Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ



ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակներում անցկացվեց սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդես, որը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Երեք օր շարունակ հանրապետության տարբեր մարզերից այցելուների հոսքը չէր դադարում:

Շատ շատերն այդ օրերին հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու մեր բանակի զորատեսակներին, ուսումնասիրելու զինծառայողների գործածած զենք-զինամթերքը, ինչու չէ՝ նաեւ հեռակա իրենց բանակի մի մասնիկն զգալու: Մարդկանց գիտակցության մեջ էլ ավելի խորությամբ ամրագրվեց մեր երկրի, մեր քաղաքացիների անվտանգության պաշտպանության գործում զինված ուժերի կարևոր դերն ու նշանակությունը:

Ամենամեծը, իհարկե, երեխաների ոգեւորությունն էր: Ցուցադրված գերհզոր զինատեսակները մեղվի փեթակի էին նմանվել. երեխաները մեծ խանդավառությամբ ելումուտ էին անում, շոշափում: Զինվորականները ուշադիր հետևում էին երեխաների անվտանգ տեղաշարժին, հաճույքով ու սիրով բացատրում զինատեսակների նշանակությունն ու հնարավորությունները, պատասխանում էին իրենց ուղղված բազմաթիվ հարցերին: «Ձեզ եմ ներկայացնում «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրը,-այս օրերի ընթացքում արդեն որերորդ անգամ պատրաստակամորեն բացատրում է հրթիռային համալիրի ավագ օպերատոր, շարքային Սուրեն Տոնոյանը: -Նախատեսված է հակառակորդի մարտավարական խորություններում գտնվող նշանակետերին, զենք-զինամթերքի պահեստներին, ղեկավարման կետերին, ինքնաթիռների, ուղղաթիռների կայանատեղերին, ռազմաբազաներին գերճշգրիտ կետային հարվածներ հասցնելու համար»:

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ-Երեխաների ոգևորությունը մեծ է,-ուրախությամբ փաստում է Սուրենը,- հաճախ ամբողջ դասարաններով են այցելում: Վստահ եմ, որ մեր գալիք սերունդներին նման միջոցառումները շատ պետք կգան ռազմահայրենասիրական դաստիարակության առումով: Մարդկանց հոսքն այս օրերին անդադար է: Այսօր ցուցադրության վերջին օրն է, շատերը, նկատում եմ,  երկրորդ, երրորդ անգամ են գալիս և ասում. «Ափսո՜ս, գոնե մի քանի օր էլ շարունակվեր…»:

Կապիտան Կարեն Այվազյանին երիտասարդների հերթական խումբն է շուրջկալել. նա պատմում է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մասին:

-Լրատվամիջոցներով շատ է խոսվել, որ մեր բանակը «Սմերչ» է ձեռք  բերել,- ասում է Կարենը,- այժմ մեր հասարակությունը հնարավորություն ունի իրականում տեսանելիորեն ծանոթանալու համակարգին: Հատկապես դպրոցականները, որոնք ՆԶՊ դասընթացների ժամանակ միայն ինքնաձիգի հետ են շփվել:

-Կարծում եմ, որ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար շատ կարևոր են նման միջոցառումները,- նկատում է երկու տղա թոռնիկների հետ մարզահամերգային համալիր եկած Բենիկ Բաբալարյանը: -Կուզենայի, որ նման միջոցառումներ հաճախ լինեին, որպեսզի մեր փոքրիկները իրենց աչքերով նայեին, հասկանային, ոգևորվեին… Սա շա՜տ կարևոր է: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, նման գաղափարի հեղինակներին:

Համալիրի մուտքի մի կողմում բացազատված է դաշտային խոհանոցը, որտեղ այցելուները հնարավորություն ունեն համտեսելու բանակային ուտեստները: Մյուս կողմում շարժական հոսպիտալն է, որի ներսում մանրամասն ներկայացվում են դաշտային պայմաններում բուժօգնություն ցուցաբերելու ձևերն ու միջոցները:

-Տպավորությունները շատ ավելին են, քան կարող էինք պատկերացնել,- ասում է ռազմաբժշկական վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Նազարյանը:- Առաջին բուժօգնության ցուցադրման մեր տաղավարը ոչ մի պահ դատարկ չի մնում: Տեսնելով երեխաների ոգևորությունը՝ որոշեցինք նաև ուսուցողական նյութեր բաժանել նրանց:

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆՀամալիրի մուտքի մոտ հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոցի սաներն ու մարզիչները ցանկացողներին ծանոթացնում են ինքնապաշտպանության մի քանի կարևոր հնարքների: Դպրոցի հիմնադիր, Արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանը ասում է.

-Երբ տեսնում ես ժողովրդի ուրախությունը, խանդավառությունը՝ մեծերով ու փոքրերով, կանանցով ու տղամարդկանցով, ընտանիքներով, հասկանում ես, որ սա համախմբման, բանակի ձեռքբերումներով հպարտանալու միասնական տոնախմբություն է: Այս օրերին ադրբեջանական շատ կայքերում գրում էին, թե Երևանում պատրաստվում են պատերազմի: Ես նրանց կպատասխանեի, որ, ընդհակառակը, սա խաղաղությանը միտված ձեռնարկ է: Մեր երկիրը պաշտպանելու միասնական կամքով ու վճռականությամբ:

Ներսում եռուզեռ է. հսկայական սրահի տարբեր հատվածներում մի քանի վարժություններից մրցումներ են ընթանում՝ զենքի քանդում-հավաքում, վարժասարքերով թիրախի խոցում, ինտելեկտուալ խաղեր: Դրանց կատարման ցուցանիշները անմիջապես գրանցվում են մասնակիցներին հատուկ այդ նպատակով հանձնված անձնական գրքույկներում: Հաղթողների համար պաշտպանության նախարարությունը սահմանել է մրցանակներ: Նրանք խրախուսվում են «Ազգ-բանակ» գրությամբ զինվորական շապիկներով և արժեքավոր նվերներով:

Զենքի քանդում-հավաքում վարժությունների իրականացման համար նախատեսված սեղանների շուրջ իրենց հմտություններն ստուգելու և սովորելու եկած տարբեր տարիքի մարդիկ իրենց հերթին են սպասում:

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ-Կարծում եմ՝ ցանկացած մարդու կյանքում էլ զենքի հետ վարվելու հմտությունները կարևոր են՝ անկախ տարիքից,- ասում է 9-րդ դասարանցի Ժորա Գասպարյանը: -Շատ լավ կլիներ, եթե տարին մի քանի անգամ նման միջոցառումներ անցկացվեին:

-Հիշում եմ իմ մանկությունը, նման հնարավորության մասին մենք երազել անգամ չէինք կարող,- ասում է երկու որդիների հետ ցուցահանդես եկած Ղազար Ղազարյանը: Ապա պատրաստվում է հերթական անգամ բարելավելու իր՝ արդեն իսկ լավ ցուցանիշները: Որդիներն էլ հպարտությամբ հետևում են հայրիկին:

Սրահում տեղադրված գրառումների մատյանում ազատ տեղ չկա. այցելուներն իրենց բարեմաղթանքներն են հղում հայ զինվորին ու սպային: «Ուժեղ ենք Ձեզնով…», «Մենք Ձեզ հետ ենք», «Բարի վերադարձ»,- կարդում եմ  բացված էջին:

Կարելի է միանշանակ փաստել. միջոցառումը կատարեց կարևոր մի առաքելություն՝ «Ազգ-բանակ» միասնությունը շատ ավելի տեսանելի հիմքերի վրա դրվեց:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #16 (1187) 26.04.2017 - 02.05.2017, Ազգային բանակ


26/04/2017