ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
1915 թվականի Մեծ Եղեռնից 102 տարի է անցել, սակայն այսօր էլ հիշում և պահանջում ենք անցած դարի մեծագույն ոճրագործություններից մեկի ճանաչումն ու դատապարտումը: Դրա վկայությունն ապրիլի 24-ին հանրապետությունում անցկացվող համազգային ոգեկոչման միջոցառումներն են: Պահանջատիրության և անմեղ զոհերի հիշատակման անհրաժեշտությունը օրերս ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում միավորել էր զինծառայողներին և շրջակա դպրոցների աշակերտներին:
Իրենց ոգեշունչ ասմունքով, երգերով և սրտառուչ խոսքերով հուշ-ցերեկույթի մասնակիցները մեկ անգամ ևս հավաստեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող հետևողական քայլերի կարևորությունը:
Զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Հակոբյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «102 տարի առաջ Օսմանյան կայսրությունն իրականացրեց պատմության մեջ ամենադաժան ցեղասպանությունը. մեկ ու կես միլիոն հայեր զոհ գնացին թուրքական յաթաղանին: Ազգը զրկեցին մտավորականներից, զինվորականներից, ինքնապաշտպանության ցանկացած հնարավորությունից: Այժմ մենք ունենք հզոր զինված ուժեր, որոնք պատվով են իրականացնում երկու հայկական պետությունների ժողովրդի և անկախության պաշտպանության գործը: Մենք պետք է պահանջատեր լինենք, որ պատմական արդարությունը վերականգնվի»:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին Մեծ Եղեռնի 100-ամյակի առթիվ զորամասում կանգնեցված խաչքարի առջև, հավաստեցին այդ ոճրագործության ճանաչման առումով հետևողական և պահանջատեր լինելու իրենց պատրաստակամությունը:
Աշակերտուհի Ալիսա Ղազարյանը, որի հուզական երգը առիթ ունեցանք լսելու, նշում է. «Մի քանի անգամ պատիվ եմ ունեցել երգելու այս զորամասում: Այսօր կատարեցի Կոմիտասի «Անտունին»: Եղեռնը, քառօրյան…իմ կարծիքով՝ սա այն ազգը չէ, որ կարող է կորչել: Երբ տեսնում ենք մեր ազգի հաջողությունները, առաջընթացը, հասկանում ենք, որ ուղղակի Աստծու պահապան աջի ներքո: Եղեռնը մեզ ցույց տվեց, որ պետք է միասնական լինենք՝ հաղթելու համար:
Լուսինե Սաֆարյանն իր հերթին ասում է.
– Մոնթեին, Հրայրին, Նժդեհին, Գևորգին, մյուս քաջերին այժմ փոխարինելու են եկել մեր ազգի նոր հերոսները: Նրանք շատ են, բայց կառանձնացնեմ այն մարտիկների անունները, որոնք մեկընդմիշտ մխրճվել են սրտիս մեջ…Ադամ Սահակյան, Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան: Հայի հպարտությունը թույլ չտվեց, որ այս տղաները հանձնվեն, երկնչեն մահվան վտանգի առջև: Հպարտ եմ, որ ունենք նման տղաներ, և վստահ եմ, որ նրանց օրինակը շատերին է այսօր ոգեշնչում:
Ք. Թ.
Լուս` Արեգ Վարդանյանի
Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ