Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՔԵԶ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ՕՏԱՐՆԵՐԸ



2004թ. ապրիլին իտալական հայտնի «Ռիցցոլի» հրատարակչությունը հրատարակեց ծագումով հայ իտալացի գրող, Պադուայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպը։ Վեպը պատմում է 20-րդ դարի սկզբներին Անատոլիայում ապրող մի հայ ընտանիքի ողբերգության մասին։ «Սա իմ ընտանիքի պատմությունն է։ Նրանց կյանքը եւ երազները անավարտ մնացին։ Ես գրքում ուզում եմ լսելի դարձնել նրանց ձայնը»,- խոստովանել է Արսլանը։ Արյան կանչը, ըստ հեղինակի, իր մեջ խոսեց, երբ կարդաց Դանիել Վարուժանի ստեղծագործությունները. «Հատիկ-հատիկ արթնացան մանկության հիշողություններս, պապիս պատմությունները, հայկական եկեղեցու արարողությունները…»։

Ու ցեղասպանությունից մազապուրծ եղած հայի երրորդ սերունդը գրեց այդ ողբերգության մասին, գրեց առանց խտացնելու գույները։

Վեպն աննախադեպ հաջողություն ունեցավ, բազմիցս վերահրատարակվեց, թարգմանվեց եւ տպագրվեց Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։ «Արտույտների ագարակը» վեպը բազմաթիվ մրցանակների է արժանացել։

Ի դեպ, Ա. Արսլանին հրատարակության է պատրաստել նաեւ Հայոց ցեղասպանության մասին «Մեծ եղեռն. հայերի ցեղասպանությունը» հատորը եւ Իտալիայում հանգրվանած ցեղասպանության ականատեսների վկայությունների՝ «Հուշեր. հայ վերապրյալների իտալական ձայները» ժողովածուն։

2005թ. իտալացի կինոռեժիսոր Տավիանի եղբայրները «Արտույտների ագարակը» վեպի հիման վրա ֆիլմ նկարահանեցին, որն առաջին անգամ ներկայացրին 57-րդ Բեռլինյան կինոփառատոնում։

«Եղեռնին նվիրված սակավաթիվ ֆիլմերի մեջ սա առաջինն է, որ հայերը չեն նկարահանել։ Ատոմ Էգոյանի, Անրի Վեռնոյի հայտնի ֆիլմերը հրաշալի են, բայց այստեղ ցեղասպանությունը հպանցիկ է հիշատակվում, իսկ Տավիանի եղբայրների ֆիլմն ամբողջովին նվիրված է հենց ցեղասպանությանը»,- նշում է Անտոնիա Արսլանը։

Ֆիլմը դիտելիս, պետք է խոստովանել, որ նույնիսկ չես էլ հավատում, որ այն օտար մարդիկ են նկարել. ցավի, ողբերգության խորությունը պետք է սեփական մաշկիդ վրա, հոգուդ մեջ զգաս, որ այդքան համոզիչ ու իրական ֆիլմ ստեղծես։ Ֆիլմում հնչող դուդուկահար Գ. Դաբաղյանի նվագը՝ Հռոմի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, է՛լ ավելի է շեշտում պատկերների ողբերգականությունը։ Տավիանի եղբայրները ստեղծեցին մի ֆիլմ, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանությունը ողջ Եվրոպայում։

Նրանք բազմաթիվ ահազանգեր են ստացել Իտալիայում Թուրքիայի դեսպանատնից։ Մի հետաքրքիր փաստ եւս. Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ կատարվել են ֆիլմի նկարահանումները, այն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլը անձամբ է հայտնվել, հետաքրքրվել է ֆիլմով, փորձել խոչընդոտել։ Սակայն ոչինչ չխանգարեց Տավիանի եղբայրներին։ «Բեռլինի կինոփառատոնից հետո բազմաթիվ թուրք հանդիսատեսներ դժգոհեցին. մեզ մեղադրեցին փաստերը խեղաթյուրելու համար։ Բայց բոլոր բացասական արձագանքները ոչինչ էին հիացական եւ շնորհակալական գնահատականների համեմատությամբ»,- ասում է Վ. Տավիանին։

«Մեր ֆիլմը հակաթուրքական ակցիա չէ,- նշում են Տավիանի եղբայրները,- ընդհակառակը, մեր ֆիլմն այն թուրքերի օգտին է, ովքեր ուզում են պարզաբանել հարաբերությունները իրենց սեփական պատմության հետ։ Մենք հուսով ենք, որ Թուրքիան վաղ թե ուշ կընդունի իր անցյալը։ Վստահ ենք նաեւ, որ կգա այն օրը, որ մեր ֆիլմը կցուցադրվի թուրքական դպրոցներում, որպես պատմությունը լուսաբանող պատկերներ։ «Արտույտների ագարակը» ֆիլմը կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու խաղաղության հաստատմանը»։

Ֆիլմի 10 միլիոնանոց բյուջեում ներդրում են կատարել Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Բուլղարիան (Գերմանիան հրաժարվեց, երբ սկսվեցին ճնշումները), Եվրամիությունն էլ մոտ 1 մլն ներդրեց՝ կարեւորելով ֆիլմի պատմական նշանակությունը։

«Հայ ժողովուրդը դեռ սպասում է արդարադատությանը». այս խոսքերով է ավարտվում «Արտույտների ագարակը» ֆիլմը։

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Մայոր

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Հոգևոր-մշակութային


27/07/2011