ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքների ամփոփում, որին մասնակցում էին զորամիավորման ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարներն ու վարչակազմը: Քննարկվեցին մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային ծառայության և զորքերի ծառայության հետ կապված մի շարք հարցեր:
Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանն իր զեկույցում խոսեց զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների շահագործման, անվտանգության կանոնների պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, պահակային ծառայության, տեսական ու գործնական պարապմունքների արդյունքների և այլնի մասին:
Նշվեցին առկա թերություններն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանն անդրադարձավ անցկացված զորավարժություններին և ստուգումներին՝ կարևորելով մարտական հրաձգության ստուգարքների, ստորաբաժանումների ներդաշնակման, ֆիզիկական, կրակային պատրաստության պարապմունքների և միջոցառումների դերը:
Փաստվեց, որ անձնակազմը ստանում է գործնական և մեթոդական անհրաժեշտ օգնություն, նաև առկա է համապատասխան նյութատեխնիկական բազա:
Գնդապետ Կամո Գրիգորյանն էլ նշեց գիշերային պարապմունքների, ջոկերի ներդաշնակման, մասնագիտական հավաքների օգնությամբ ձեռք բերվող փորձի կարևորությունը:
Արձանագրված հաջողությունների հետ մեկտեղ ներկայացվեցին նաև հանկարծակի ստուգումների ժամանակ ի հայտ եկած թերությունները և դրանց վերացման համար կատարվող աշխատանքները:
Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանի զեկույցի թեման դաստիարակչական աշխատանքների և զինվորական կարգապահության ներկա վիճակն էր: Նա ընդգծեց այդ պատասխանատու գործընթացում զորամիավորման ողջ անձնակազմի, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների ներգրավվածության անհրաժեշտությունը: Այնուհետև նշեց զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանն ու իրավախախտումների նվազմանը նպաստող գործոնները:
Գնդապետ Գրիգոր Թորոսյանն անդրադարձավ անձնակազմի ու տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանմանը, հակահրդեհային պաշտպանության, զրահատեխնիկայի շահագործման ու նորոգման միջոցառումներին, հավաքակայանների համալրվածությանը: Խոսեց անհրաժեշտ նոր ավտոտեխնիկա ունենալու, եղածը նորոգելու, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ընթացքում հնարավոր անցանկալի պատահարներից խուսափելու մասին:
Գնդապետ Արամ Պողոսյանը նշեց ենթակա զորամասերում նյութական միջոցների ապահովվածության, զինծառայողների համապատասխան հանդերձավորման, սննդամթերքի պատշաճ պահպանման, ճաշարանների սանիտարական վիճակի, կատարված շինարարական, վերականգնողական աշխատանքների արդյունքները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը հանձնարարեց շուտափույթ վերացնել քննարկված հարցերի շուրջ արձանագրված թերությունները՝ գերխնդիր համարելով մարտական պատրաստության և պատրաստականության, զինվորական կարգապահության շարունակական ամրապնդումը: Այնուհետև առաջ քաշվեցին հաջորդ եռամսյակի խնդիրները, դրանց կատարման ուղղությամբ տրվեցին համապատասխան հրահանգներ:
Միջոցառման ավարտին զինվորական կարգապահության և մարտական պատրաստության լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողներն ու ստորաբաժանումները խրախուսվեցին:
Անցկացվեց նաև ռազմական խորհրդի նիստ, որը նվիրված էր ամրաշինական աշխատանքների կատարելագործմանը, պաշտպանունակության արդյունավետության բարձրացմանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում