Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ



ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախարարության վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարը տեղեկացրեց, որ պաշտպանական գերատեսչությունն ակտիվ աշխատում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի շուրջ` մինչեւ 2019թ. ավարտը ամբողջությամբ լուծել զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրը: Նախագահի երկրորդ հանձնարարականի՝ սպաների բնակարանային ապահովման մասին Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ այսօր ծառայող 1200 սպաներ բնակվում են ՊՆ ծառայողական բնակֆոնդում եւ չունեն սեփականության իրավունք իրենց բնակարանների նկատմամբ. «Առաջիկայում շատ արագ իրականացվելու է սեփականաշնորհման գործընթացը: Մինչեւ տարեվերջ աշխատանքները կավարտվեն բնակարանների կեսի դեպքում»:

Իր ներկայացրած «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի առնչությամբ նախարարն ասաց, որ դրանք առաջարկվել են որպես հանրային քննարկման առարկա, եւ եթե քննարկումների արդյունքում պարզ դառնա, որ այդ ծրագրերն անհրաժեշտ չեն, ուրեմն կշարունակեն փնտրել այլ եղանակներ: Պաշտպանության նախարարը շեշտեց, որ «Ես եմ» ծրագրի նպատակը առաջնագծում ծառայողի կարգավիճակը այլ զինծառայողների կարգավիճակից տարբերակելն է: Շեշտը դրվում է այդ բարդ ծառայությունը կամավոր ընտրելու մոտեցման վրա. «Զինված ուժերի նկատմամբ հանրային վստահության աճը ուղղակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, թե քաղաքացին որքանով է ազատ իր ծառայության տեսակի հետ կապված որոշումներ կայացնելիս: Ներկայացված ծրագրերը որեւէ ձեւով չեն ավելացնում բանակում ծառայողների թիվը: Մենք ընդամենը նույն զորակոչային տարիքի երիտասարդներին առաջարկում ենք այլընտրանք, տալիս ենք ընտրության հնարավորություն: Ի դեպ, ծառայության կիրառվող մոդելը որեւէ մեկը չի պատրաստվում հանել: Ավելին՝ մենք չենք պատրաստվում երկարացնել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը: Առաջարկվող ծրագրերը չեն ենթադրում քաղաքացու իրավունքի որեւէ փոփոխում, պարտավորության բեռի ավելացում: Այդ ծրագրերն ընդամենը եղած զորահավաքային ու զորակոչային ռեսուրսի ավելի արդյունավետ կառավարմանն ուղղված միջոց են»:

Մյուս՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը բուհերում տարկետման իրավունքը վերածում է մրցունակ փոխհատուցմամբ սպայական ծառայության: Նախարարն ասաց, որ երկու ծրագրերն էլ սոցիալական առանձին բաղադրիչներ ունեն, որոնք դեռ պետք է քննարկվեն: Նախարարը հերքեց հանրության շրջանում հնչող մտահոգությունները, թե նմանատիպ ծրագրերով Հայաստանը հրաժարվում է խաղաղությունից եւ գնում է հասարակությունը ավելի ռազմականացնելու ճանապարհով. «Հայաստանը խաղաղությունից երբեք չի հրաժարվել, մենք շարունակում ենք մնալ խաղաղության ջատագով եւ վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի: Սակայն, անկախ ամեն ինչից, մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»: Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ երկու ծրագրերն էլ նախնական փուլում են,  եւ վերջնական հաշվարկներ անելը դեռ վաղ է, սակայն երկու ծրագրերի ֆինանսավորման աղբյուրները հստակ են. ««Պատիմ ունեմը» եղած սպայական հաստիքների մասին է եւ չի նախատեսում նոր դրույքներ: «Ես եմ» ծրագիրը մեծ արդյունավետության դեպքում հնարավոր է հավելյալ ֆինանսավորման աղբյուրներ պահանջի»: Լրագրողները չբացառեցին, որ «Ես եմ» ծրագրի իրականացման դեպքում մեծ թիվ կկազմեն սոցիալապես անապահով ընտանիքներից դեպի առաջնագիծ ձգտողները: «Չեմ կարծում, որ առաջարկը կհետաքրքրի միայն այդ խավի երիտասարդներին: Եթե հասարակությունն ասի, որ ծրագիրը պետք չէ, որովհետեւ հանկարծ կարող է սոցիալական անարդարության նոր ընկալում ստեղծել, չենք իրականացնի, կշարունակենք ծառայել այնպես, ինչպես մինչ այժմ»,-նկատեց Վիգեն Սարգսյանը: Ծրագրերի շուրջ քննարկումները, ըստ նախարարի, կամփոփվեն մինչեւ աշուն:

Խոսելով զոհված եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության հիմնադրամի մասին՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ հիմնադրամի կայքէջը թույլ է տալիս հետեւելու յուրաքանչյուր օրվա մուտքերին. «Այս պահին կատարվել է երկու զոհված զինծառայողի ընտանիքի փոխհատուցում, նրանք բացի միանվագ գումարից կստանան նաեւ ամսական վճար: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ եւս երկու կամ երեք ընտանիքներ կսկսեն վճարվել: Որեւէ զոհվածի կամ վիրավորում ստացածի ընտանիք առանց պաշտպանության նախարարության ուշադրության չի մնացել ու չի մնալու»,-եզրափակեց նախարարը:

Խորագիր՝ #16 (1187) 26.04.2017 - 02.05.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/04/2017