ուտելու տեղ մնա,- պատասխանում է զինվորը:
-Իսկ հաց քանի՞ կտոր կարող եմ ուտել, -չի նահանջում Նիկոլայը:
-Կերեք, ինչքան ուզում եք,- ծիծաղում է զինվորը:
Մենք, իհարկե, լրացուցիչ բաժին չենք խնդրում ու բոլորի հետ միասին պարտաճանաչ ավարտում ենք ճաշը:
-Էլի եմ գալու,- զինվորներին հրաժեշտ տալիս ասում է Նիկոլայ Մադոյանը:
-Կսպասենք,- ասում են զինվորները մեր հետեւից:
Մենք աղոթում ենք զորամասի մատուռում, գոհություն ենք հայտնում Աստծուն, հայցում նրա օրհնությունը՝ զինվորների, մեր հայրենիքի, մեր սիրելիների ու մեզ համար: Հետո Նիկոլայը նվագում է զինվորների համար: Եվ ճանապարհվում ենք դիրքեր:
Աշխարհահռչակ Նիկոլայ Մադոյանի աստեղային պահը
Դիրքերում մեզ առաջինը դիմավորում են աղավնիները` սպիտակ, սեւ, ծիրանագույն, մոխրագույն, չալպուտուրիկ:
– Խաղաղության աղավնիներ` պատերազմի սահմանագծին: Ի~նչ մեծ խորհուրդ ունի, չէ՞,- Նիկոլայի դեմքը ներշնչված է: Իսկ աղավնիները հանգիստ, առանց վախենալու շորորում են գետնատնակի կողքին եւ կտցահարում են հացի թափված փշրանքները: Քիչ անց գետնատնակի հետեւից դուրս է գալիս մի ահռելի գամփռ, հետեւից` երկու փոքր շուն: Ու սկսում են խմբով զննել մեզ:
-Սահմանապահ շներ են,- բացատրում է սպան:
Գամփռը շարունակում է անխռով նայել, իսկ փոքրիկներից ամենափոքրը թիրախավորում է ինձ` ամենաթույլիս, ու սկսում է բարձրաձայն վրաս հաչելով ինքնադրսեւորվել: Առհասարակ այս փոքրիկ արարածները շատ վտանգավոր են, իսկ այստեղ՝ սահմանապահների կողքին, ես նրանցից վախենալու պատճառ չունեմ: Դիրքապահները պնդում են, որ ես ու Նիկոլայը նախքան խրամատ մտնելը զրահաբաճկոն հագնենք ու սաղավարտ կրենք:
Սպաներից մեկը չի թողնում, որ Նիկոլայը առջեւից գնա:
-Վտանգավոր է, իմ հետեւից եկեք,-ասում է նա:
Հետո հոգատարությամբ հարցնում է ինձ.
-Հո շատ ծանր չէ՞ զրահաբաճկոնը:
Յոթ կիլոգրամանոց բեռը կախված է ուսերիցս: Նիկոլայի դեմքին քմծիծաղ կա, իբր` դե դիմացիր:
-Չէ,- ասում եմ,- շատ հարմար է, ասես զրահաբաճկոնով ծնված լինեմ:
-Դու իմ հետեւից արի,- ասում է Նիկոլայը: Ասես մարտի ենք գնում, ու ինքը որոշել է առաջին հարվածն իր վրա ընդունել:
Ադրբեջանցիները 300 մետրի վրա են, անզեն աչքով էլ կարող ես տեսնել: Հեռադիտակով զննում ենք թշնամու դիրքերը:
-Սա՞ է եղածը,- հարցնում է Նիկոլայը: Ես չեմ պատասխանում: Այս հոգեվիճակը ծանոթ է ինձ: Եթե ուսից կախված ջութակը փոխարինենք ինքնաձիգով ու ասենք` մեն-մենակ գնա հակառակորդի դիրքերը գրավելու, մի վայրկյան չի հապաղի: Դեմքին այնպիսի խիզախություն կա, աչքերը այրվում են:
Գետնատնակում դիրքապահները սեղան են բացել մեզ համար:
-Թխվա՞ծք են տալիս դիրքապահներին,- հարցնում է Նիկոլայը:
Ես նկատում եմ սեղանին դրված տորթի կտորները: Գլխով անորոշ շարժում եմ անում:
-Տալիս են, թե չեն տալիս,-համառում է Նիկոլայը: Դրությունը փրկում է դասակի հրամանատար Սասուն Հակոբյանը, որը բացում է մի կամուֆլյաժ հագած պահարան ու Նիկոլային հատիկ-հատիկ ցույց է տալիս դիրքապահների սնունդը` երշիկ, ձու, պանիր, մսի եւ բանջարեղենի պահածոներ, թթվասեր, կիսաֆաբրիկատ ճաշեր, հյութեր…
Հետո հավաքվում ենք թեյի սեղանի շուրջ:
-Աշխարհի ոչ մի ռեստորանում այսպիսի հրաշալի ընթրիք չի եղել,- փսփսում է Նիկոլայը ականջիս, ու ես հասկանում եմ, որ մեծ ջանքեր են պահանջվելու՝ Նիկոլային դիրքերից տուն տանելու համար: Գումարտակի շտաբի պետ, մայոր Արթուր Բաղդասարյանը կրակին յուղ է լցնում` ամենայն մանրամասնությամբ պատասխանելով Նիկոլայի բոլոր հարցերին: Իսկ Նիկոլային հետաքրքրում է բառացիորեն ամեն ինչ` կապված բանակի ու զինծառայության հետ: Քիչ անց զրույցը տեղափոխվում է անձնական դաշտ, ու Նիկոլայն սկսում է հետաքրքրվել դիրքապահների ընտանիքներով:
-Քանի՞ երեխա ունեք,- հարցնում է Նիկոլայը մի զինծառայողի:
-Երկու:
-Տղա ունե՞ք:
-Ոչ մի կերպ:
Նիկոլայի աչքերը կլորանում են: Մինչեւ ես կհասցնեմ ասել, որ «ոչ մի կերպը» զինվորական բառապաշարից է ու նշանակում է` ո՛չ, Նիկոլայը հարցնում է.
-Ոչ մի կերպ չի ստացվո՞ւմ…
Ու մեր քրքիջը երեւի ադրբեջանցի դիրքապահներին է հասնում:
-Ուզում եմ նվագել,-ծիծաղի միջից անակնկալ ասում է Նիկոլայ Մադոյանը: Ես հասկանում եմ, որ նա այնքան է լցվել զգացմունքներով, որ այլեւս անհնար է դիմանալ, ուզում է պարպվել… եւ վերցնում է ջութակը… Ու թե ինչ է կատարվում հետո՝ ես չեմ կարող նկարագրել բառերով: Կյանքում առաջին անգամ իմ գրիչն անզոր է՝ ձեզ փոխանցելու կատարվածը: Դա նվագ չէր, ես այդպիսի «Կռունկ» չէի լսել: Գետնատնակում անսովոր բան էր կատարվում: Նիկոլայ Մադոյանը չէր նվագում: Նա մեղեդին պոկում էր իր սրտի միջից, նա իր սիրտն էր դնում մեղեդու մեջ: Դիրքապահների աչքերում արցունքը լճացել ու չէր թափվում: Թվում էր՝ գետնատնակը կպայթի ապրումներից… Աշխարհահռչակ հայ ջութակահարի նվագն ասում էր.
-Լսո՞ւմ եք, այդ մենք ենք: Երբ մենք հայրենիքի սահմանին ենք, խախտվում են բոլոր օրինաչափությունները, փոխվում են բոլոր չափանիշները: Այդ մենք ենք` հայրենիքի հանդեպ մեր տիեզերաչափ սիրով եւ այդ սիրո առեղծվածային ու անչափելի զորությամբ:
Երբ մեր մեքենան պոկվեց տեղից, բոլորս հետ շրջվեցինք` դեպի դիրքերը, դեպի դիրքապահ տղաները, որոնց թողեցինք հայրենիքի սահմանաբերանին: Օդում աղավնիները պտույտներ էին գործում՝ թափահարելով թեւերը: Մինչեւ Երեւան ոչ մեկս չխոսեց: Հրաժեշտ տալիս Նիկոլայը ասաց.
-Գիտես՝ ես նվագել եմ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, բայց երբեք այսքան չէի հուզվել ու այսքան լավ չէի նվագել: Սա իմ աստեղային պահն էր: Գետնատնակը կյանքիս ամենահեղինակավոր բեմն էր, դիրքապահը` ամենապատվելի ունկնդիրը:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Հ.Գ. -Հաջորդ օրն արթնանում եմ Նիկոլայ Մադոյանի զանգից:
-Մյուս անգամ ե՞րբ ես գնալու դիրքեր,- հարցնում է:
-Ի՞նչ կա:
-Ես էլ եմ գալու:
Խորագիր՝ #14 (1185) 12.05.2017 - 18.04.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում