Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱ. ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



ԹՈՒՐՔԻԱ. ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որի արդյունքում Թուրքիայի Հանրապետությունը փոխելու է կառավարման ձևը՝ խորհրդարանականից անցնելով նախագահականի: Նոր սահմանադրությունը երկրի նախագահին լայն հնարավորություններ է տալիս, ընդհուպ մինչև միանձնյա կառավարում, ինչին այս էլ քանի տարի ձգտում էր նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Քվեարկության դրված սահմանադրության 18 կետի փոփոխություններից հիմնականներն են. պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են անցկացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվե, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի, չճանաչել ընտրությունները ու նորը նշանակել։ Նախատեսվում է նաև վարչապետի պաշտոնի վերացում:

Նոր սահմանադրության օգտին քվեարկել է մասնակցած քաղաքացիների շուրջ 52 տոկոսը: Ընտրություններին ազգաբնակչության մասնակցության մակարդակը շատ բարձր է եղել՝ շուրջ 85 տոկոս: Փոփոխություններին դեմ են արտահայտվել Թուրքիայի 6 խոշոր քաղաքներից 5-ը (Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Անթալիա, Ադանա): Դեմ է քվեարկել նաև հայերի, քրիստոնյա այլ փոքրամասնությունների զգալի մասը, քուրդ բնակչությունը: Հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Իգդիրը 65,20 տոկոսով «ոչ» է ասել նոր սահմանադրությանը:

Նորացված սահմանադրության օգտին քվեարկած քաղաքացիների մեծամասնությունը հավատում է, որ իշխող կուսակցությունը կկարողանա բարելավել երկրի ներկա վիճակը, իսկ բացառիկ գործառույթներով օժտված Էրդողանը կդառնա կայունության երաշխավոր: Նման սպասումները պատահական չեն, քանի որ իր նախագահության ամբողջ ընթացքում Էրդողանը քարոզչական տարբեր հնարքների միջոցով հենց այդ գաղափարն էր առաջ քաշում: Պատահական չէ նաև այդ քաղաքական գործչի աղմկահարույց պահվածքը թե՛ Արևմուտքի և թե՛ հարևանների հետ հարաբերություններում: Էրդողանին հաջողվել է Թուրքիայի շուրջ տարածաշրջանային գերտերության պատրանք ստեղծել, իբրեւ թե առանց Անկարայի ոչ մի հարց չի կարող լուծվել, իսկ իրենց քաղաքական ուղեծիրն էլ անկախ է:

Այդ ամենը սպասելի էր, քանի որ հատկապես 2016 թվականի հուլիսի հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական ամբողջ ներուժը կենտրոնացել էր Էրդողանի և «Արդարություն ու զարգացում» կուսակցության ձեռքում։ Էրդողանը կարողացավ համակցել պայքարը «հանուն ժողովրդավարության» և «ընդդեմ ժողովրդավարության»: Նա անցկացրեց ժողովրդավարական մի շարք օրենքներ, բայց զուգահեռ սահմանափակեց խոսքի ազատությունը, ազգային փոքրամասնությունների հարցը օգտագործեց ըստ անհրաժեշտության: Նրա ընդդիմախոսները բանտերում են, իսկ Էրդողանի դեմ հանդես եկող ԶԼՄ-ների մեծ մասը փակված է կամ պետության վերահսկողության տակ է։ «Զտվել» է նույնիսկ աշխարհիկ Թուրքիայի պաշտպան բանակը։

Առավել մեծ թափ է հավաքում Թուրքիայի իսլամացումը, և նոր սահմանադրությունն այդ գործընթացի համար լայն հնարավորություն է ստեղծում:

Նոր Սահմանադրության օգնությամբ Էրդողանը կարող է ազատվել Եվրոպական «զսպաշապիկից»: Արդեն հայտարարվել է մահապատիժը վերականգնելու, ԵՄ մի շարք պահանջներից հրաժարվելու և ներքին հարցերը «ազգովի» լուծելու մասին:

Կարելի է ձախողված համարել նաև 2008 թվականին հայտարարված «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը. Թուրքիան տարածքային և այլ խնդիրներ ունի այս պահին իր բոլոր հարևանների հետ: Պատճառը տարածաշրջանային առաջնորդ դառնալու ձգտումն է ու այդ ուղղությամբ կատարելիք քայլերը: Միաժամանակ նկատելի է հեռացում «նեոօսմանիզմից» դեպի նախաքեմալական հանրապետության կեցվածքը: «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը մտադիր է վերանայել նույնիսկ Լոզանի 1923 թվականի պայմանագիրը, որը Քեմալը ժամանակին ամենաձեռնտուն էր համարում: Ներկայիս Թուրքիան չի ձգտում վերականգնել Ատլանտյան օվկիանոսից Միջին Ասիա տարածվող կայսերապետությունը, բայց հստակ հայտարարում է այս կամ այն շրջանի նկատմամբ իր հավակնությունների մասին: Եվ համարձակ խորանում է Մերձավոր Արևելքի վերաձևման գործընթացի մեջ՝ ըստ իր շահերի փոխելով դաշնակիցներին:

Իր նոր գործելաոճի պատճառով Թուրքիան ոչ միան չդարձավ տարածաշրջանային առաջնորդ, այլ նաև կորցրեց իր նախկին դիրքերը: Նրանից երես թեքեց իր դաշնակից Իսրայելը, սառեցին հարաբերությունները արաբական երկրների հետ: Փոփոխական է իրավիճակը Ռուսաստանի և Իրանի դեպքում՝ առավելապես Սիրիայի հարցում: Իշխող կուսակցությունը կարծում է, որ նոր սահմանադրությունը երկրի նախագահին միջազգային ասպարեզում ավելի պարզ ու շիտակ գործելու հնարավորություն կտա:

Թուրքական ընդդիմությունը և միջազգային փորձագետները շեշտում են, որ սահմանադրական փոփոխություններով Էրդողանը ստանում է միանձնյա կառավարելու իրավունք, ինչը վտանգավոր է Թուրքիայի ժողովրդավարության եւ ազատությունների համար։

Անկասկած, սահմանադրական փոփոխություններից հետո նրա իշխանությունն է՛լ ավելի է ամրապնդվելու, ավելի կոշտ է դառնալու թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը: Չեն բացառվում բռնաճնշումները իր գաղափարների օգտին չքվեարկածների հանդեպ: Եվ այս ֆոնին առավել կթեժանան մարտերը քրդաբնակ շրջաններում: Ապրիլի 17-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում կայացվեց ևս երեք ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը:

Թուրքական ընդդիմությունը միասնական չէ և չունի Էրդողանին հավասարազոր առաջնորդ: Հետևաբար, իշխող կուսակցության հաղթանակը քաղաքական բոլոր հարցերում միանշանակ կլինի:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Տարածաշրջան


19/04/2017