ԹՈՒՐՔ ԳՐՈՂԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Israel National News-ը հրապարակել է թուրք լրագրող Ուզեյ Բուլութի չափազանց ուշագրավ հոդվածը 1923 թ. Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր Թուրքիայի հրեաների հանդեպ հետապնդումների և խտրականության մասին:
Սա կարևոր բացահայտում է, քանի որ Թուրքիայի կառավարությունը տասնամյակներ շարունակ մեծ ջանքեր է գործադրել միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար, իբրեւ թե Թուրքիայում մեծ հանդուրժողականություն կա հրեաների հանդեպ, և նրանք ապրում են մի այնպիսի ժողովրդավարական հասարակությունում, որտեղ պաշտպանված են քաղաքացիական և կրոնական իրավունքները: Թուրքական այս քարոզարշավը երկու նպատակ է հետապնդում՝ գոհացնել Իսրայելի ղեկավարներին և Ամերիկայի հրեաներին, որպեսզի նրանք պաշտպանեն թուրքական շահերը Վաշինգտոնում, ինչպես նաև ստանալ ամերիկացի հրեաների քաղաքական լոբբինգի աջակցությունը՝ հակազդելու համար ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին:
Բուլութի հոդվածը կարևոր է, որովհետև այն նկարագրում է հրեաների հետապնդումները ոչ թե դարեր առաջ, այլ «ժամանակակից» Թուրքիայում… Հոդվածն սկսվում է թուրքական «Միլիեթ» թերթի այն նյութին հղում անելով, որը տեղեկացնում է, թե տասնյակ պատմական սինագոգներ «հավերժ անհետանալու վտանգի եզրին են»: Եվ որ այդ սինագոգների անհետացման հիմնական պատճառներից մեկը Թուրքիայի հրեական համայնքի մեծ մասի փախուստն է երկրից՝ «համակարգված խտրականությունից և բռնի թուրքացման ու իսլամացման քաղաքականությունից» փրկվելու համար: Բուլութը տեղեկացնում է, որ 1923թ. Թուրքիայում կար 81 454 հրեա: Այդ թիվը հիմա ավելի քիչ է, քան 15 հազարը: Համաձայն Բուլութի՝ հրեական դպրոցներից վերջինը թուրքական կառավարության հրահանգով փակվել է 1937 թվականին:
Ստորև ներկայացված է հրեաների և ոչ թուրք փոքրամասնությունների դեմ վերջին մի քանի տասնամյակում թուրքական հետապնդումների և խտրականության գլխավոր դրվագների ցանկը, որը կազմել է թուրք լրագրող Բուլութը.
-1934 թ. ընդունված «Ընտանիքի մասին» թուրքական օրենքը ստիպում էր հրեաներին և ոչ թուրքերին հրաժարվել իրենց ազգային անուններից և ընդունել թուրքական հնչողության անուններ:
-«Հրեաները զրկվել են իրենց ազատ տեղաշարժի իրավունքից առնվազն երեք անգամ՝ 1923, 1925 և 1927 թվականներին»: Բուլութը նաև նշում է, որ «Հոլոքոստի ժամանակ Թուրքիան իր դռները բացեց շատ քիչ թվով հրեաների և քաղաքական փախստականների առջև և նույնիսկ քայլեր ձեռնարկեց կանխելու հրեաների ներգաղթը 1937 թվականին»:
-Ատելության քարոզը և հակասեմական մեկնաբանությունները լայն տարածում ունեն թուրքական հասարակության մեջ և լրատվամիջոցներում: Թուրքիայի Հանրապետությունում արգելված է հրեական համայնքի կողմից Իսրայելի աջակցությանն ուղղված գործունեությունը:
-Թուրքական կառավարությունը գաղտնի կոդային թվերով նշել է հրեական, հայկական և հունական ծագում ունեցող անձանց: Այսպիսով՝ կառավարությունը կարող է անհրաժեշտության դեպքում հետևել և բացահայտել նրանց տվյալները:
-«Օրենքներ, որոնք արգելեցին հրեաներին և մյուս՝ ոչ մահմեդականներին որոշակի մասնագիտություններ ընտրել». Թուրքիայի Հանրապետությունը արգելեց փոքրամասնություններին պետական պաշտոններ զբաղեցնել: Ըստ Բուլութի՝ «հազարավոր ոչ մահմեդականներ կորցրին իրենց աշխատատեղերը»:
-Հասարակական վայրերում, թուրքերենից բացի, այլ լեզուների կիրառման արգելք: «Քաղաքացին խոսում է թուրքերեն» արշավը սկզբնական տարիներին հիմնականում թիրախավորել էր հրեական համայնքը՝ համաձայն թուրքական հրեաների ականավոր մասնագետ Ռիֆաթ Բալիի:
-«Արևելյան Թրակիայի հրեաները ջարդերի թիրախ էին դարձել 1934 թ. հունիսի 21-ից հուլիսի 4-ը: Դրանք սկսվեցին հրեական բիզնեսը բոյկոտելով, որին էլ հետևեցին հարձակումները հրեաներին պատկանող շենքերի վրա՝ թալանելով ու կրակի մատնելով: Հրեա տղամարդկանց ծեծում էին, իսկ կանանց՝ բռնաբարում: Իրադարձությունների նման ընթացքից ահաբեկված՝ ավելի քան 15 հազար հրեա լքեց տարածաշրջանը»:
-Ոչ մահմեդականների զորակոչը թուրքական բանակ (1941-42): «1941 թ. ապրիլի 22-ին զորակոչված էր 12 հազար ոչ մահմեդական՝ ներառյալ հրեա տղամարդիկ՝ նույնիսկ կույր և հաշմանդամ: Այնինչ՝ ծառայությամբ զբաղվելու փոխարեն նրանց ուղարկում էին աշխատանքային գումարտակներ՝ անտանելի պայմաններում կառուցելու ճանապարհներ և օդանավակայաններ: Նրանց մի մասը մահանում էր, մյուսներն էլ վարակվում էին տարբեր հիվանդություններով»:
-«1942 թ. նոյեմբերի 11-ին Թուրքիայի կառավարությունը օրենք ընդունեց «Ունեցվածքի հարկի մասին», որը հարկ վճարողներին բաժանում էր չորս խմբի, ըստ իրենց կրոնական պատկանելության՝ մահմեդականներ, ոչ մահմեդականներ, հավատափոխներ («դյոնմե»), այսինքն՝ Sabbatean աղանդի հրեաներ, որոնք ընդունել են իսլամ, և օտարերկրյա քաղաքացիներ: Թուրք մահմեդականների միայն 4.94 տոկոսն է ստիպված եղել ունեցվածքի հարկ վճարել: Հրեաներից հետո ամենածանր հարկերը դրված էին հայերի վրա: Մտավորական Բասաք Ինչեի խոսքերով՝ «հիմնական նպատակը փոքրամասնություններին տնտեսությունից հեռացնելն էր և ոչ մահմեդական բուրժուազիայի փոխարինումը նրանց թուրք գործընկերներով»:
-«1955թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին ոչ մահմեդական համայնքների դեմ Ստամբուլում կառավարության հրահրած հարձակումների ժամանակ թուրք խուժանը ավերեց քաղաքի հունական, հայկական և հրեական թաղամասերը՝ թալանելով և ոչնչացնելով նրանց սրբավայրերը, տները, ձեռնարկությունները, գերեզմանոցները և դպրոցները:
-«Հրեաների սպանությունները. երբ 2003 թ. օգոստոսի 2-ին Ստամբուլի Շիշլի թաղամասի իր գրասենյակում դաժանաբար սպանվեց 39-ամյա հրեա ատամնաբույժ Յազեֆ Յահյան, Ստամբուլի բազմաթիվ հրեա իրավաբաններ և բժիշկներ հանեցին իրենց գրասենյակների ցուցանակները՝ Յահյայի ճակատագրին չարժանանալու համար»:
Հրեաների և մյուս փոքրամասնությունների դեմ շարունակական հետապնդումների և հալածանքների այս ցցուն փաստերը պետք է ուղարկվեն միջազգային լրատվամիջոցներին ամեն անգամ, երբ թուրքական կառավարությունը խեղաթյուրում է իր չարագործությունների երկար ցանկը:
Իսրայելի կառավարությունը նույնիսկ քննադատական մի բառ չի ասել Թուրքիայում իր հայրենակիցների նկատմամբ նման հետապնդումներին ի պատասխան, ինչը ինքնին ամոթալի է: Ընդհակառակը, իսրայելցի պաշտոնյաները վախկոտի պես ենթարկվում են Թուրքիայի ճնշումներին՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #16 (1187) 26.04.2017 - 02.05.2017, Տարածաշրջան