ԳԵՎՈՐԳ ՄՂԴԵՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մեկ տարի առաջ՝ ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում էր խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կիրառելով ինչպես տարբեր հրաձգային զինատեսակներ, այնպես էլ խոշոր տրամաչափի ականանետներ: Հենց այդ օրը առաջնագծի հյուսիսարեւելյան հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացավ 1996թ. ծնված շարքային ԳԵՎՈՐԳ ՄՂԴԵՍՅԱՆԸ:
Մահվան տարելիցի կապակցությամբ հայրենի Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի հերոս Գեւորգ Մղդեսյանին նվիրված հիշատակի ցերեկույթ եւ պատանի գիտակների հուշամրցաշար:
Մեկնարկեց Գեւորգին նվիրված «Ճակատագրով հերոսը» տեսաֆիլմի ցուցադրությամբ, ապա իրենց մտավոր ուժերը փորձեցին պատանի գիտակները:
Հուշամրցաշարին մասնակցում էին նախընտրական փուլը հաղթահարած երեք լավագույն թիմերը: Մոտ մեկ ժամ տեւած պայքարից հետո մեր եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, ծիրանագույն թիմերից հաղթող ճանաչվեց թիմի ավագ Էվա Բաղդասարյանի գլխավորած կապույտ թիմը՝ արժանանալով հերոսի դիմանկարով հուշանվերի: Ուշագրավ էր, որ թիմի ավագը մրցանակը հանձնեց հերոսի մորը՝ տիկին Անժելային: Մրցույթից հետո տեղի ունեցավ Գ. Մղդեսյանին նվիրված երգի պրեմիերան:
Միջոցառման ավարտին «Արեւ» կրթամշակութային զարգացման կենտրոնի տնօրեն Արթուր Գասպարյանն ասաց. «Լրացավ մեկ տարին այն դառը-տագնապալի հիշողությունների, որ կոչվեց «Քառօրյա պատերազմ»: Պատերազմ, որ տեւեց ընդամենը մի քանի օր, բայց թողեց սպիներ, որոնք այլեւս երբեք չեն ջնջվելու մեր սրտերից՝ թողնելով նաեւ անջնջելի մի վկայություն մերօրյա հայոց պատմության փառքի էջերում: Ու այդ էջերում գրված անունների շարքում է Գեւորգ Մղդեսյանի անունը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Ճակատագրեր