Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՀԱՆԿԱՐԾ ԵՐԿՆՔԻՑ ՄԻ ԱՄՊ ԻՋԱՎ

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԱսպրամ Ծառուկյանին շատերս ենք ճանաչում, քաջ մի հայուհի, որ պաշտպանության նախարարությունում աշխատելով՝ Արցախյան պատերազմի օրերին եւ այսօր էլ հաճախ է լինում Արցախում եւ բազմաթիվ ոգեկոչ ունեցող հոդվածների ու «Մոնթե» վավերագրական վկայությունների գրքի հեղինակն է։ Այս վկայության ոսկին Ասպրամը պատմեց։

Մարտունիի ռազմական ոստիկանության պետին՝ ճարտարցի Հովիկին, որ Մոնթեի զինակիցն էր, Դրախտիկ գյուղ հասնելու համար  խնդրեցի ինձ ուղեկցող տալ։ Տվեց։ Երբ արդեն Դրախտիկ գյուղի մոտերքում էինք, երիտասարդ ուղեկիցս ցույց տալով քար ու փշոտ  բաց մի տարածություն՝ ասաց.

-Ազատամարտի օրերին այստեղ հրաշք եղավ, երկնքից ամպն իջավ եւ մեզ ուղեկցելով՝ ազատեց սպանդից։ Մենք թվով շատ քիչ էինք՝ մի խումբ միայն, հանկարծ պարզվեց, որ հայտնվել ենք թուրքական կանոնավոր բանակի առջեւ։ Ամայի դաշտավայր էր։ Բլուրը, որի հետեւում կարող էինք թաքնվել՝ բավականին հեռու էր։ Երկար ժամանակ պետք չէր, որ հասկանայինք, թե՝ մինչեւ վերջին մարդը ոչ թե  պատվով զոհվելու, այլ անիմաստ ջարդվելու ենք։ Հույսն Աստված մնաց միայն։ Երկինքում, որ պարզ ու մաքուր էր եւ ամպի մի ծվեն անգամ չկար, փոքրիկ մի ամպ առաջացավ եւ անսովոր արագությամբ, որ հատուկ չէր ամպերի դանդաղ ընթացքին, մանավանդ, որ քամի էլ չկար, որ ամպ քշեր, սկսեց արագորեն դեպի մեր կողմն իջնել։ Ամպը հետզհետե ավելի ծավալվելով ու մեծանալով՝ եկավ իջավ մեր ու հակառակորդ բանակի միջեւ։ Մեզ ծածկող վարագույր դարձավ: Մեզ արդեն տեսնել չէին կարող։ Ամպն ապա սկսեց դեպի բլուրն ընթանալ, որի հետեւում երազում էինք թաքնվել, ազատվել կոտորումից։ Ամպի հովանու տակ մենք էլ սկսեցինք վազել դեպի բլուրը: Վերջապես հասանք ու թաքնվեցինք: Այդժամ ամպը մեզ թողեց ու կրկին երկինք բարձրանալով՝ անհետացավ։ Կրկին երկինքը մաքուր էր, առանց ամպի մի ծվենի։

-Փա՛ռք քեզ, Աստված,- ասացինք։ -Դու տեսար մեր անմխիթար վիճակը եւ ամոթով չթողեցիր մեզ:

Այս վկայությունը մեզ հիշեցնում է Աստծու խոստումը, թե՝ երբ նեղության ժամիդ աղաղակես՝ քեզ պիտի ազատեմ։ Իսկ Աստվածաշնչից տեղյակ ենք, որ Հիսուս հրեաներին անապատի միջով առաջնորդում էր՝ ցերեկը՝ ամպի տեսքով, գիշերը՝ լույսի։

Ամպի պատմությունն ինձ հիշեցրեց մի վկայություն էլ, որ մի հայ նախկին բանտարկյալ էր պատմել, եւ մամուլն ու հեռուստացույցն արձագանքել էին։

ԽՍՀՄ-ի բանտերից մեկից, որ անանցանելի ճահճով էր շրջափակված, մի խումբ բանտարկյալներ են փախչում։ Շներով նրանց հետապնդում են։ ՈՒր որ է՝ հասնում են։ Ի՞նչ անեն։ Ճահիճ մտնեն՝ ամենքով էլ կուլ կգնան։ Հանկարծ մի ամպ է հայտնվում եւ խմբի մեջ բանական ըմբռնում առաջացնում, որ հետեւեն իրեն եւ առաջնորդում է ճահճի միակ նեղ արահետի միջով։ Ովքեր վստահում են, որ ամպն Աստծուց էր ուղարկված՝ խոնարհ հետեւում եւ փրկվում են։ Այս մարդկանց ճահճից դուրս բերելով՝ ամպն անհետանում է։

ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ

Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Հոգևոր-մշակութային


19/04/2017