ԱՊՐԻԼԻ 16-Ը ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է
«Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը,
ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը»
(Ա Կորնթ. ԺԵ 55):
Պողոս առաքյալի հետ այսօր պարզում ենք կյանքի հաղթանակի դրոշը եւ բերկրալից շնորհավորանք փոխանցում միմյանց՝ քրիստոնյաներիս համար ամենանվիրական ու լուսավոր այս տոնի առիթով: Մեր հավատավոր ժողովրդի անցած ճանապարհը լի է եղել օրհասական դրվագներով, իսկական գողգոթաներով ու մահասարսուռ խաչելությամբ, բայց որպես Տիրոջ ճշմարիտ աշակերտ ու հետեւորդ՝ միշտ էլ հաղթահարել ենք մեծագույն այդ փորձությունները եւ Փրկչի զորակցությամբ հարություն ու հաղթանակ տոնել: Ինչքան էլ կորուստները հուսահատեցնող են եղել, կամ թվացել է, թե ձեռնունայն հուսախաբությունն է մեզ սահմանված բաժինը, Տիրոջ դատարկ գերեզմանից լսվող հրեշտակաբարբառ ավետիսը՝ «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ՝ հարյավ» (Ղուկ. ԻԴ 5-6), մեզ ուժ է տվել լավատեսության ակնկալիքներով լի հայացք ուղղելու վաղվա օրվան:
Եվ այսօր, դարձյալ նորոգված Սուրբ Հարության ավետիսով, շնորհավորում ու քաջալերում ենք միմյանց, վստահեցնում, որ նույնիսկ մահը՝ մեր մեծագույն թշնամին, դեռ վերջ չի նշանակում, այլ՝ մեր վստահության փորձաքար, շրջադարձային հանգրվան, որը հաղթահարում ենք՝ ամուր բռնելով Տիրոջ ձեռքը, կատարելապես ապավինելով մարդու նկատմամբ նրա փրկագործ սիրո զորությանը: Իսկ կարմրաներկ հավկիթն էլ ամեն անգամ մեզ հիշեցնում է այդ փրկագործության արժեքը, որ մեր Տիրոջ անգին արյունն է՝ հեղված համայն մարդկությանը փրկություն ու հավիտենական կյանք շնորհելու համար:
Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Հարության լույսի ներքո մեր շնորհավորանքն ու օրհնությունն ենք բերում Ձեզ` սիրելի սպաներ ու զինվորներ` մեր հայրենի երկրի անվտանգության երաշխավորներ: Մաղթում ենք նոր եռանդ, նվիրում ու կորով` հայրենյաց պաշտպանի բարձր կոչումը կրելու եւ կերտելու ճանապարհին: Թող Փրկչի Սուրբ Հարության ավետիսը մշտաբուխ լույսի ճառագումով լցնի ամենքիս կյանքերը, անսասան պահի մեր Հայաստան աշխարհը`Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները եւ հաղթանակած հայոց բանակը: Ամեն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդ
Խորագիր՝ #14 (1185) 12.05.2017 - 18.04.2017, Հոգևոր-մշակութային