Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏ ԱՆԿՄԱՆ ԲԵՐԿՐԱՆՔԸ…



Պարաշյուտային թռիչքներ. շատերի համար սա ոչ միայն էքստրեմալ սպորտ է, այլև սեփական անձին և բնության օրենքներին նետված մարտահրավեր, ազատ թռիչքի մասին մարդու վաղեմի երազանքի իրականացում: Ռազմաավիացիոն համալսարանի ավիացիոն ֆակուլտետի կուրսանտների համար Արզնիի օդակայանում պարաշյուտային թռիչքներ իրականացնելը նախ և առաջ ուսումնական ծրագրի կարևոր և պարտադիր մասն է կազմում:

 

ԱԶԱՏ ԱՆԿՄԱՆ ԲԵՐԿՐԱՆՔԸ...Թռիչքադաշտում ուղղաթիռը պատրաստվում է թռիչքի: Եռուզեռ է. կուրսանտներն ու օդաչուները հանդերձավորվում են, վերջնական տեսքի են բերում իրենց պարաշյուտները, փորձառու հրահանգիչներն ստուգում և վերստուգում են ամրակցումները, մեկ անգամ ևս հիշեցնում անվտանգության կանոններն ու վայրէջքի ընթացքում գործողությունների հերթականությունը: Թռիչքների ժամանակ պարաշյուտիստների անվտանգության ապահովումը ամենակարևոր խնդիրն է:

Արզնի օդակայանի թռիչքային կենտրոնի պետ Սերգեյ Գալստյանը պարզաբանում է.

-Մեզ համար այս թռիչքների ընթացքում ամենապատասխանատու պահը հենց մեր օդաչուների և կուրսանտների բարեհաջող վայրէջքն է: Եթե մեկ ուրիշ զորատեսակի զինծառայող թռիչք կատարելիս վնասվածք ստանա, մեկ ամիս անց կարող է ազատվել գիպսից, շարունակել պարապմունքները: Աստված մի արասցե, եթե օդաչուական կազմից մեկը վնասվածք ստացավ, նրան չի թույլատրվի մեկ տարի թռչել:

Ուղղաթիռը հռնդյունով օդ է բարձրանում, առաջին շրջանը կատարում թռիչքադաշտի վերևով:

-Հիմա «Իվան Իվանիչին» են նետելու, չվախենաք,- ասում է հրահանգիչներից մեկը: «Իվան Իվանիչին», որն իրականում պարաշյուտին ամրացված ծանր պարկ է, նետում են ուղղաթիռից ցած՝ քամու ուղղությունն ստուգելու համար: «Իվանի» բարեհաջող «թռիչքից» հետո սկսում են երկու-երկու դուրս ցատկել մարզվողները: Օդում հերթով բացվում են սնկի գլխարկներ հիշեցնող սպիտակ պարաշյուտները, և րոպեներ անց տղաները բարեհաջող վայրէջք են կատարում նախանշված վայրում:

Ցատկելու պահից սկսած՝ հրահանգիչ Նիկոլայ Թադևոսյանը բարձրախոսով հրահանգավորում է. «Ա՛ջ թեքվիր, ոտքերդ միասին, այդպե՜ս, լավ է»: Աերոակումբի «հնաբնակներից» է:

-Պարաշյուտով ցատկում եմ 1975 թվականից՝ մի ամբողջ կյանք: Պարաշյուտը կնոջ նման է. պիտի անպայման սիրես, որ հետը մի ամբողջ կյանք ապրես,-կատակում է Նիկոլայ Թադևոսյանը: -Սա իմ կյանքի ՄԵԾ ՍԵՐՆ է: 8 տարի է, ինչ թոշակի եմ անցել, բայց՝ որպես քաղծառայող, պարաշյուտային հրահանգչի իմ աշխատանքը շարունակում եմ կատարել ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում: Մարդ կա՝ առաջին փորձից հետո էլ չի թռչում. ասում է` սա իմը չէ: Հենց հիմա այստեղ ներկա են մարդիկ, որոնք 3000-ից ավելի թռիչք են կատարել և նորից ու նորից ուզում են օդ բարձրանալ: Համոն, Լարիսան, մենք բոլորս 100 տարվա ընկերներ ենք՝ մի ընտանիք: Պարաշյուտը կարող եմ աչքերս փակ հավաքել` ձեռքերիս հիշողությամբ: Երբեմն պարաշյուտի կողքով անցնելիս կարծես զգում եմ, թե ոնց է կանչում. «Արի՛, քանդի՛ր ինձ»: Արդեն գիտեմ՝ ինչ-որ բան էնպես չի: Քանդելուց հետո տեսնում եմ, որ անսարքություն կա: Այս երևույթը բառերով չես բացատրի: Ինտուիցիա՜…,- խորհրդավոր ժպտում է Նիկոլայը: -Դեպքեր են եղել, երբ պարաշյուտս չի բացվել: Մի անգամ, օրինակ, 2200 մետրի վրա վարժություն կատարելիս ո՛չ հիմնական պարաշյուտս բացվեց, ո՛չ էլ պահեստայինը՝ խճճվել էին: Օդում դանակը հանեցի, կտրտեցի ու հասցրի վայրէջք կատարել: Ցածից դիտողները ապշահար էին, թե ինչպես հաջողացրի շտկել դրությունը եւ իջնել:  Չբացված պարաշյուտով 15 թռիչք եմ կատարել. սա կոչվում է «իՈւՉՈՑ ՊցւՈ»: Մարդ կա՝ գլուխ է գովում, թե 10 թռիչք ունի, ես էլ ասում եմ՝ գրեթե կրկնակի առանց պարաշյուտի եմ իջել»,- ուրախ ծիծաղում է:

-Հոգեբանորեն ամենադժվարը դուրս ցատկելու պահն է,- ասում է հրահանգիչ Արտակ Հակոբյանը,- մեկի մոտ մի քիչ ավելի դժվար է ստացվում տրամադրվելը, մյուսի մոտ՝ ավելի հեշտ, բայց վայրկյաններ անց բոլորն էլ վայելում են թռիչքի հաճույքը:

Կենտրոնում կան նաև կին հրահանգիչներ: Լարիսա Սարգսյանը, պատասխանելով իմ հարցին, թե ի՞նչն է գրավիչ դարձնում այս աշխատանքը, ասում է.

ԱԶԱՏ ԱՆԿՄԱՆ ԲԵՐԿՐԱՆՔԸ...-Երիտասարդ տարիքում իհարկե ռոմանտիկան: Իսկ հետո, թերևս, մարդկանց հետ աշխատելը, սովորեցնելը, այն գիտակցությունը, որ իմ գիտելիքը, փորձը կարող եմ փոխանցել հաջորդներին: Ուրախանում եմ՝ տեսնելով ուրիշների ոգևորությունը: Մեծ բավականություն է տեսնելը, թե ինչպես է քո պատրաստած կադրը աճում աչքիդ առաջ: Իսկ ինձ թռիչքների մեջ գրավում է ազատությունը՝ մտքի, մարմնի ազատության զգացումը: Այն, որ ինքդ քեզ կարողանում ես լիովին կառավարել: Օդում աշխատանքն ուրիշ է: Այստեղ պատահական մարդիկ չկան, մնում են նրանք, ովքեր իրենց կյանքը ընդմիշտ կապել են պարաշյուտային սպորտի հետ: Սա յուրատեսակ կապվածություն է: Այսօր էլ իմ՝ ոչ մարզական տարիքում աշխատում եմ հաճախ թռչել, որպեսզի ոգևորեմ երիտասարդներին: Թռիչքների հոգեբանական բաղադրիչը շատ կարևոր է. եթե քեզ վստահեն, կկատարեն բոլոր հրահանգներդ:

Այս դեպքում յուրահատուկ դեր է խաղում նաև կնոջ գործոնը:

-Երբ նոր անձնակազմ է գալիս, որդուդ նման ես ընդունում: Բացի այդ,  իմ որդին էլ է այժմ ծառայում, և ինքն էլ է հաճախ թռչում մյուսների հետ: Հենց տղաները տեսնում են, որ իմ որդուն հանգիստ սրտով թռիչքի եմ ուղարկում, ավելի մեծ եռանդով ու վստահությամբ են լցվում:

Զրուցելիս աչքս չեմ կտրում երկնքում իրար ետևից  բացվող պարաշյուտներից. հետաքրքիր է՝ ի՞նչ զգացողություններ, ի՞նչ ապրումներ է ունենում մարդը:

-Նախ և առաջ ինքնավստահություն է ձեռք բերում: Օդում դու մենակ ես. հույսդ միայն քեզ վրա կարող ես դնել: Պատասխանատու ես ինքդ քո և կողքինիդ համար: Ամեն թռիչքի հետ ավելի ու ավելի ինքնավստահ ես զգում քեզ, ու այստեղ թրծված որակները առօրյա կյանքում էլ շատ են պետք գալիս: Նույնիսկ այն տղաները, ովքեր ոչ մի փորձառություն չունեն, առաջին անգամ վայրէջք կատարելուց հետո դաշտից լիովին կերպարանափոխված են վերադառնում. աչքերում յուրահատուկ ծանոթ փայլ կա, քայլվածքում՝ վստահություն:

Ահա և թռիչքի պահը: Մոտ 1 կմ բարձրության վրա բացվում է ուղղաթիռի դուռը, կուրսանտներն իրենց հանձնում են ազատ անկման վայելքին: Նրանց 2-րդ կամ 3-րդ թռիչքն է:

Այդուհանդերձ, ռազմաօդային ուժերում կա մի մասնագիտություն, որին տիրապետողները հաճախ չեն օգտվում օդանավից դուրս ցատկելու հնարավորությունից: Այդ զինծառայողները օդաչուներն են…

Ռազմաավիացիոն համալսարանի 4-րդ կուրսի կուրսանտ, ապագա օդաչու Լևոն Գալստյանը, որ թռիչքի է պատրաստվում, պարզաբանում է, թե որն է պարաշյուտով թռիչքի ամենադժվար պահը:

-Դա այն պահն է, երբ սպասում ես թռչելու հերթիդ: Ուղղաթիռի դուռը բացվում է, ներսում գտնվողներն սկսում են պակասել: Երբ արդեն հերթը հասնում է քեզ, եւ մոտենում ես դռանը, գիտես, որ պետք է ցատկես, մի պահ մոռանում ես վախի մասին, գիտակցելով, որ միայն մի ճանապարհ կա՝ դեպի առաջ: Հաջորդը պարաշյուտը բացվելու պահն է, որը 3 վայրկյան է տևում, երբ ադրենալինը մաքսիմումի է հասնում: Հետաքրքիրն այն է, որ մի տեսակ «հաճելի վախի» զգացում ես ունենում: Եվ երբ այս երկու անհամատեղելի թվացող զգացողությունները միանում են, ստացվում է հենց այն, ինչը մարդիկ ապրում են «էքստրեմալ» իրավիճակում: Իսկ երբ արդեն պարաշյուտը բացվել է, սկսում ես մտածել գործողություններիդ հաջորդականության մասին՝ ոնց անես, որ ճիշտ իջնես, քամուն հակառակ իջնես, վայրէջքի պահին ոտքերդ ճիշտ դնես գետնին: Ես սիրում եմ պարաշյուտային թռիչքները: Բայց, ինչպես և իմ ընկերները, միշտ փորձում եմ պարաշյուտով թռիչքը մտովի չկապել վթարային թռիչքի հետ, քանի որ օդաչուն մինչև վերջին պահը պարտավոր է փորձել փրկել տեխնիկան: Եթե ինքնաթիռով թռել ես, ինքնաթիռով էլ պետք է իջնես:

♦♦♦

«Հիացմունք», «կյանքը բոլորովին նոր գույներով ես ընկալում», «թռիչքի աննկարագրելի զգացում». վախը հաղթահարելուց հետո իրենց զգացողություններն այսպես են նկարագրում ազատ թռիչքի հաճույքը ապրածները: Առաջին անգամ պարաշյուտով ցատկողներից շատերի համար այս պահը դառնում է երկնքի նկատմամբ մեծ սիրո սկիզբ, ու նրանք հետագայում ևս ձգտում են կրկին ու կրկին ապրել ազատ անկման սքանչելի զգացողությունը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (1187) 26.04.2017 - 02.05.2017, Ազգային բանակ


26/04/2017