ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Օրերս անցկացվեց 5-րդ զորամիավորման 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքների անփոփումը:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը հակիրճ ներկայացրեց ռազմական խորհրդի աշխատակարգը, նշեց այն կարևոր հարցերը և խնդիրները, որոնց վրա անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել: Այնուհետև զեկույցով հանդես եկավ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Փիլոյանը:
Նա մանրամասն ներկայացրեց մարտական և զորահավաքային պատրաստականության, օպերատիվ և շտաբների պատրաստության, զորքերի ծառայության վիճակը՝ նշելով, որ պատրաստության պլանի համաձայն ամբողջությամբ իրականացվել են նախանշված բոլոր միջոցառումները: Նաև մատնանշեց առավել բարձր ցուցանիշներով աչքի ընկած զորամասերը և ստորաբաժանումները: Գնդապետ Փիլոյանը անդրադարձավ նաև ղեկավարման համակարգի խնդիրներին և դրանց կատարելագործման ուղիներին:
Եռամսյակի մարտական պատրաստության արդյունքների վերլուծությամբ հանդես եկավ բանակային զորամիավորման հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ Ա. Օհանյանը: Համեմատելով նախորդ ուսումնական փուլի հետ՝ նա նշեց, որ առկա է որակական առաջընթաց, և նկատելի է ջոկ-դասակ օղակի հրամանատարական կազմի ունակությունների և վարպետության մակարդակի բարձրացում:
Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը համեմատական վերլուծությամբ ներկայացրեց առաջին եռամսյակում զինվորական դաստիարակության և կարգապահության վիճակը, այն է՝ առկա է կարգապահության վիճակի կտրուկ բարելավում՝ դեպքերի և պատահարների 50% նվազումով: Գնդապետը շեշտեց, որ այդ հաջողությունը հրամանատարական բոլոր օղակների համաձայնեցված աշխատանքի արդյունք է:
Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը՝ գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը բոլորին շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության համար՝ նշելով, որ պետք չէ բավարարվել ձեռք բերվածով եւ անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանքով ավելի բարձրացնել ձեռքբերումների նշաձողը:
Նախանշեցին երկրորդ եռամսյակի առավել կարևոր խնդիրները:
Խորագիր՝ Նորություններ