Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԺԴԵՀԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ ԲԱՆԱԿ



Երբ ծնվեց Բագրատ Ստեփանյանի առաջին որդին, հայրը երկար չմտածեց, թե ինչպես նրան անվանակոչել. վաղուց էր որոշել` որդին կրելու է Նժդեհ անունը. «Դեռ երիտասարդ էի, ընտանիք չունեի, երկար տարիներ ուսումնասիրել էի Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը, անգամ գտել նրա եղբոր թոռանը եւ թույլտվություն խնդրել՝ որդի ունենալու դեպքում նրան Նժդեհ անվանակոչելու համար: Այդպես էլ արեցի եւ հուսով եմ՝ որդիս արժանի կլինի իր անվանը»:
Այժմ Նժդեհը տասնութ տարեկան է, եւ հայրը նոյեմբերի 19-ին նրան ճանապարհեց բանակ: Հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու հարեւանները հավաքվել էին Նոր Նորքում գտնվող՝ ազատամարտիկ Գագիկ Ստեփանյանի («Հեթանոս Գագո»)` Նժդեհի հորեղբոր հուշարձանի մերձակայքում՝ երիտասարդին բարի ճանապարհ մաղթելու: Այստեղ էին երաժիշտները, կազմակերպվել էր նաեւ հյուրասիրություն.
«Վաղուց էի որոշել, որ որդուս այստեղից եմ բանակ ճանապարհելու, նա պետք է ոգեւորվի իր հորեղբոր քաջությամբ, երդվի, որ լինելու է շարունակողը այն վեհ գործի, որ եղբայրս եւ նրա նման հարյուրավոր հայորդիներ են սկսել»,-ասում է Բագրատ Ստեփանյանը եւ ընդգծում, որ չի հավատում այն հային, ով հայրենասիրությունից է խոսում, սակայն իր որդուն բանակ չի ուղարկում. «Մենք պետք է համազգային նվիրում ցուցաբերենք բանակի եւ ամեն մի զինվորի նկատմամբ, սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր մեր ֆիզիկական գոյության միակ երաշխավորն է: Կարծում եմ` մեր տղաների մարտունակությունը կհազարապատկվի, եթե նրանք ամեն օր Նժդեհ կարդան, նրանց մեջ կարմատավորվեն հայրենասիրություն եւ հայրենիք գաղափարները»:
Բագրատ Ստեփանյանը որդուն սուր հանձնեց եւ պատգամեց` հորեղբոր պատիվը բարձր պահել, նվիրվել հայրենիքին եւ նրա պաշտպանությանը, ապա հավաքվածների հետ ուս ուսի, ձեռք ձեռքի տված՝ քոչարի պարեց: Նժդեհի մայրը` Զարին Մանգասարյանը, հիշեց. «Որդիս ութ ամսական էր: Գագոն դիրքերից եկավ տուն, նստեց նրա մահճակալի եզրին եւ շշնջաց` «Նժդեհ, աղջկաս` Նորային, պաշտպան կլինես»… Այսօր որդիս գնում է բանակ՝ իր քրոջը, մորը, հարեւանին ու բարեկամին պաշտպանելու, իսկ ես միայն հպարտությամբ եմ դա արձանագրում»:
Նժդեհը ոգեւորված էր եւ միաժամանակ հուզված, նրան արժանի ծառայելու խորհուրդներ էին տալիս փորձառու զինվորականներ, ազատամարտիկներ, բակի տղաները, ովքեր արդեն զորացրվել են: Նա ուշադիր լսում էր, գլխով անում. «Ամեն բառն էլ ինձ համար արժեքավոր է, բայց իմ կյանքում նվիրումի մի օրինակ ունեմ, որը տատիկիցս ու պապիկիցս եմ լսել, հորեղբորս անձնազոհության պատմությունն է: Ահա այդ պատմությունը:
…Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը: Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հայկական մի քանի դիրք: Գագոն իր զինվորների հետ զբաղեցնում էր Օմարի լեռնանցքի երրորդ դիրքը, որը մասամբ շրջապատված էր: Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը: Նա հրամայեց իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեն շրջափակումից: Իսկ ինքը, ոտքը վիրավոր, մնաց և մեկ գնդացրով շարունակեց պաշտպանությունը: Ադրբեջանցիները գրոհում էին: Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները ` Գագոն տեղից տեղ էր անցնում՝ ստեղծելով պատրանք, թե պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ: Թշնամին ընկնում էր՝ խոցված Գագիկի գնդակներից: Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն շարունակեց մարտը: Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը: Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվեց ու թողեց գնդացիրը: Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել: Գագիկը շարունակեց կռիվը, սակայն չափից շատ արյուն էր կորցրել. ուժասպառ ընկավ, և դիմադրությունը դադարեց: Վախեցած ադրբեջանցիները միայն որոշ ժամանակ անց մոտեցան խրամատներին: Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ: Իր աչքերին չհավատացող հրամանատարը որոշեց տեսնել այդ խիզախին: Նա շրջեց ընկած Գագոյին: Ընդամենը մեկ ակնթարթ. Գագոն բացեց աչքերը և քաշեց նռնակի օղը… Օրեր անց Գագոյի զինվորները հետ գրավեցին երեք դիրքերը: Թշնամին, հարգելով Գագոյի խիզախությունը, նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա: Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը… Նժդեհին բանակ ճանապարհելու, նաեւ ծառատունկի էին եկել Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 միջնակարգ դպրոցի աշակերտները, նրա համակուրսեցիները՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի երկրորդ կուրսի ուսանողները: Նրանցից մեկը` Տաթեւը, նշեց, որ Նժդեհը ազգային արժեքներով ապրող, ազգային մշակույթը պահպանող մարդ է. «Նա շատ է սիրում հայրենասիրական, ազգային երգեր, հաճախ ենք հավաքվում եւ միասին երգում: Նժդեհը մեր լավ ընկերն է, մենք կարոտելու ենք նրան, բայցեւ գնահատում ենք նրա որոշումը` ժամանակին համալրել հայոց բանակի շարքերը»:
Կես տարի անց զինվոր կդառնա նաեւ Նժդեհի կրտսեր եղբայրը, որը եւս մի արժանի հայի անուն է կրում` Գագիկ:

Խորագիր՝ #46 (861) 24.11.2010 - 1.12.2010, Բանակ և հասարակություն


09/12/2010