ԹՈՂ ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ
Բուժծառայության մայոր Վարդիկ Ամիրխանյանը 17 երկար ու ձիգ տարիներ ծառայում է զինված ուժերում: 2008թ. Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի ընդունարանի բաժանմունքի պետն է: Բարեխիղճ եւ նվիրված ծառայության համար պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով:
Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, հոսպիտալում եմ, ու Վարդիկ Ամիրխանյանի հետ մեր զրույցի թեման, տոնին համահունչ, ոչ թե զինվորական կյանքում ունեցած նրա ձեռքբերումներն ու հաջողություններն են, այլ` մայրական ապրումներն ու զգացողությունները. բժշկուհու երկու որդիները՝ Ալեքսանդրն ու Էդգարը, ծառայում են սահմանային զորամասերից մեկում:
-Դժվար է զինվորի մայր լինելը, ամեն օրդ դառնում է կարոտ եւ սպասում…,- ասում է Վարդիկը:- Ինձ լավ կհասկանան այն մայրերը, ովքեր բանակում զինվոր զավակ ունեն: Ամեն րոպե` աշխատավայրում թե տանը, անկախ ինձնից, մտովի զինվոր որդիներիս հետ եմ: Ամենակարող Աստծուց միայն խաղաղություն եմ խնդրում:
-Աշխարհում ամենից շատ մայրերն են խաղաղություն ուզում…
-Ու օրհնաբեր խաղաղությունը պահելու-պահպանելու համար բանակ են ճանապարհում իրենց համար աշխարհում ամենաթանկը՝ զավակներին:
-Զինվորական համազգեստը ձեզ համար վաղուց արդեն սովորական է դարձել. դուք զինվորական եք, զինվորական է ձեր ամուսինը (պահեստազորի գնդապետ Հովիկ Դավթյանը երկար տարիներ ծառայել է ռազմաբժշկական համակարգում), բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ի՞նչ ապրումներ ունեցաք, երբ առաջին անգամ ձեր որդիներին տեսաք համազգեստով…
-Ուրախություն, տագնապ, հպարտություն, հուզմունք….այնքան հակասական հույզեր… Հրամանատարի աշխատասենյակում նստած` սպասում էինք նրանց: Եկան… Ձիգ, առնական, ու ո՜նց ներկայացան: Առաջինը` Ալեքսանդրը, հետո` Էդգարը, էնքան հստակ էին զեկուցում, պատվի առնում, ասես հազար տարի զինվորական թոհուբոհի մեջ էին եղել: Անկեղծ ասած՝ չէի հավատում, որ այսքան արագ ու այսքան սահուն էս ամեն ինչի մեջ կմտնեն, կձուլվեն ու այդչափ պատասխանատվությամբ: Ոչ մի տրտունջ, բողոք… Գիտեմ` զինվորական կյանք է, հնարավոր չէ, որ դժվարություն չլինի, բայց… մեր դիմաց պինդ ու ամուր կանգնած էին հասուն ու լրջախոհ զինվորներ՝ մեր տղաները…
Բանակը լուրջ փորձություն է՝ սեփական ուժերը գնահատելու, բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու, ինքնադրսեւորվելու: Միշտ մտահոգվում, անհանգստանում էի տղաներիս համար: Ինքս ինձ հազար անգամ հարց եմ տվել. տեսնես` ո՞նց կծառայեն, ո՞նց կդրսեւորեն իրենց, կհարմարվե՞ն, կհաղթահարե՞ն բանակային կյանքի դժվարությունները… Որդիներիս ժպտացող հայացքը, բարձր տրամադրությունն ու ձիգ կեցվածքը պատասխանն էին ինձ հուզող բոլոր հարցերի ու անհանգստությունների:
-Ալեքսանդրն ու Էդգարը երկվորյակ են, նմա՞ն են իրար:
-Այնքան տարբեր են` թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ: Ալեքսանդրը ավելի շփվող է, մարդամոտ, բնություն է սիրում, որսորդություն, Էդգարն ինքնամփոփ է, ինքն է ու իր գրքերի աշխարհը…: Նույն ընտանիքում են մեծացել, նույն դաստիարակությունն ստացել, բայց շատ տարբեր են: Ճիշտ են ասում՝ մարդը իր ուրույն բնավորությամբ է ծնվում:
Նույն զորամասում են ծառայում, երկու եղբայր մի վայրում են: Կրկնակի ապահով եմ, կրկնակի էլ անհանգիստ: Երբ զրուցում ենք, ամեն մեկին առանձին խորհուրդ եմ տալիս՝ հիշիր, դու պատասխանատու ես եղբորդ համար: Ասում եմ նաեւ, որ պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց պարտականություններին, անտրտունջ կատարեն ավագների հրամանները, հանձնարարությունները: Բանակային կյանքի ամեն օրը փոխում է մեր տղաների մտածելակերպը, ամրացնում-կոփում մարմինը: Բանակի տված «դասերի» շնորհիվ նրանք ավելի լավ կճանաչեն կյանքը…
-Բոլորովին վերջերս եք տեսակցել Ձեր որդիներին: Ի՞նչ կպատմեք զորամասից:
-Փոխադարձ հարգանք, վստահություն, ընկերական մթնոլորտ, կարգուկանոն, հրամանատարական կազմի հոգատար եւ սրտացավ վերաբերմունք… Ե՛վ որպես ծնող, ե՛ւ որպես զինվորական շատ եմ տպավորված: Բոլորն ինձ ասում են՝ էլ ի՞նչ ես ուզում, ամեն ինչ լավ է, ամեն բան քո աչքով ես տեսել, տղաներիդ կարոտը առել: Ասում եմ՝ ճիշտ եք, զորամասում ամեն ինչ լավ է, բայց տղաներիս կարոտը չեմ առել, ընդհակառակը` կարոտս ավելի է թարմացել….
-Ապրիլի 7-ը, կարծում եմ, լավ առիթ է մեկ անգամ եւս հիշելու՝ ինչ անակնկալներ էին մատուցում Ձեզ Ձեր որդիները:
-Միշտ էլ փոքրիկ նվերներ, ծաղիկներ եմ ստացել, բայց, ամենակարեւորը, ծնողի համար զավակների ուշադրությունն է: Հիմա, երբ զանգում են, նրանց ձայնի հնչերանգից, յուրաքանչյուր ելեւէջից փորձում եմ հասկանալ՝ տխո՞ւր են, ուրա՞խ, մտահո՞գ: Ու երբ հեռախոսի մյուս ծայրին խրոխտ ու զվարթ հնչում է՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, նորից կարծես թեւ եմ առնում, հոգիս բերկրանքով է լցվում: Սա, հավատացեք, աշխարհի ամենամեծ ու ամենաթանկ նվերն է ինձ համար:
-Ի՞նչ կմաղթեք մեր հայրենիքի պաշտպաններին` որպես զինվորական, որպես զինվորականի կին եւ որպես զինվորի մայր:
-Որքան էլ ճոխ է մեր հայերենը, որքան էլ հարուստ բառագանձ ունի, միեւնույն է, բառերը չեն հերիքում արտահայտելու այն, ինչ մայրական սիրտն է զգում: Հանճարեղ է ասում Շիրազը. «Եթե աշխարհը մոր սրտով գնար, Մեր ազգի բախտն էլ արյուն չէր լինի….»:
Թող աշխարհը մոր սրտով գնա՝ խաղաղ լինի մայրական սիրտն ու խաղաղ լինի մեր թանկ ու հարազատ հողը…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #14 (1185) 12.05.2017 - 18.04.2017, Ազգային բանակ