Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՀԻՇՈՒՄ ԵՆ ՀՀ ԶՈՒ ԱՌԱՋԻՆ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԸ



Երբ սկսվեց ազգային բանակի ստեղծումը, Հայաստանում ռազմաինժեներական գործի մասնագետներ գրեթե չկային, բացի մի քանի նվիրյալներից: Բարսեղ Մայիլյանը, որ 62 տարեկանում նշանակվեց դեռեւս թղթի վրա գոյություն ունեցող ինժեներական վարչության շտաբի պետ, պատմում է, որ բուն շտաբային աշխատանքով զբաղվում էին սակավաթիվ մարդիկ, քանի որ առաջնահերթը սաստկացող մարտական գործողությունների ինժեներական ապահովումն էր: «Վարչության պետ գնդապետ Աշոտ Մարդանյանը ճակատի մերթ ա՛յս, մերթ ա՛յն հատվածում էր, Հենրիկ Աբաջյանը՝ Լաչինում, Ֆելիքս Բագրատյանը վիրավոր էր, իսկ Սանասար Շահբազյանը հազիվ հասցնում էր ինժեներական սպառազինությունը բաշխել կամավորական ջոկատներին ու նորաստեղծ զորամասերին,- պատմում է պաշտոնաթող գնդապետը:- Իմ առաջին մարտական հանձնարարությունը Գորիսում էր: Եթե դիրքերում չէինք, ապա աշխատում էինք նկուղներում, քանի որ քաղաքը Կուբաթլուի կողմից սաստիկ հրթիռակոծվում էր: Օրական մեկ երկու անգամ դուրս էինք գալիս, նայում ավերվող Գորիսին, մտածում, թե Ստեփանակերտում ինչ վիճակ է, ու վերադառնում՝ շարունակելու աշխատանքը, որը դեռեւս այնքան էլ արդյունավետ չէր: Զինկոմիսարիատում զինապարտների ցուցակները թերթում, բայց սակրավորներ գրեթե չէի գտնում, իսկ եղածներն էլ վաղուց շրջանի սահմաններում էին ու վճռաբար հրաժարվում էին լքել դիրքերում գտնվող իրենց մարտընկերներին: Հանձնաժողովի նախագահ գեներալ-մայոր Արտյուշա Հարությունյանն ամեն երեկո, օրվա արդյունքներն ամփոփելիս, մռայլ ինձ էր նայում: Նույն վիճակն էր եւ մյուս շրջաններում, ու անգամ ստիպված էինք լինում որպես սպաներ զորակոչել մարդկանց, որոնք թեեւ տիրապետում էին սակրավորի դժվարին ու վտանգավոր մասնագիտությանը:

Հետո մեկնեցինք Կապան եւ Ճակատենում կառուցեցինք դասակի առաջին ցուցադրական հենակետը, որն օրինակ դարձավ շրջանը պաշտպանող մյուս ջոկատների ու ստորաբաժանումների համար: Կամավորներից շատերը հրաժարվում էին աշխատել, ասելով թե` «մենք կռվող ենք, ոչ թե հող փորող», բայց երբ թշնամին հրետանային կրակ բացեց, առաջինն իրենք թռան խրամատ, ապա ծիծաղելով իրենց արածի վրա՝ բոլորից շատ իրե՜նք աշխատեցին:

Եվ աստիճանաբար սկսեցին հասկանալ, որ եթե տվյալ դիրքում թեկուզ մեկ ժամ են մնալու, միեւնույնն է, իրենց կյանքը պահպանելու համար պիտի խրամատ փորեն»:

♦♦♦

Վերհիշում է ինժեներական վարչության բաժնի պետ գնդապետ Արմեն Առուշանյանը. «Ավարտելով ինժեներական զորքերի Կալինինգրադի բարձրագույն զինվորական ուսումնարանը, ծառայության նշանակվեցի Անդրզինօկրուգում, բայց անմիջապես եկա Հայաստան եւ նշանակվեցի ինժեներական դասակի հրամանատար: Վաշտի հրամանատարը դեռ ավագ լեյտենանտ Հակոբ Հարությունյանն էր: Սկզբում տասներկու զինվոր ունեինք, ապա չորսն էլ եկան: Հայկական բանակի առաջին զորակոչի զինվորներից էին, մի քանիսը նույնիսկ տարիքով մեծ էին մեզնից: Կապանում, մարտական խնդիրների կատարմանը զուգընթաց, 92-ի նոյեմբերից սկսեցինք անձնակազմի մարտական ուսուցումը, որ կազմակերպում էինք լրիվ ծավալով եւ անգամ մարտական առաջադրանքի կատարումից վերադառնալուն պես իսկույն վերսկսում էինք գործնական պարապմունքները: Օրական 3-4 անգամ մոտակա սարն էինք բարձրանում, անգամ ճաշարան ողջ արսենալը շալակած էինք գնում, որ մոտ քառասուն կիլոգրամ էր կշռում, այլապես զինվորները չէին կարողանա Սյունիքի սարերում մարտական խնդիր կատարել»:

♦♦♦

ՀՀ ԶՈՒ ինժեներական վարչության պետի տեղակալ գնդապետ Հակոբ Հարությունյանի առաջին մարտական առաջադրանքը 1992-ին էր, Մեղրիում: Երբ սկսել էր ճշտել ականադաշտերի առկայությունը, կամավորները համոզված պնդել էին, թե այդպիսիք չկան, այնինչ շուրջբոլորը հակահետեւակային ականների փաթեթավորման մասեր էին: «Քիչ անց, երբ ականները գտա, կամավորները «բացատրեցին», որ դրանք «անորակ նռնակներ են, քաշում ենք ու շպրտում, բայց չեն պայթում»… Այդպես շուրջ 300 հատ նետելուց հետո վերջնականապես հիասթափվել էին: Եվ երբ հասկացան ականների ուժը, ամեն ինչ ականի տեղ էին ընդունում: «Գրադի» հրթիռների արձակման ժամանակ ընկնող կարմիր ներկված մասերը շփոթելով ականների հետ, իսկույն կապվում էին շտաբ եւ զեկուցում, թե թշնամին գիշերն ականապատել է շուրջբոլորը, եւ պահանջում, որ գնամ ու ականազերծեմ:

Մարտիկները դեռեւս մեծ քարերի հետեւում էին դիրքավորվում, եւ դիրքերը պաշտպանելուն զուգընթաց երեք շաբաթում քարաշատ այդ հատվածում օրինակելի հենակետ կառուցեցինք, ինչն ամենեւին էլ դյուրին գործ չէր:

Կամավորները խրամատ փորելու մասին լսել անգամ չէին ուզում, եւ մի օր էլ ստիպված ոտքս պինդ դրեցի հակատանկային ականի վրա ու սպառնացի, որ եթե լրիվ չփորեն, կպայթեցնեմ: Միեւնույնն է, մարտիկները չգիտեին, թե դրա համար որքան ճնշում է պետք գործադրել: Այդ ժամանակ դեռ շատ բան կախված էր հրամանատարի խոսքից…

Մեզնից անժամանակ հեռացած Ղեւոնդ Հովհաննիսյանի հետ երկար խոսեցի, խրամատի հենակետի կարեւորությունը հասկացավ եւ իրեն բնորոշ եռանդով պարտադրեց ամենուր փորել: Իսկ երբ միջին օղակի հրամանատարներն էլ հասկացան ինժեներական աշխատանքների անհրաժեշտությունը, պաշտպանական բնագծերը սկսեցին անճանաչելիորեն փոխվել»:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Պատմության էջերից


27/07/2011