Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՆՈՐ ԾՐԱԳԻՐ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՀՀ պաշտպանության նախարարության և կրթության ու գիտության նախարարության համատեղ կազմակերպած «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համաժողովի ընթացքում քննարկման ներկայացրեց «Ես եմ» նոր նախագիծը: Ըստ այդմ` այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն անցկացնելու մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային-պայմանագրային: «Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս»,-նշեց նախարարը:

Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս տևողությամբ ուսումնական փուլ անցնելով զինվորը կանցնի հիմնական ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

«Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս զինվորին կվճարվի որոշակի գումար արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում. սուբսիդավորված հիփոթեքային ծրագրով ձեռք բերել մատչելի բնակարան, ստեղծել մինի-ֆերմա` ձեռք բերելով փոքր ջերմոց կամ փոքր գյուղտեխնիկա, կամ էլ փոխհատուցել ուսման վարձը»,- ներկայացրեց Վիգեն Սարգսյանն ու հավելեց, որ երեք նպատակային ծրագրերն էլ միտված են հնարավորություն տալու ծառայած երիտասարդին Հայաստանում կառուցելու իր ապագան, երկարատև ծրագրերի միջոցով խորացնելու իր կապը երկրի հետ:

Վերոնշյալ ծրագրի նպատակահարմարությունն կդառնա հանրային լայն քննարկման առարկա: Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայիս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: «Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռող առաջնագծում»,-ընդգծեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Շուշան Ստեփանյան

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


20/04/2017