«ԱԶԳ-ԲԱՆԱԿ 2017». ԱՐՄԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Պաշտպանության նախարարությունը կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 20-ին կազմակերպել էր «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, պաշտպանական եւ կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկներ, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Պաշտոնատար անձինք շրջել են համաժողովի շրջանակներում բացված ցուցահանդեսի տաղավարներում, զինվորական դաշտային խոհանոցում, դիտել են առանձին հարթակներում ներկայացված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նմուշները, ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակները, ծանոթացել կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատությունների ներկայացրած ծրագրերին, արձանագրած հաջողություններին:
Վտանգի պահին մենք դառնում ենք ազգ-բանակ
Համաժողովի մեկնարկը տրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով. «Պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը մեր հասարակության մեջ: Այսօրվա համաժողովն էլ մի միջոց է՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը մեր զինված ուժերի հետ»:
Նախագահը վստահ է՝ համաժողովի ընթացքում քննարկված նոր նախաձեռնությունները, տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն նոր սերնդի հրամանատարների, մտավորական սպաների ամուր առանցք ձևավորելու համար. «Մենք պետք է վերանայված քաղաքականությամբ, հետևողական քայլերով շարունակենք ամրապնդել մեր հասարակության հարգանքն ու սերը դեպի հայոց բանակը»:
Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել, հատուկ հոգատարություն ցուցաբերել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների, ինչպես նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ. «Ես արդեն հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որ անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի՝ զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը»,-ընդգծել է հանրապետության նախագահը:
Երկրի ղեկավարը նշել է, որ բանակն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ ամրապնդել տիրոջ զգացումը, քանի որ «Առանց վճռական տիրոջ, առանց հայրենի հողին կառչած կանանց ու տղամարդկանց հնարավոր չէ որևէ հայրենասիրական դաստիարակություն: Միայն այդպիսի սեփականատիրոջ զգացումով տոգորված կանայք ու տղամարդիկ են ունակ դաստիարակելու զավակներ, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, իրենց հողին ու իրենց ջրին: Նման մարդկանց հայրենասիրության կոչեր ու քարոզներ կարդալ պետք չէ: Նրանք անմիջապես զգում են վտանգը և անհրաժեշտության դեպքում ոտքի են կանգնում՝ իրենց տունը, իրենց երկիրը պաշտպանելու համար»:
Եզրափակելով իր խոսքը` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ. «Ահա սա՛ է մեր երկրի տերերի, երկրի մշակների և երկրի պաշտպանների հայեցակարգը»:
Նոր ծրագրեր` նոր հնարավորություններ
«Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նոր ծրագրերը: Նախքան օրենսդրական ձեւակերպում ստանալը նախագծերի նպատակահարմարությունը կդառնա համակողմանի մասնագիտական քննության ու հանրային լայն քննարկման առարկա:
Ինչպես շաղկապել բուհական տարկետումն ու ապագա սպայական ծառայությունը
«Պատիվ ունեմ» նախագծի նպատակն է շաղկապել բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հայկական բանակը մշտապես կարիք ունի բանիմաց և հմուտ սպայական կազմի. «Մեծաթիվ բանակին անհրաժեշտ են մեծ թվով կրտսեր սպաներ, որոնք կծառայեն դասակ-վաշտ օղակում: Նույնիսկ ցանկալի է, որ այդ օղակում ծառայող հրամանատարները, ունենալով անհրաժեշտ ռազմական կրթություն, գան տարբեր միջավայրերից, քաղաքացիական ամենատարբեր մասնագիտությունների տեր լինեն: Նրանք իրենց հետ զինված ուժեր կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ»,-ասել է նախարարը: Նաև հավելել է, որ այսօր բուհական տարկետումների համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներ: Իսկ բուհերի ընդունելության քննությունները, բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա՝ ողջ աշխարհում աշխատանքային փորձի ձեռքբերմամբ ընդհատվող ցիկլը մեզանում դարձել է չընդհատվող ուսումնական ընթացք, որին հետևում է թեկնածուական ատենախոսության հապճեպ պաշտպանությունը՝ ժամկետային ծառայությանը մեկընդմիշտ հրաժեշտ տալու հեռանկարով:
«Պետական հավատարմագրում ունեցող բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու նոր ծրագրում ընդգրկվելու համար՝ մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) դառնալով սպայի կոչմանը հավակնող թեկնածու: Սովորելով քաղաքացիական բուհում՝ այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ, յուրաքանչյուր շաբաթ օր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցնում են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայության զինված ուժերում: Ծառայությունը կազմակերպվում է հաշվի առնելով քաղաքացիական մասնագիտությունը, բայց բոլոր դեպքերում՝ առաջին կարգի զորամասերում (առաջնագծում): Այդպիսով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին՝ միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում, մրցունակ աշխատավարձով, որը կկազմի ամսական առնվազն 260 հազար դրամ: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մասնագիտական կրթությունը»,-մանրամասնել է Վիգեն Սարգսյանը:
Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաներում հաղթող ճանաչված ուսանողներին. «Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմաարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները: Նրանց կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ՝ հնգամյա պայմանագրեր»: Նախարարի խոսքով՝ ծրագրի կարևոր արդյունքներից կլինի նաև լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: «Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ՝ առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ: Այսպիսով՝ տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բանակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի, իսկ պետությունը դրա դիմաց առաջարկում է փոխհատուցման շոշափելի փաթեթ»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը:
5 մլն դրամ՝ 3 տարի ծառայող զինվորին
Ըստ «Ես եմ» նոր նախագծի` այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն անցկացնելու մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային-պայմանագրային: «Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով. մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս»,- նշել է նախարարը:
Զորակոչվելուց հետո, 5 ամիս տևողությամբ ուսումնական փուլ անցնելով, զինվորը կանցնի հիմնական ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում: «Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս զինվորին կվճարվի որոշակի գումար՝ արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում. սուբսիդավորված հիփոթեքային ծրագրով ձեռք բերել մատչելի բնակարան, ստեղծել մինի-ֆերմա` ձեռք բերելով փոքր ջերմոց կամ փոքր գյուղտեխնիկա կամ էլ փոխհատուցել ուսման վարձը»,- ներկայացրել է Վիգեն Սարգսյանն ու հավելել, որ երեք նպատակային ծրագրերն էլ միտված են հնարավորություն տալու ծառայած երիտասարդին Հայաստանում կառուցելու իր ապագան, երկարատև ծրագրերի միջոցով խորացնելու իր կապը երկրի հետ:
Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայիս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: «Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է առաջնագծում դառնալ գերակշռող»,-ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Մեր երկիրը չունի թիկունք եւ սահման, առաջին կամ ետին գիծ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, կարևորելով «Ազգ-բանակ» ազգային նախաձեռնության հիմքում դրված գաղափարը, ընգգծել է, որ քայլ առ քայլ գնում ենք կարգախոսի իրականացմանը. «Այսօր ունենք բանակ-դպրոց ամուր կապ, հայրենասիրական կրթության քաղաքականությունն իրականացնող ամբողջական պրոֆեսիոնալ համակազմ: Հասել է պահը, որպեսզի խոսենք շատ ավելի մեծ, առավել հավակնոտ մյուս փուլին անցնելու անհրաժեշտության մասին: Ես վստահ եմ, որ մենք պետք է քննարկենք ոչ թե կատարվածը, այլ այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք խանգարում են մեծ գաղափարի իրականացմանը»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ու նաև տարածաշրջանի զարգացումներն ուղղակի պահանջում են նոր մտածողություն: «Մեր երկիրը չունի այլևս թիկունք, սահման, առաջավոր կամ ետին գիծ: Սա, նախևառաջ, պետք է հասկանան կրթական համակարգի պատասխանատուները»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը:
Համաժողովը շարունակվել է մասնագիտական քննարկումներով` ազգ-բանակ անվտանգության բանաձևի շուրջ իրենց տեսակետներն են ներկայացրել գիտնականները, զինվորականները, քաղաքական գործիչներն ու փորձագետները:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #16 (1187) 26.04.2017 - 02.05.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում