Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐՆ Է ԱՅՍ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ



Վերիշենցի Մակար պապի ութսունը լրացավ հուլիսի 4-ին։ Չնայած պատկառելի տարիքին, աշխույժ է, եռանդով լեցուն, առավոտից իրիկուն աշխատանքի մեջ։

-Մեր գերդաստանն օրինակելի գերդաստան է։ Իմ հոր պապը՝ Օհանջանը, զինվորական է եղել ցարի ժամանակ,- մի պահ զոռ է տալիս հիշողությանը, ժպտում է բարի ու մի տեսակ զարմանում, որ չի հիշում, թե որ ցարի ժամանակ։ Հետո ձեռքը թափ տալիս, թե «հեսա կհիշեմ»։ -Օհանջանի հայրը Դաջունց է եղել։ Էլի զինվորական։ Օհանջանի միակ երեխան Գալուստն է եղել, նույնպես զինվորական։ Նրա երեխան Սարգիսն է եղել, էլի զինվորական գործի մեջ։ Սարգիսի երեխան էլ, տղա ջան, ես եմ՝ Մակարը, ես էլ եմ մայոր, բայց աստավկի։ Ես մի տղա ունեմ։ Բայց նա զինվորական չէ։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահրամ Գալստյանը։ Վահրամս երեք երեխա ունի՝ Գոռը, Գայանեն ու Վահագնը։ Վահագնը հենա Լուսակերտի ուսումնական զորամասում է ծառայում, էս քանի օրը զինվորական երդում պետք է տա։

-Այ Սերժիկ, մի ածի է, խմենք մեր զինվորանց կենացը,- հայրաբար կարգադրում է հորեղբոր տղային եւ հայացքը հառած Իշխանասարի սեգ գագաթին, ներս անում բաժակի պարունակությունը։

-Այ Մակար դայի, թթի օղին թունդ ա, գլուխդ կբռնի, ցավդ տանեմ,- փորձում է նրան համոզել սեղանակից ընկերը՝ Սամվելը։

-Բան էլ չի ըլի,- վճռական դեմքով պատասխանում է Մակար պապը, հետն էլ թե,- դուք տիրապետեք ձեզ։

Վերիշենում, նաեւ Գորիսում բոլորն են ճանաչում Մակար պապին, բոլորն են քաջատեղյակ նրա աշխատասիրությանը, ահռելի ֆիզիկական ուժին։ Այս տարիքում անգամ բահն ու գերանդին ձեռքից վայր չի դնում։

-Առավոտը վեր եմ կենում, կովը կթում, գերանդի եմ սրում, գնում խոտը հարում,- պատմում է Մակար պապը եւ շարունակում.- գյուղի վաթսուն տարեկանը հենա հանդում բանում ա, իսկ քաղաքի նրա հասակակիցը բուլվարում կամ բիսետկում նստած թուղթ ա խաղում, շաշկի, շախմատ կամ էլ նարդի։ Գյուղի վաթսուն տարեկանը աշխատում է, քաղաքի 60 տարեկանը՝ պարապությունից տանջվում։ Կյանքում մի անգամ էլ հուսահատ եղած չեմ։ Ցանկությունս էնա, որ խաղաղությունը հաստատուն լինի, էս մեր ջահելտինքն էլ անփորձանք լինեն, աշխատանք ունենան, ընտանիք ստեղծեն, երեխեք ունենան։ Մեր կողմերում առաջի՞ն անգամ ես լինում, ի՞նչ գործով ես եկել, չլինի՞ չաստում գործ ունես…

Պատասխանում եմ, որ առաջին անգամ չեմ լինում, ոչ միայն Վերիշենում, այլեւ Սյունիք-Զանգեզուրում, որ նաեւ լավ գործով եմ եկել։

Մակար պապի բռունցքը կարծես մի հսկա մուրճ լինի։

-Որ ցլի ճակատին խփեց` տեղում կչոքի։ Չետվերը գիտե՞ս,- հարցնում է Սերժիկը,- փորից բռնում ա ու ստականները լցնում։

-Յեշի,- ընկերոջն ընդհատում է Սամվելը ու ինձ ցույց տալիս այն մեխի չափը, որ ձեռքի ափով Մակար պապը 4 սմ մտցրել է փայտի մեջ։

-Կոլյա Նավթալյանի մասին լսե՞լ ես,- հետաքրքրվում է Մակար պապը։

-Ինչպես չէ, տղաներին անձամբ ճանաչում եմ, իսկ փոքր որդին՝ Արմենը, ընկերս է։

Շոգից նեղվելով փափախը հանում է, մազերը ձեռքով ուղղում ու շարունակում պատմությունը ժամանակին մեծ հռչակ վայելած հսկա Կոլյա Նավթալյանի ու իր մասին։

-Էդ տարի Նավթալյանը եկավ մեր գյուղ, կշռաքարերով «համերգ» տվեց։ Համերգի ժամանակ մի հատ մեծ մեխ վերցրեց ու ձեռքի ափով 5 սմ մխեց փայտի մեջ այնպես, որ տակուն դյուրս եկավ։ Դահլիճը գյոռաց՝ «Մակար, գնա մի հատ թխի, որ տախտակի տակովը դյուրս գա։ Գնացի ու մեխը այնպես թխեցի, որ տախտակի տակով դյուրս եկավ։ Նավթալյանին շատ դուր եկավ արարքս եւ ինձ առաջարկեց իր մոտ աշխատել։

-Եկեք խմենք երեխոնց կենացը՝ Սարգիսի կես տարեկան ծռլանգի՝ Սարգիսի գլխավորությամբ,- առաջարկում է ութսունամյա Մակար պապը։ -Մեր գերդաստանի մեջ զինվորականներ շատ են եղել։ Զինվորական գործը մերոնք պաշտել են։ Ես մի ժառանգ ունեմ, նա` երկուսը։ Թոռներիս խրատում եմ շատ երեխեք ունենան… Թող զինվորներ շատ ծնվեն։ Մեր հող ու ջրին, հանդ ու ձորին տեր ու պաշտպան է պետք, իսկ հայ զինվորից քաջ ու սրտացավ տեր ու պաշտպան չկա։ Զինվորն է այս երկրի տերը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Ճակատագրեր


27/07/2011