Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



ՄԵԾԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄԱպրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման միջոցառում:

Բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը նշեց, որ միջոցառումը նվիրվել է Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց՝ այն առյուծասիրտ հերոսներին, որոնցից ոմանք բռնեցին անմահության և հավերժության ուղին, իսկ նրանցից շատերը այսօր էլ մեր կողքին են՝ որպես կենդանի լեգենդներ, արարող մայրեր և նվիրյալներ:

-Ես ուզում եմ սիրով, առանձնակի ջերմությամբ շնորհավորել բոլոր կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և ցանկանալ ամենակարևորը՝ խաղաղ երկինք մեր հայրենիքին, մեր Արցախ աշխարհին, մեր սրբազան հողին: Եվ պատահական չէ, որ այսօր կրկնակի տոն է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Անկրկնելի է հայ կինը, բոլոր ժամանակներում նա եղել է կենսունակ ու արարչագործ, իմաստուն ու հնարամիտ, նվիրված ու սիրող, նուրբ ու գեղանի, բայց անհրաժեշտության պահին օժտված իր տունը պաշտպանելու, իր կողակցին սատար կանգնելու, մարտնչելու և տքնելու, ինքնազոհողության ու նվիրումի կարողությամբ,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկների հիշատակը, մեկ առ մեկ հնչեցին նրանց անունները:

-Ես խոնարհվում եմ այն մայրերի առջև, ովքեր ծնել, մեծացրել ու դաստիարակել են այնպիսի դուստրեր, որոնք դարձել են հայրենասիրության և հայրենապաշտության օրինակներ: Արցախյան ազատամարտում զոհված մեր հերոս քույրերը այսօր էլ մեզ հետ են, մեր կողքին ու մեր հոգում, մեր հաղթանակած բանակի ակունքներում:

«Անահիտ» դասակի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը իր խոսքում նշեց. «Մեր ջոկատի քաջարի կին մարտիկներից որևէ մեկը ներքին վարանում չի ունեցել զենքը ձեռքը վերցնելիս և մարտի դաշտ գնալիս: Նրանք լավ գիտեին՝ հայրենքիը մեկն է, հողը՝ սուրբ, իսկ հայրենիքի հանդեպ սերը՝ ամենազորավորը  բոլոր մարդկային զգացմունքներից»: Նաև հավելեց, որ նույն պատրաստակամությամբ ազատամարտիկ կանայք անցած ապրիլին ևս եղել են դիրքերում՝ հայ զինվորի կողքին:

Պաշտպանության նախարարության և զինված ուժերի անունից կանանց շնորհավորեց զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, ՔՀԾ II ԴՊԽ Սերժ Առուշանյանը: «Սա մեր պետական օրացույցի ամենագեղեցիկ տոներից մեկն է և հիանալի առիթ՝ ևս մեկ անգամ խոնարհվելու հայուհիների առջև, նրանք ամուր սյուների նման կանգուն են պահում մեր պետականությունը: Այս միջոցառումը ազգ-բանակ գաղափարախոսության շարունակությունը կարծես լինի, որտեղ յուրաքանչյուրս զինվոր ենք, իսկ հայ կինը զինվոր է կրկնակի՝ ծնելով քաջարի մարտիկներ և հարկ եղած դեպքում մարտի դաշտ մեկնելով»:

Միջոցառման ընթացքում հնչեցին մայրերին նվիրված բանաստեղծություններ և երգեր, ցուցադրվեցին հատվածներ կին ազատամարտիկների մասին պատմող ֆիլմերից և հաղորդումներից:

 

Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Խորագիր՝ #14 (1185) 12.05.2017 - 18.04.2017, Բանակ և հասարակություն


12/04/2017