ՔԱՂՑՐ ՍՈՒՏ
Անցյալ տարի ապրիլը տխրությամբ ու ցավով բացվեց: Այդ անհանգիստ ու լարված օրերին չափազանց ծանր էր բոլորիս համար, բայց առավել դժվար էր բանակում զինվոր զավակ ունեցող ծնողների համար: Անհնար է բառերով նկարագրել այն տագնապները, մտատանջությունները, բոլոր այն զգացողությունները, ինչն ապրեցին զինվորների ծնողները:
Քույրս, որ աշխատում է երեւանյան հիվանդանոցներից մեկում, ամեն օր սրտի ցավով պատմում էր, որ իրենց աշխատակիցներից մեկի զինվոր որդուց այս էլ քանի օր՝ լուր չկա, ու մայրը անհանգստությունից տեղը չի գտնում: Ամեն օր քրոջս զանգելիս առաջին հերթին հետաքրքրվում էի այդ տղայից: Ապրիլի 6-ին քույրս ուրախ ձայնով տեղեկացրեց, որ իրենց աշխատողի որդին վերջապես զանգահարել է, եւ մոր սիրտը, փառք Աստծու, տեղն է ընկել: Ուրախացա իհարկե ու որոշեցի այդքան տառապանքի, անորոշության միջով անցած կնոջը մեր թերթի միջոցով փոքրիկ անակնկալ մատուցել: Հաջորդ օրը ապրիլի 7-ն էր. որդու անունից շնորհավորական նամակ գրեցի մորը՝ մի փոքրիկ «քաղցր սուտ»: Շնորհավորանքը ոչ միայն թերթում տպագրեցինք, այլեւ ապրիլի 7-ի առավոտյան ծրարի մեջ դրած՝ հանձնեցինք զինվորի մորը: Մայրը տագնապած, վախվորած ու անհանգիստ վերցրեց ծրարն ու երկար ժամանակ հապաղում էր բացել: Կողքի մարդկանց ժպտուն, շողացող հայացքները տեսնելով՝ նոր միայն սիրտ արեց բացել ծրարը ու սկսեց հատ-հատ կարդալ. «Բարեւ, մա՛մ ջան: Գիտեմ, ամբողջ օրը մտքերով զինվոր որդուդ հետ ես, մանավանդ հիմա, երբ խառն է սահմանում: Մա՛մ ջան, մի՛ մտածիր, մենք զինվոր տղերքով ամեն ինչ կանենք, որ թշնամին 1 մմ անգամ առաջ չսողա: Ամուր ու պինդ, իրար թեւութիկունք, կանգնած ենք սահմանին: Մա՛մ ջան, ուզում եմ շնորհավորել ապրիլի 7-ը` Մայրության ու գեղեցկության օրը: Շնորհավորում եմ նաեւ բանակում զինվոր որդի ունեցող բոլոր մայրերին: Թող ոչ մի ուժ աշխարհում չստվերի ձեր գեղեցիկ ու բարի ժպիտը, ու թող բոլոր զինվոր զավակները վերադառնան աշխարհի ամենատաք անկյունը` մոր մոտ: Սիրելի՛ մայրեր, ձեր սերը, նվիրումը մեզ ուժ է տալիս, ոգեւորում: Մենք ձեզ շատ-շատ ենք սիրում: Առողջ եղեք եւ երջանիկ: Զինվորական ջերմ բարեւներով` Հայկ»:
Ամեն տող կարդալիս մայրական արցունքները կաթ-կաթ թափվում էին թերթի վրա: Ուրախությա՞ն արցունքներ էին, հպարտությա՞ն, թե հուզմունքի: Չգիտեմ` մեկ մայրը գիտեր, մեկ էլ` Աստված…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #14 (1185) 12.05.2017 - 18.04.2017, Բանակ և հասարակություն